Թեմ
Հրապարակված է: 08/25/2017
Օգոստոսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցաւ ղարաբաղեան հակամարտութեան ընթացքում, մարտական գործողութիւնների եւ զինադադարի պայմաններում զոհուած զինծառայողների մայրերի հետ։
Վեհափառ Հայրապետն իր օրհնութիւնն ու հայրական սէրը փոխանցեց հանդիպմանը մասնակից մայրերին՝ բարձրօրէն գնահատելով նրանց ոգին։ Նորին Սրբութիւնն իր վշտակցութիւնն արտայայտեց, ապա նշեց, որ նրանց զաւակներն իրենց կեանքն ընծայեցին յանուն հայրենիքի ապահով ու անվտանգ կեանքի, որպէսզի իրենց մայրերն ու քոյրերն ապրեն խաղաղութեան մէջ, ոտնակոխ չլինեն սրբութիւնները եւ երաշխավորուի մեր ժողովրդի վաղուայ օրը։
Ամենայն Հայոց Հայրապետը հաստատեց, որ նահատակուած զինուորների յիշատակը նուիրական է ամէնքի համար եւ նրանք իրենց սխրանքով ու հերոսական օրինակով պիտի շարունակեն յավերժ ապրել մեր ժողովրդի հոգում՝ առաջացնելով միմիայն հպարտութեան եւ երախտագիտութեան զգացում։
Գարեգին Բ. Կաթողիկոսն ընդգծեց նաեւ, որ հայ զինուորը՝ հայրենեաց սահմանների պաշտպանը, մշտապէս իր եւ յուրաքանչյուր հայ եկեղեցականի աղօթքներում է։
Պատասխանելով զինծառայողների մայրերին հուզող հարցերին՝ վերջում Ամենայն Հայոց Հայրապետը աղօթք բարձրացրեց առ Աստուած զոհուած զինվորների հոգիների հանգստութեան համար, ապա օրհնելով որդեկորոյս մայրերին՝ նրանց մաղթեց նոյն հայրենասիրական ոգով, որով կրթել եւ դաստիարակել են իրենց զաւակներին, շարունակել իրենց կարեւոր առաքելութիւնը կեանքում։
Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը։
Երեւանից եւ Գիւմրիից Մայր Աթոռ ժամանած մայրերը Մայր Տաճարում նաեւ ներկայ գտնուեցին Ս․ Պատարագի արարողութեանը։