Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Նշուեց Կաթողիկէ Ս. Էջմիածնի Տօնը

Թեմ

Հրապարակված է: 06/20/2017


Նշուեց Կաթողիկէ Ս. Էջմիածնի տօնը

Յունիսի 18-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկէ Ս. Էջմիածնի տօնը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետութեամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցուեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչայ-տնտեսական բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը:

Ս. Պատարագի արարողութեանը ներկայ էին հայաստանեան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի տարբեր կառոյցներում պաշտօնավարող եպիսկոպոսներ եւ միաբաններ, ինչպէս նաեւ Հայ Եկեղեցու բարերարներ տէր եւ տիկին Պետրոս եւ Աննա Օրունճագճիելները (ԱՄՆ), Սփիւռքից ու Հայաստանի տարբեր համայնքներից ժամանած բազմաթիւ ուխտաւորներ: 

Ս․ Պատարագի ընթացքում Մուշեղ Սրբազանը մասնաւոր անդրադարձ կատարեց տօնի խորհրդին։ «Աստուած հայոց հողին էլ իջաւ, սրբացրեց այն եւ բնակուեց այնտեղ: Ոսկէ ուռամբ հաստատեց «սուրբ զխորանն լուսոյ», եւ այդ յայտնութեան ու եկեղեցու հիմնարկէքի պանծալի յիշատակութեան համար, այսօր համայն աշխարհից հաւաքուել ենք նրա սրբարար կամարների ներքոյ՝ փոքր եւ մեծ, արք եւ կանայք, պաշտօնեայ եւ սպասաւոր: 1714-րդ տօնն է այսօր Քրիստոսահիմն Կաթողիկէ Ս․ Էջմիածնի: Բացառիկ է այն եւ խորախորհուրդ, պարգեւ եւ ընծայ աղօթքի, քարացած տեսիլք, Աստուծոյ այցելութեան անջնջելի հետք եւ խարանուած կնիք ի վերա դաշտին Այրարատեան: Լուսակառոյց այս սրբավայրի հիմերը՝ ջրհեղեղը յաղթահարած ապառաժներն են, որի վրայ սուրբ Լուսաւորչի ձեռամբ, նրա սուրբ Աջով օրհնուեց եւ հաստատուեց տէրունապատուէր «Աթոռը քահանայապետական»՝ իբրեւ մայր հայոց բոլոր եկեղեցիների: Արդ, աւետարանական պատումի նման, հողմ եւ մրրիկ, փոթորկոտ մարտահրաւէրներ սարսափելի չէին, քանզի հաւատքի վէմի վրայ էր կառուցուել Սրբազնասուրբ մեր եկեղեցին», - ասաց պատարագիչ Սրբազանը:

Մուշեղ Սրբազանն իր քարոզում շեշտեց, որ հակառակ պատմութեան ընթացքում Մայր Աթոռին բաժին ընկած տառապանքներին ու փորձութիւններին, այն միշտ վեր է յառնել իր հաւատաւոր զաւակների շնորհիւ, որոնց անսակարկ սէրն առ Էջմիածինը մղել է իրենց զոհողութիւնների: «Սէրը, գորովանքն ու նուիրումն առ Սուրբ Էջմիածինն անչափելի է, անկշռելի եւ անգնահատելի: Մեզանից ոմանք սիրում են իրենց մշտական աղօթքով նրա անսասանութեան համար, ոմանք իրենց սէրն արտայայտում են սրտաբուխ եւ կամ առատաձեռն նուիրատուութեամբ՝  նրա շէնութեան ու պայծառութեան համար: Ոմանք էլ իրենց սէրը փոխանցում են նրանց, ում պատմում են հրաշագործ նրա զօրութեան ու փառքի մասին՝ տարածելով ամէնուր սուրբ տաճարի Աստուածահաստատ հռչակը։

Այսօր էլ ապրում է Սուրբ Էջմիածինը, սիրելի հաւատացեալներ, ձեզ եւ ձեր նախնիների հետ։ Ձեր հաւատքի շնորհիւ, ձեր աղօթքների ուժով է, որ քարեղէն շինուածքից այն դարձել ու մնում է աղօթքի տուն եւ սնող մայր»,- նշեց Սրբազան Հայրը: Այս կապակցութեամբ Մուշեղ Սրբազանը յորդորեց ներկաներին՝  Իջման Սուրբ Սեղանի առջեւ ուխտել յաճախ այցելել Սուրբ Էջմիածին, զօրանալ նրանով եւ զօրացնել նրան, ապրել ու շնչել Էջմիածնով, շէնացնել այն եւ պայծառանալ հայոց եկեղեցիների Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով:

«Ազգեր ելան եւ գնացին անհետ: Արհաւիրքներ բարձրացան, բայց Քրիստոսի հաւատքին փարուած մեր հայոց ազգը Խաչով եւ Էջմիածնում բարձրացուած Հայրապետական ու Հանրապետական մաղթանքների զօրութեամբ դիմակայեց: Էջմիածինն է, որ դարեր ի վեր մեր անօրինակ պատմութեան ընթացքին իբրեւ սիրասուն մայր սնեց եւ որպէս ամուր վահան պահպանեց մեզ՝ հասցնելով  21-րդ դար», - եզրափակեց Սրբազան Հայրը:

Տօնի առիթով Մուշեղ Սրբազանը ներկաների անունից շնորհաւորեց Ամենայն Հայոց Հայարապետին՝ ցանկանալով նրան արգասաբեր հովուապետութեան երկար տարիներ:

Պատարագի սրբազան արարողութեան աւարտին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետութեամբ, կատարուեց Ս. Էջմիածնի մաղթանք: Ներկայ հաւատացեալ ժողովուրդն աղօթք բարձրացրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պայծառութեան ու անսասանութեան համար:

Մայր Տաճարում տեղի ունեցաւ նաեւ հոգեհանգստեան արարողութիւն Օրունճագճիել գերդաստանի ննջեցեալների լոյս յիշատակի համար:


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները