Նվիրաբերել

Քրիստոնեական Ուսուցման Դասընթացների Կազմակերպած Թվով 12-Րդ, Քառօրյա Հոգեւոր Առաձնացումը Եւ Ուխտագնացությունը Եկեղեցապատկան Ճամբար

Թեմ

Հրապարակված է: 09/12/2025


ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԹՎՈՎ 12-ՐԴ, ՔԱՌՕՐՅԱ ՀՈԳԵՒՈՐ ԱՌԱՁՆԱՑՈՒՄԸ ԵՒ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԿԵՂԵՑԱՊԱՏԿԱՆ ՃԱՄԲԱՐ

Օգոստոս 29-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցավ Ք.Դ.ՈՒ.-ն հերթական տարեկան Հոգևոր առանձնացումը, որն ինքնին՝ յուրահատուկ առաքելություն էր։

Քառասունյութ ուխտավորներ, գլխավորությամբ տիար Հայկ Մադոյանի, ուրբաթ օգոստոսի 29-ի առավոտյան միասնաբար ճանապարհվեցին աշխարհահռչակ Սեքոյա Ազգային Արգելանոցի (Sequoia National Park) հարևանությամբ գտնվող եկեղեցա-պատկան ճամբար։

Ուրբաթ օրվա ծրագրի մեջ էր մտնում այցելություն Դանլափ քաղաքում գտնվող Հույն Ուղղափառ Եկեղեցու վանքը, որը կրում է Աստվածամոր անունը։ Այցելության ընթացքում մենաստանի կույսերից մեկը հյուրընկալեց ուխտավորներին, ծանոթացրեց վանքի պատմությանը և նրանց գործունեությանը։ Ուխտավորները ներկա գտնվեցին նրանց ժամերգությանը։ Շատերն առաջին անգամ լինելով տպավորվել էին վանական կյանքով ապրող նվիրյալների կենցաղով, նիստ ու կացով։ Շարունակելով ճանապարհն ուխտավորները այցելեցին Սեքոյա Ազգային Արգելանոց (Sequoia National Park), որը շատերի համար նոր բացահայտում էր։ Խումբն այցելեց և կարողացավ ավելի մոտիկից տեսնել շուրջ 3000 տարեկան ծառերը, որոնցից Գեներալ Գրանտ (General Grant) անունով ծառը հանդիսանում է ԱՄՆ-ի պաշտոնական Սբ․Ծննդյան Տոնածառը (Official Christmas tree)։

Հագեցած օրվա ավարտին խումբը հասավ ճամբար 6։30-ին, որտեղ նրանց դիմավորեցին արդեն մեկ օր առաջ ճամբար հասած և պատշաճ նախապատրաստված խումբը՝ գլխավորությամբ Տիկ․Քաղցրիկ Մանուկյանի։

Տեղավորվելուց հետո խումբը ծանոթացավ ճամբարին իսկ ընթրիքից հետո խումբը համախմբվեց դիտելու մասնահատուկ ընտրված կինոնկար՝ նվիրված Մայր Թերեզայի կյանքին։ Կինոնկարը խոր ազդեցություն թողեց դիտողների վրա և դարձավ մասնավոր քննարկման նյութ։

Սեպտեմբեր 30-ին, շաբաթ, առավոտյան աղոթքից և նախաճաշից հետո սկսեցին «Ո՞վ է Քրիստոնյան» խորագիրը կրող դասախոսական շարքը, որի բացումը կատարեց խմբի կազմակերպիչ և Արևմտյան Թեմի գրադարանավար և Միջեկեղեցական հարաբերու-թյունների պատասխանատու Տիար Հայկ Մադոյանը։

Ներածական դասախոսությունը շարունակեց բարեշնորհ Սևան սարկավագը, ում թեման էր «Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցին»։ Նա մանրակրկիտ եւ բազմակողմանի կերպով ներկայացրեց նյութը և հրավիրեց խմբի անդամներին ընդհանուր քննարկման։ Երրորդ դասախոսությունը ներկայացրեց Ֆաուլերի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ՝ Արժ․ Տ․ Կոմիտաս քհն․ Զոհրաբյանը՝, ով խոսեց Հայց․Եկեղեցու դերի մասին Քրիստոնեական Ընդհանրական եկեղեցու մեջ։ Ներկայացրած թեմայից հետո հավատացյալները հավաքվեցին Տեր հոր հետ առաձնազրույցի, որից հետո ուխտավորները մասնակցեցին Տեր հոր կազմակերպած  բացառիկ երեկոյան ժամերգության։ Օրն ավարտվեց ընթրիքով որից հետո խմբի անդամներն ներկայացան իրենց աստվածատուր շնորհներով՝ որն իր մեջ ներառում էր ավանդական ազգային շուրջպարեր, ազգային երգեր, ասմունք եւ այլն։

Կիրակի օրն առավոտյան ուխտավորներն ուղևորվեցին ուխտի պատարագի՝ Եդեմի Սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցի։ Ծուխի հովիվ՝ Արժ․ Տեր Մաշտոց Քեշիշյանի օրհնությամբ, խմբի անդամներնից սարկավագներ սպասավորեցին Սուրբ Սեղանին, ոմանք էլ մաս կազմեցին դպրաց դասին։

Մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի, ճշմարիտ Մարմնի և Արյան հետ հաղորդվելուց հետո, ուխտավորները մասնակցեցին սիրո հյուրասիրության, որտեղ ծանոթացան Եդեմի եկեղեցու հավատացյալների հետ։ Տեր Մաշտոցն ուխտավորներին ներկայացրեց ծուխի պատմությունն ու սիրով պատասխանեց հյուրերի հարցերին։ Տիար Հայկ Մադոյանն իր հերթին շնորհակալական խոսք ուղղեց եկեղեցու անդամներին, եւ ներկայացրեց Քրիստոնեական Ուսուցման Դասընթացների եւ Առաքելոց Լսարանի գործունեությունը։ Ավարտին հավատացյալներն ու ուխտավորները միասին խմբանկար ունեցան, որից հետո ուխտավորները վերադարձան ճամբար։

Ճամբարում կարճ հանգստից հետո Հայկ Մադոյանը ներայացրեց վերջինի՝ թվով չորրորդ դասախոսությունը նվիրված Հայց․Եկեղեցու մատուցած  հոգևոր սննդի միջոցներին եւ ձեւերին, որոնք կենսական են Քրիստոնյայի հոգևոր աճի և հասունության համար։

Կիրակին ավարտվեց մասնահատուկ միջոցառմաբ, որի նպատակը մասնակիցների մերձեցումն էր եւ հոգևոր ընտանիքի անդամ դառնալը։

Երկուշաբթի սեպտեմբերի 1-ի առավոտյան՝ տիար Հայկ Մադոյանը վերաքաղ կատարեց անցած չորս դասընթացների ժամանակ ներկայացված նյութերի։ Տեղի ունեցավ նաև բոլոր մասնակիցների հոգևոր վերլուծության մասնավոր ժամ, որի ընթացքում բոլորը առիթ ունեցան խոսելու իրենց ուսանած գիտելիքների և հոգևոր անփոխարինելի ձեռքբերումների մասին։

Կեսօրվա ճաշից հետո մասնակիցները միասնաբար մաքրեցին ճամբարը,  այնուհետև աղոթքով ուղևորվեցին դեպի Բրբենք՝ Մայր Տաճար։

Սույն առանձնացումը անփոխարինելի հետք թողեց բոլոր մասնակիցների վրա, որը նրանց փոխանցեց հոգևոր ընտանիքի և պատկանելության գիտակցություն։ Առիթ տվեց միասին չորս օր ապրել, միասին աղոթել, ուսանել մեր սուրբ եկեղեցու ճշմարիտ ուսմունքը, միասին ճաշ պատրաստել, ըմբոշխնել դիմացինի ներկայությունը, ի վերջո՝ իր նմանի մեջ տեսնել Քրիստոսին։

Այսու, «Ո՞վ է Քրիստոնյան» խորագիրը կրող հոգևոր առանձնացումն ու ուխտա-գնացությունն Աստծո ողորմությամբ և առաջնորդ սրբազան հոր՝ Հովնան Արք․ Տերտերյանի օրհնությամբ պսակվեց աննախադեպ հաջողությամբ։

Ի Քրիստոս՝

Հայկ Մադոյան

Սեպտ․ 12, 2025


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները