Նվիրաբերել

Սուրբ Ծննդյան Հրաշքն Աստծու Անսահման Սիրո Գրավականն Է

Թեմ

Հրապարակված է: 12/20/2024


Սուրբ Ծննդյան հրաշքն Աստծու անսահման սիրո գրավականն է

«Փառք Աստծուն՝ բարձունքներում և երկրի վրա խաղաղություն և հաճություն՝ մարդկանց մեջ»: (Ղուկ. 2:14):

Շուտով տոնախմբելու ենք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնը։ Մարդկության պատմության մեջ որևէ երևույթ այդքան խորհրդանշական և կարևոր չէ, որքան Աստվածորդու աշխարհ գալը։ Օրվա խորհուրդը  լավագույն հնարավորությունն է մի պահ կտրվելու տոնական պատրաստություններից, զարդարանքներից և մտածելու նրա հոգևոր խորհրդի և նշանակության մասին։

Սուրբ Ծննդյան հրաշքն Աստծու անսահման սիրո գրավականն է։ Հիսուս Քրիստոսը ծնվեց Բեթղեհեմում՝ համեստ մսուրի մեջ։ Լուռ գիշերվա խավարը լուսավորվեց Նրա ծնունդով, աշխարհը ջերմացավ, մարդկանց մեղքից ազատվելու և Քրիստոսի հետ նոր կյանք ունենալու հնարավորություն շնորհվեց։  Աստվածորդին եկավ աշխարհ, որտեղ կա ուրախություն և տրտմություն, կան հարստություն և աղքատություն, ընկերություն և թշնամանք, ներքին և արտաքին գայթակղություններ և երևույթներ, որոնք հաճախ հակադրվում են միմյանց։ Այդպիսի իրականության մեջ Փրկչի ծնունդը եղավ նաև վկայություն, որ Աստված միշտ մեզ հետ է թե՛ ուրախությունների, թե՛ դժվարությունների և թե՛ փորձությունների ժամանակ։

Սուրբ Ծննդյան պատմությունը մեկ ուղերձ ունի՝ «Աստված սեր է»: Մեր փրկության և օրհնաբեր կյանքի որոշիչ գործոնը մեր ներքին նվիրվածությունն ու վստահությունն է Աստծո սիրո հանդեպ, մեր կյանքի կողմնորոշումը դեպի Հիսուս Քրիստոս։

Եկե՛ք Սուրբ Ծննդյան տոնի շնորհներով խանդավառված՝ նորովի՛ սկսենք մեր հոգևոր ճամփորդությունը։ Տիրոջ ծննդյան ավետիսը մեր մեջ ունենալով՝ սիրո պատգամն ուղենիշ դարձնենք մեր կենաց բոլոր օրերում։ Եկե՛ք լինենք Հիսուսի բերած խոնարհության կրողը, լույսի սփռողը, աստվածատուր սիրո տարածողն ու փոխանցողը։

Թող Սուրբ Ծնունդը ևս մեկ անգամ տարածի իր կենսառատ սիրո ուժը մեր հասարակության մեջ, մեր ընտանիքներում, մեր Եկեղեցում և համայնքներում՝ լուսավորելով մեր սրտերն ավելի լավ աշխարհի հույսի շքեղությամբ:

-Քրիստոս ծնվեց և հայտնվեց։

-Օրհնյալ է Ծնունդն ու Աստվածահայտնությունը Քրիստոսի։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները