Թեմ
Հրապարակված է: 09/12/2025
Արեւմտեան թեմի Մայր Տաճարը, Առաջնորդարանի շրջակայքը, զանազան եկեղեցիներ ու այլ վայրեր այցելելիս կարելի է տեսնել իւրատեսակ քանդակագործութիւններ, որոնց մեծ մասի հեղինակը քանդակագործ, արուեստագէտ Գասպար Ղարիբեանն է։ Սեպտեմբերի 5-ին նրա ստեղծագործութիւններին նուիրուած երեկոյ էր կազմակերպուել Արեւմտեան թեմի Առաջնորդարանի Արմէն Համփար սրահում, Յովնան Արք. Տէրտէրեանի հովանաւորութեամբ եւ հոծ արուեստասէր մարդկանց ներկայութեամբ, որի ժամանակ առաջին անգամ ցուցադրուեց նաեւ Գասպարին նուիրուած ֆիլմը։
Գասպար Ղարիբեանի քանդակները մնայուն տեղ ունեն Հայաստանում եւ ԱՄՆ-ի շատ քաղաքներում՝ Դեյտրոյիթ, Կոլորադո, Ֆրեզնո, Գլենդել։ Քրիստոնէութեան 1700-ամեակի կապակցութեամբ նրա «Գրիգոր Լուսաւորչի տանջանքները» քանդակը (բրոնզից եւ քարից) Հռոմի Պապի հովանաւորութեամբ տեղադրուել է Վատիկանի թանգարանում։
Երեկոն բացուեց Տ. Խաժակ Քհնյ. Շահբազեանի աղօթքով, ապա հանդիսավար Նորայր Պօղոսեանը համառօտ ներկայացրեց Գասպարի ստեղծագործութեան ընդհանուր բնութագիրը։
Առաջնորդարանի աշխատակից Հայկ Մադոյեանը մանրամասն ներկայացրեց Գասպար Ղարիբեանի կենսագրութիւնը, ըստ որի պարզ է դառնում, որ նա սերում է Նախիջեւանի, ասել է թէ՝ հայոց Գողթան կողմերի ստեղծագործական ակունքներից, ուսումը ստացել է Երեւանում, ապա ունեցել է ստեղծագործական ու դասախօսական եռանդուն շրջան, ի մասնաւորի մասնակցել է «Սիւնիքի դարպաս» կոթողի ստեղծմանը, որն այսօր էլ դիմաւորում է Սիւնիքի մարզ բոլոր այցելողներին։ 1996-ից Գասպարը տեղափոխուել է Կալիֆորնիա ու շարունակել իր քանդակագործութեան արուեստը, զանազան եկեղեցիների ու քաղաքների համար ստեղծել է հիմնականում հոգեւոր բովանդակութեան քանդակներ։ Դրանց շարքին են, ինչպէս նշեցինք, Առաջանորդարանի շրջափակի եւ Մայր Տաճարի բազմաթիւ քանդակներ ու հարիւրաւոր խաչքարեր։
Գասպարի ստեղծագործութեան բնութագիրը տուեց Հոգշ. Տ. Տաճատ Ծ. Վրդ. Եարտըմեանը։ Իբրեւ ստեղծագործող նրան բնութագրեց նաեւ նկարիչ Սամուէլ Մարութեանը։
Երեկոյի ամենից սպասուած պահերից մէկն էր «Գասպար - Զգացմունքներ և քանդակներ» ("Gaspar - Emotions and Sculptures") Ֆիլմի պրեմիերան։ Այն ստեղծուել է հիմնականում Գասպարի դստեր՝ Ռոզիի ջնաքերով ու հովանաւորութեամբ, նաեւ որդու՝ Նարեկի եւ ստեղծագործական խմբի մասնակցութեամբ։ Գասպարի զաւակները իսկապէս մեծ ջանքեր էին ներդրել՝ գեղարուեստական առումով բարձրարժէք ֆիլմ ստեղծելու համար։ Սա ֆիլմի իրական առաջնախաղ էր, քանզի մինչ ցուցադրութեան պահը այն չէր դիտել ոչ մի ունկնդիր, այդ թւում՝ Գասպարը ինքը։
Մօտ 20 րոպէանոց տեսաֆիլմը զգայական, ստեղծագործական, ազգային մթնոլորտի միջից ներկայացնում է Գասպարի ստեղծագործական ուղին- նրա խոհերն ու ամփոփումները հարցազրոյցի ձեւով։ Ֆիլմը, այդպիսով Գասպար արուեստագէտի ստեածգործական կեանքին ամփոփումն է, եւ իր որոյն տեղը կը գրաւի նման ժանրի տեսաֆիլմերի մէջ։
Անմիջապէս յետոյ խօսք առաւ Գասպաը, եւ մի քանի կարեւոր նկատառումներով ամփոփեց իր ստեղծագործական պատկերացումները, օրինակ ասելով, որ փորձել է իր խաչքարերին թեմատիկ բովանդակութիւն հաղորդել, եւ այդ իմաստով այդ ոճը կարելի է բնութագրել «Գասպարի խաչքարեր»։ Քանդակագործը յատկապէս նշանակալի համարեց 2004 թ. իր առաջին հանդիպումը Յովնան Արք. Տէրտէրեանի հետ, որ ստեղծագործական երկար ու արդիւնաւէտ ուղիի սկիզբ դրեց։
«Եթե հոգևոր առաքելութեան մէջ կայ ուղղափառութեան գիտակցութիւնը, ապա վարպետ Գասպարի մօտ քարի հետ զրուցը իր մէջ կը խտացնէ ուղղափառութիւն,- իր ամփոփիչ խօսքի մէջ ասաց Առաջնորդ Սրբազանը,- քանզի արուեստի դրսևորումները կը շարունակէ ոչ թե նորագոյն միջոցներով պատկերներ քանդակելու, այլևս սրտի տրոփը քարին հաղորդելով»։
Յովնան Արքեպիսկոպոսի բնութագրերը դիպուկ էին ու խորաթափԱնց. «Քարին հետ խօսող, քարէն աղոթքի հրաւէրին պատասխանող, քարը խօսեցնող արուեստագէտն է վարպետ Գասպարը։ Մայր Տաճարը և Առաջնորդարանի տարածքին Գասպարը իր տարերքին մէջն է նա։ Մենք Մայր Տաճարի և Առաջնորդարանի տարածքէն դէպի երկինք Գասպարի հոգու թռիչքը կը տեսնենք»։ Առաջնորդ Սրբազանը միաժամանակ նպատակայարմար համարեց պատրաստել եւ տպագրել Գասպարի կարեւոր ստեղծագործութիւնների ընտրանիի ալբոմը։
Գասպարին նուիրուած երեկոն շարունակուեց հիւրասիրութեամբ եւ բարեկամական քննարկումների մթնոլորտում։
Դիւան Առաջնորդարանի