Նվիրաբերել

Հովուապետական Այցի Առիթով Տեղի Ունեցաւ Պաշտօնական Ճաշկերոյթ

Թեմ

Հրապարակված է: 10/31/2017


Հովուապետական Այցի Առիթով Տեղի Ունեցաւ Պաշտօնական Ճաշկերոյթ

Հոկտեմբերի 29-ի երեկոյեան Հովուապետական այցի առիթով տեղի ունեցաւ պաշտօնական ճաշկերոյթ, որին ներկայ էին հոգեւորականներ, Լոս Անջելեսի քաղաքապետ տիար Էրիկ Գարսէթին, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան տիար Գրիգոր Յովհաննիսեանը, պետական այրեր, բարերարներ, հաւատացեալ հայորդիներ:

Ճաշկերոյթի ընթացքում ցուցադրուեցին ԱՄՆ Հայոց թեմի 90-ամեակին նուիրուած ֆիլմը եւ «Շողակաթ» հեռուստաընկերութեան պատրաստած տեսաֆիլմը Հառիճավանքի Թրբանճեան ընծայարանի մասին։

Հանդիսութեանը Հառիճի «Թրբանճեան ընծայարանի» շրջանաւարտ, Գեւորգեան Հոգեւոր ճեմարանում ուսանող սաները հանդէս եկան հոգեւոր ու  ժողովրդական երգերի կատարումներով։

Վերջում Վեհափառ Հայրապետը իր հայրական խօսքն ու պատգամն ուղղեց ներկաներին՝ իր ուրախութիւնը, շնորհաւորանքներն ու բարեմաղթանքները յայտնելով ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի հաստատման 90-ամեակի առիթով: Նորին Սրբութիւնն անդադարձաւ ամերիկահայ համայնքի անցած ճանապարհին, ներկայ յաջողութիւններին, ինը տասնամեակների ընթացքում թեմի եկեղեցաշէն ու ազգօգուտ իրագործումներին: Վեհափառ Հայրապետը գնահատեց Հայրենիքի առջեւ ծառացած մարտահրաւէրների յաղթահարման գործում ամերիկահայութեան ջանքերն ու ներդրումները, Մայր Աթոռի ծրագրերին սատարումը, նուիրեալ հայորդիների զօրակցութիւնը մեր Սուրբ Եկեղեցու առաքելութեանը, յորդորեց նախանձախնդրութեամբ շարունակել աջակցել Հայրենիքին ու Եկեղեցուն։

Հանդիսաւոր ճաշկերոյթի առիթով ի մասնաւորի գնահատանք յայտնելով յարգարժան Տէր եւ Տիկին Ժիրայր եւ Փաթրիսիայ Թրբանճեաններին՝ Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ անդրադարձաւ նրանց բարի ձեռնարկներին, եկեղեցաշէն ու ազգօգուտ ծրագրերի համար սրտաբուխ նուիրատուութիւններին: Բարձրօրէն գնահատելով Թրբանճեան ընտանիքի մեծ վաստակը ազգային-եկեղեցական  անդաստանում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տիար Ժիրայր Թրբանճեանին շնորհեց «Ասպետ Սուրբ Էջմիածնի» հայրապետական բարձր շքանշանը:


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները