Թեմ
Հրապարակված է: 01/26/2018
2018 թվականի հունվարի 12-14-ը Սան Դիեգոյի Սբ Հովաննու Կարապետ Եկեղեցում տեղի ունեցավ Եկեղեցասիրաց Երիտասարդաց Միության տարեկան 69-րդ համագումարը՝ ԱՄՆ Արևմտյան Թեմի բարեխնամ առաջնորդ Տ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի նախագահությամբ։ Համագումարին մասնակցում էին պատգամավորներ Թեմիս տարբեր ծուխերի երիտասարդաց միություններից։
Իր ողջույնի և օրհնության խոսքում Սրբազան Հայրը հորդորեց երիտասարդներին ապրել իրենց կյանքը հոգևոր արժեքներով, քանի որ եկեղեցու երիտասարդաց կազմակերպությունը հոգևոր կառույց է, և նրան անդամակցող ամեն մի երիտասարդ պետք է դառնա Աստուծո խոսքի քարոզողը և ապրող ու շնչող ավետարանը մեր Տեր Հիսուս Քրիստոսի։ Սրբազան Հայրը երիտասարդներին հիշեցրեց նաև, որ 2018 թվական ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես երիտասարդությանը նվիրված տարի և հորդորեց նրանց խումբերով միանալ կազմակերպվող ուխտագնացություններին դեպի Մայր Հայաստան և Սբ Էջմիածին:
Տ Մարտիրոս քահանա Չևյանը, որը Սբ Ներսես ընծայարանի տեսուչն է, երիտասարդներին ներկայացրեց ընծայարանի ծրագրերի և կատարված աշխատանքի ու առաքելության մասին համապարփակ զեկույց։ Տեր հայրը տեղեկացրեց, որ 2018 թվականի հունիս ամսին Սբ ներսես ընծայարանում տեղի կունենան ամառային համաժողովներ:
Քրիստոնեական Դաստիարակության բաժնի ատենապետուհի Գեյլ Չելեբյանը, ներկայացնելով կիրակնօրյա դպրոցների ծրագրերը կարևորեց նաև համագործակցությունը երիտասարդաց և կիրակնօրյայի աշակերտների միջև:
Մանրամասն ներկայացում եղավ նաև CYMA-ի առաջիկա ծրագրերի մասին:
Սևակ Տերտերյանը, իբրև երգչախումբերի պատասխանատու երիտասարդական հավաքույթների ժամանակ, նրանց սովորեցնում է շարականներ Սբ Պատարագից:
Ավելի մանրամասն կարող եք ընթերցել հաղորդագրության անգլերեն տարբերակում: