Թեմ
Հրապարակված է: 02/28/2025
ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ ՓՐԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԸ
Աստծո կամքով եւ գթությամբ, ինչն անմիջականորեն կապված է Հիսուս Քրիստոսի առաքելության հետ: Մինչեւ մեր Տիրոջ ծնունդը Գաբրիել հրեշտակապետը հստակ փոխանցեց Հայր Աստծո կամքը Մարիամ Աստվածածնին (Ղուկ.1:31) իսկ հետո նաեւ Հովսեփին (Մատթ.1:21)՝ նրանց պատվիրելով երեխային Փրկիչ կոչել: Իսկ Տիրոջ ծննդյան օրը հրեշտակները հովիվներին ավետելով Փրկչի ծննդյան բարի լուրը շեշտեցին, որ այդ փրկությունը ամբողջ ժողովրդինը պիտի լինի (Ղուկ. 2:10-11): Այդպես էլ եղավ. եւ Սիմոն ծերունու խոսքերը, Սուրբ Հոգու զորությամբ ներշնչված, մեկ անգամ եւս փաստեցին այդ իրողությունը. «Աչքերս տեսան փրկությունը քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ» (Ղուկ. 2: 29-31):
ԱՐԴՅՈՔ ՄԱՐԴՆ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈ՞Ղ ԷՐ ՄԵՂՔԵՐԻՑ ԱԶԱՏՎԵԼ
Միանշանակ ոչ: Մարդկության մեղքերից մաքրվելու եւ փրկություն ստանալու միակ միջոցը եղավ եւ է աստվածային մեծագույն եւ ձրի պարգեւը, որ մարդ արարածը ստացավ Հիսուս Քրիստոսի միջոցով (Հռոմ. 3:25): Հովհաննես ավետարանիչը իր ընդհանրական առաջին թղթում հստակ մատնանշում է, որ Աստծո եւ ոչ թե մեր նախաձեռնությամբ իրագործվեց այս խորհուրդը, ինչն աստվածային սիրո մեծագույն դրսեւորումներից է. «Եվ սրանում երեւաց Աստծո սերը մեր հանդեպ, այն որ Աստված իր Միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով կենդանի լինենք: Սրանում է սերը մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ եւ ուղարկեց Իր Որդուն՝ մեր մեղքերի քավության համար» (Ա.Հովհ.4:9-10):
Ընդհանրական եկեղեցում մեծ ազդեցություն թողած Օրիգինես վարդապետը (3-րդ դար) անդրադառնալով այս հարցին հանգում է այն եզրակացության, որ մարդը չի կարող առանց Աստծո օգնության հասնել փրկության շնորհին, նույնիսկ եթե լինի աշխարհի ամենասրբակենցաղ անձը: Նա նմանեցնում է մարդուն մոմից արձակված լույսի, իսկ Աստծուն՝ արեւի լույսի: Եւ չնայած որ մարդն ունի իր անձնական լույսը, սակայն այն աննշան մի բան է Աստծուց արձակված զորեղ լույսի դիմաց եւ անհետանում է նրա մեջ:
ՀԻՍՈՒՍԻ ՓՐԿԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ Ե՞ՐԲ ՀԱՍԱՎ ԻՐ ԼՐՈՒՄԻՆ
Իր խաչելությամբ եւ աստվածապես հարությամբ:
ա) Խաչելություն
Տերը՝ Հիսուս Քրիստոս, խաչվելով Իր հետ խաչի վրա բարձրացրեց նաեւ մեր մեջ բնակվող հին մարդը եւ Իրեն հավատացողներին ամբողջությամբ նորոգեց. «Այս իմացեք որ մեր միջի հին մարդը խաչվեց նրա հետ, որպեսզի քայքայվի մեղքի մարմինը եւ այլեւս մենք չծառայենք մեղքին» (Հռոմ. 6:6): Խաչելությունը դարձավ մարդու արդարացման միջոց (Ա. Պետրոս 2:24): Խաչափայտը ճշմարիտ քրիստոնյաների համար խորհրդանիշը դարձավ Աստծո զորության եւ դադարելով մահվան գործիք լինելուց՝ կոչվեց «Նշան Հաղթության»:
Խաչի քարոզությունը ճշմարիտ եւ ուղղափառ քրիստոնյաների համար մշտապես եղել է ամենահիմնական ուսուցումներից մեկը եւ պատահական չէ, որ Պողոս առաքյալը խաչի մասին այսպես է արտահայտվում. «Որովհետեւ կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ փրկվածներիս համար՝ Աստծո զորություն» (Ա. Կորնթ. 1:18):
բ) Հարություն
Քրիստոսի հրաշափառ հարությամբ իր լրումին հասավ եւ ամբողջացվեց փրկագործության շղթան, որը սկիզբ էր առել Ադամից. «Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենքը պիտի կենդանան» (Ա. Կորն. 15:22):
Հիսուս Քրիսոտոսի աստվածապես հարությունը եւ նրա հարության հանդեպ ունեցած հավատը հանդիսանում է ամբողջ մարդկության փրկության գրավականը. «Եթե հավատում եք, թե Հիսուս մեռավ եւ հարություն առավ, այդպես էլ Աստված ննջեցյալներին ետ կյանքի պիտի բերի նրա հետ» (Ա. Թես. 4:14):