Նվիրաբերել

Առաջնորդ Սրբազան Հոր Այցելությունները՝ Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնեկան Վարժարան, Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու Հովսեփյան Դպրոց, Մերդինյան Հայ Ավետարանական Դպրոց, Հբըմ Մանուկյան-Դեմիրճյան Վարժարան

Թեմ

Հրապարակված է: 03/28/2025


Առաջնորդ Սրբազան Հոր այցելությունները՝ Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնեկան վարժարան, Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Հովսեփյան դպրոց, Մերդինյան Հայ Ավետարանական դպրոց, ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարան

Մարտի 25 և 27 թվականները հոգևոր ուրախության և լիցքավորման օրեր էին Արևմտյան թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի համար։ Այս օրերին Առաջնորդ Սրբազան Հայրը, ուղեկցությամբ Արժանապատիվ Տ․ Խաժակ քհն․ Շահբազյանի և Արժանապատիվ Տ․ Նժդեհ քհն․ Քեշիշյանի, այցելություններ կատարեց Լոս Անջելեսի հայկական դպրոցներ։

Դպրոցների մուտքին հարգարժան հյուրերին դիմավորեցին դպրոցների տնօրենները և անձնակազմերը և, հանուն աշակերտության և ուսուցիչների, բարի գալուստ մաղթեցին։

Տարվա ընթացքում տարբեր առիթներով Առաջնորդ Սրբազան Հայրն այցելում է հայկական դպրոցներ, աշակերտության և ուսուցչական անձնակազմերի հետ անձնապես շփվելու և իր գնահատանքը նրանց փոխանցելու համար։ Այս անգամ խորհրդածությունների թեման հիմանականում  ծավալվեց Մեծ Պահքի, աղոթքի, Աստծո և մարդու կապի վերաբերյալ։ Աշակերտները շատ ակտիվ երկխոսության մեջ էին մտնում Սրբազան Հոր հետ, նրան ուղղելով իրենց հուզող հարցերն ու մտորումները, որոնց ի պատասխան՝ հնչում էին Սրբազան Հոր անկեղծ պատասխանները։ Սրբազան Հայրը պատվիրեց շատ սիրելի աշակերտներին իրենց յուրաքանչյուր օրը օգտագործել Աստծուն ավելի մոտենալու և ճանաչելու համար, սիրելու և գնահատելու իրենց ծնողներին և ուսուցիչներին, ինչպես նաև՝ հոգ տանելու իրենց համադասարանցիներին։

Ինչպես աշակերտության և ուսուցչական կազմերի համար երջանիկ հնարավորություն է անձնապես շփվելը սիրելի Հովնան Սրբազանի հետ, այնպես և Սրբազան Հոր համար այս այցելությունները աշակերտների մաքուր հոգիներից զորանալու և նորոգման առիթ են։

Այցելությունների ավարտին դպրոցների տնօրենները վերստին իրենց որդիական երախտագիտությունն և գնահատանքը բերեցին Առաջնորդ Սրբազանին՝ տասնամյակներ շարունակ հայ դպրոցների հանդեպ ունեցած բացառիկ նվիրումի և հոգածության համար։

Դիվան Առաջնորդարանի


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները