Թեմ
Հրապարակված է: 05/24/2024
ԱՄՆ Արևմտեան Թեմը, Թեմակալ Առաջնորդ Յովնան Արքեպիսկոպոս Տէրտէրեանի հովանաւորությամբ, կազմակերպում է հայագիտական միջազգային գիտաժողով՝ «Հայ բանասիրութեան հեռանկարներ» խորագրով, որ տեղի պիտի ունենայ Յուլիսի 6-ին, Երեւանում, համագործակցութեան ՀՀ Ազգային գրադարանի։ Մայիսի 15-ին, ինչպէս յայտարարուած էր նախապէս, ամփոփուեցին ներկայացուած յայտերը, եւ ներկայիս հնարաւոր է խօսել գիտաժողովի ընդհանուր ուղղուածութեան մասին։
Հայաստանի և արտաշխարհի հայագէտների նախաձեռնող խումբը օրին դիմել էր Առաջնորդ Սրբազանին՝ հայ բանասիրութեան վերաբերեալ գիտաժողովի կազմակերպմանը աջակցելու նախաձեռնութեամբ, և Յովնան Սրբազանի համաձայնութեամբ սկսկուեց «Հայ բանասիրութեան հեռանկարներ» միջազգային գիտաժողովի կազմակերպումը: Խորագիրը յուշում է նրա ուղղուածութիւնն ու բովանդակութիւնը. գիտաժողովը նպատակ ունի հայագիտութեան եւ ի մասնաւորի հայ բանասիրութեան, այսինքն՝ լեզուի, գրականութեան, բանահիւսութեան և յարակից այլ գիտաճիւղերի յետագայ զարգացման ուղիների մասին գիտական քննարկումներ ձեռնարկել։
Գիտաժողովի թեմաների ընտրութիւնը ուղղորդուել է, որպէսզի զեկուցումները զարգացման տանող ուղիներ մատնանշեն տարբեր ոլորտների մէջ, մասնագէտ-գիտնականներին առաջադրուել է իրենց տեսակէտները ներկայացնել, թէ հայ բանասիրութիւնը յետագայ միջին ժամկէտում ինչ խնդիրներ ունի իր առաջ դրուած՝ հաշուի առնելով թէ՛ Հայաստանում, թէ՛ յատկապէս տարածաշրջանում և հարևանների հետ կապուած արմատական փոփոխութիւնները վերջին տարիներին, քանզի պարզ է, որ նախկին ընթացքով առաջ գնալ այլևս արդիւնաւէտ չէ:
«Արեւելք» պարբերականի հրապարակման համաձայն, Գիտաժողովի կազմակերպական Յանձնաժողովի անդամ, բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ Նորայր Պողօսեանը նշում է, որ առաջնահերթ խնդիրներից է եղել, օրինակ՝ մեր արևելեան հարևան պետութեան գիտական կեղծարարութեան դէմ յստակ քայլեր անելը, մեր լեզուի երկու ճիւղերը արդի աշխարհում համարժէք զարգացման բերելը, թուային աշխարհի մէջ այս գիտակարգը ներգրաւելը, գրականագիտական, բանահիւսական ոլորտներում նոր մեթոդների, նոր անելիքների ներդրումը, ընդհանուր տեսական լեզուաբանութեան մէջ համաշխարհային նոր փորձի իւրացումը և այլն, որոնք իսկապէս կարիք ունեն թարմ քայլերի։
Այդ նպատակադրութեամբ ընտրուել եւ գիտաժողովի ծրագրի մէջ են ներառնուել 25 զեկուցումներ։
Մասնակիցների մէջ են անուանի և փորձառու մասնագէտներ Հայաստանի եւ արտաշխարհի հեղինակաւոր շատ բուհերից։ Միաժամանակ շատ են նաև երիտասարդ ուսումնասիրողները, որոնց խօսքը առաւել կարևոր է, քանզի իրենք են լինելու նոր խնդիրները իրագործողները։ Գիտաժողովի ծրագրի մէջ ներառնուած զեկուցումներից շատերը իսկապէս ծրագրային են այս ոլորտի համար առաջարկներ ներկայացնելու առումով: Դրանք հնարաւորութիւն կը տան, որպէսզի գիտաժողովի աւարտից յետոյ կազմուի առաջարկներն ամփոփող տեղեկագիր և ներկայացուի գիտական մարմիններին և բուհերին, գիտաժողովի բերած նպաստը, նորոյթը, օգտակարութիւնը հաշուի առնելու և օրակարգի նիւթ դարձնելու համար:
Այս առիթով պէտք է նաեւ նշել, որ գիտաժողովը մէկն է Արևմտեան Թեմի գիտական և հրատարակչական ու մշակութային բազմաթիւ ձեռնարկներից, որ իրականացւում են Յովնան Արք. Տէրտէրեանի նախաձեռնութեամբ եւ հովանաւորութեամբ, ինչպիսիք են՝ հոգեւոր ու հայագիտական դասընթացները, կրօնական և գիտական բնոյթի բազմաժանր գրքերի տպագրութիւնը։ Վերջիններից պէտք է թուարկել օրինակ՝ «Կանոնագիրք Հայոց»-ի նոր հրատարակութիւնը, Տիրայր Վրդ. Տէրվիշեանի աշխարհաբար թարգմանութեամբ եւ խմբաւորումով, Յովնան Արք. Տէրտէրեանի «Աղօթագրքերը», Տ. Տաճատ Ծ. Վրդ. Եարտըմեանի «Նարեկի» արեւմտահայերէն նոր փոխադրութիւնը և բազմաթիւ այլ գրքեր:
Գիտաժողովի թեմաների վերջնական ամփոփումը հիմք է տալիս ասելու, որ նախաձեռնող խմբի, Արևմտեան Թեմի և Յովնան Արքեպիսկոպոսի ջանքերը յաջողությամբ կը պսակուեն, կը լինեն կարևոր հարցադրումներ ու առաջարկներ, եւ հրապարակուելիք ժողովածուն որոշակիօրէն նպաստաւոր կարող է լինել գիտակարգի համար:
Դիւան Առաջնորդարանի
22 Մայիսի, 2024