Թեմ
Հրապարակված է: 01/19/2018
Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների համար ավանդույթ է դարձել տարեվերջյան հանդեսներով հաշվետվություն տալ հայ համայնքին կատարված ազգապահպան աշխատանքների մասին: Հատկանշական էր նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների ընթացքում տեղի ունեցած տոնակատարություններն ու հանդիպումները: Դպրոցների բեմերից հնչեցին մեր մայրենիով հայրենաշունչ բանաստեղծություններ, երգեր ու աղոթքներ։ Այս փաստը լավագույն ապացույց էր Հայրենիքից հեռու, Սփյուռքի այս տարածքում, ուր գոյություն ունեն իրարամերժ արժեքներ, Հայ դպրոցը և հայ ուսուցիչը կարողացել են մեր երիտասարդ սերունդին տալ հայրենասիրության կրակը և հայ լինելու հպարտությունը:
Աննախընթաց երևույթ էր Լոս Անջելոսի շրջանում գտնվող դպրոցների մոտ վեց հարյուր աշակերտների և ուսուցիչների հավաքը՝ Սրբոց Ղևոնդյանց մայր տաճարում՝ հանդիպելու և ողջունելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Նրանց մանկական սրտաբուխ երգերն ու արտասանությունները հիացմունք պատճառեցին Հայոց Հայրապետին։
Արևմտյան թեմը ունի տասնհինգ շաբաթօրյա դպրոց ոչ միայն Լոս Անճելոսում այլև Կալիֆորնիայի տարբեր քաղաքներում՝ Սակրամենտո, Ֆրեզնո, Սան Դիեգո, Լաս Վեգաս, Սան Ֆրանցիսկո, Փորթլանդ Օրեգոն, ուր հայ երիտասարդ սերունդը սովորում է մեր լեզուն, մշակույթը, կրոնը, երգը, պարը, մեր ազգային արժեքները, հայրենասիրության առաքինությունը՝ հարատև պահելու Հայ ինքնության կրակը: Այս ազգապահպան աշխատանքը ձեռնարկել է շաբաթօրյա վարժարանների գիտխորհուրդը՝ Արևմտյան Թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հովանավորությամբ:
Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցներն առաջնորդվում են հայոց լեզվի, հայ գրականության, պատմության, կրոնի և մշակույթի համապարփակ ուսումնական ծրագրով։ Այն հիմնված է Կալիֆորնիա նահանգի կողմից սահմանված լեզուների դասավանդության հիմնական չափանիշների վրա: Ծրագրի աղբյուրներն են հայերենի ու գրականության տեղական և հայրենական տպագրության դասագրքերը, հայոց պատմության, հայ մշակույթի, հայրենագիտության և արդիական հարցերի շուրջ առկա նյութեր և զանազան տեսա-լսողական միջոցներ: Մանկավարժական նոր մոտեցոմներին հաղորդակից դարձնելու համար, յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին, թեմակալ առաջնորդի հովանավորությամբ դպրոցների Ուսումնական գիտխորհուրդը կազմակերպում է շաբաթօրյա դպրոցների ուսուցիչների վերապատրաստման աշխատանիստեր:
Հարգա՛նք հայ դպրոցին և հատկապես հայ ուսուցչին, որն իր կյանքը նվիրում է երիտասադ սերունդի հայակետման գործին: Ուսուցիչն է, որ իր կրթական մշակի եւ իր մարդկային արժանիքներով գտնվում է բարձրունքի վրա, ուր կարելի է հասնել, եթե նա ջերմ սիրտ ու նվիրում ունի, և իր նվիրումն ու սիրտը տվել երիտասարդ սերունդի հայեցի կրթության և դաստիարակության գործին: Փա՜ռք ու պատիվ բոլորին:
Շնորհակալություն բոլոր դպրոցների տնoրեններին և ուսուցչական կազմին իրենց կատարած մեծ աշխատանքի համար, բեմերից համայնքին ներկայացված հանդեսների համար, ուր ներկա է մեր Հայրենիքը, Արցախի զինվորը, մեր աղոթքը, բանաստեղծը, երգն ու պարը: Շնորհակալություն նաև մեր ծնողներին որոնք սատարում են հայ դպրոցը՝ որպես մի կտոր հող և շունչ մեր Հայրենիքից:
Դոկտ. Էլլի Է. Անդրեասյան,
Շաբաթօրյա Դպրոցների գիտխորհուրդի ատենապետ