Նվիրաբերել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Այցելեց Ռ. Եօլեանի Արիւնաբանական Կենտրոնում Բուժուող Մանուկներին

Թեմ

Հրապարակված է: 01/05/2018


Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ռ. Եօլեանի արիւնաբանական կենտրոնում բուժուող մանուկներին

Յունուարի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելեց ՀՀ ԱՆ Ռ. Եօլեանի անուան արիւնաբանական կենտրոն՝ Ս. Ծննդեան տօնի առիթով իր շնորհաւորանքներն ու օրհնութիւնը բերելու կենտրոնում բուժուող մանուկներին։

Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Երեւանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշաւան եպիսկոպոս Ժամկոչեանը, Մայր Աթոռի Սոցիալական ծառայութիւնների գրասենեակի տնօրէն Արժանապատիւ Տ. Մարկոս քահանայ Մանգասարեանը եւ կենտրոնի այցելու հովիւ,  Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու  հոգեւոր սպասաւոր Արժանապատիւ Տ. Առնակ քահանայ Յարութիւնեանը։

Ամենայն Հայոց Հայրապետին մուտքի մօտ դիմաւորեցին կենտրոնի տնօրէն բ.գ.դ., պրոֆէսոր Սմբատ Դաղբաշեանը եւ կենտրոնի ղեկավար կազմը։ Նորին Սրբութիւնը պրոֆէսոր Ս. Դաղբաշեանի ուղեկցութեամբ շրջայց կատարեց Արիւնաբանական կենտրոնում, ծանօթացաւ կենտրոնի պայմաններին եւ արդիական սարքաւորումներով յագեցուածութեանը։

Այնուհետեւ Վեհափառ Հայրապետն այցելեց մանկական խաղասենեակում հաւաքուած մանուկներին եւ նրանց ծնողներին՝ շնորհաւորելով Նոր Տարուայ եւ մեր Տիրոջ Սուրբ Ծննդեան յուսանորոգ տօների առիթով։ Գարեգին Բ Կաթողիկոսը, խօսելով Սուրբ Ծննդեան խորհրդի մասին, ընդգծեց, որ Աստուած իր սէրը եւ առատ շնորհները բոլորին է բաշխում ըստ իրենց կարիքների՝ պայծառակերպելով ամէնքի կեանքը։ Վեհափառը յորդորեց փոքրիկներին այդ հաւատով ու յոյսով լցուել եւ մաղթեց շուտափոյթ ապաքինուելով՝ վերադառնալ իրենց բնականոն կեանքին։

 

Կենտրոնի տնօրէնն իր հերթին շնորհակալութիւն յայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին այցի առիթով՝ կարեւորելով Եկեղեցու եւ կենտրոնի միջեւ ձեւաւորուած գործակցութիւնը եւ պարբերաբար ցուցաբերուող աջակցութիւնը։ Պրոֆէսոր Ս. Դաղբաշեանը ընդգծեց այցելող հոգեւորականների օգտակար ծառայութիւնը եւ բարերար ազդեցութիւնը կենտրոնում բուժում ստացող մանուկների կեանքի վրայ։

Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը զրոյց ունեցաւ բժիշկների հետ։ Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց նրանց նուիրեալ ծառայութիւնը եւ շնորհակալութիւն յայտնեց մանուկների նկատմամբ ցուցաբերուող հոգատարութեան համար։ Նորին Սրբութիւնը կենտրոնի տնօրինութեանը եւ բժշկական անձնակազմին մաղթեց Աստծոյ զօրակցութիւնն իրենց դժուարին առաքելութեան մէջ։

Տօնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը մանուկներին ընծայեց խաչեր, Մանկական Աստուածաշնչեր եւ այլ նուէրներ՝ Մայր Աթոռի կողմից նիւթական աջակցութիւն ցուցաբերելով նաեւ նրանց ընտանիքներին։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները