Նվիրաբերել

Հավատացյալ Ուսուցիչների (Lay Ministry) Առաքելության Ուսումնական Ծրագիր

Թեմ

Հրապարակված է: 05/17/2024


Հավատացյալ Ուսուցիչների (Lay Ministry)  Առաքելության Ուսումնական Ծրագիր

Հայց․ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան Թեմը՝ գերաշնորհ Տ․ Հովնան Արք․ Տերտերյանի օրհնությամբ, նախաձեռնել է մասնահատուկ ուսումնական ծրագիր, որը միտված է պատրաստել հավատացյալ ուսուցիչ-ուսուցչուհիների, ովքեր պատրաստակամ են վկայել իրենց քրիստոնեական հավատը եւ լուսաբանել Քրիստոնեության եւ մասնավորաբար Հայց․ Եկեղեցու վերաբերյալ բազում հարցեր, որոնք հետաքրքրում են մեր հավատավոր ժողովրդին։

Այս նոր ծրագիրը տրամաբանական շարունակությունն է թեմում 2013թ-ից սկսած   «Քրիստոնեական Ուսուցման Դասընթացներ» ծրագրի, որի նպատակը Հայց․ Եկեղեցու հավատացյալներին քրիստոնեական մեր հավատի մասին հիմնարար գիտելիք փոխանցելն էր եւ դրանով իսկ ուսյալ եւ գիտակից Քրիստոնյա կերտելը։ Այս ընթացքում Արեւմտյան Թեմում կազմակերպվել են շուրջ 1000-ի հասնող տարաբնույթ դասախոսություններ ինչպես նաեւ Սբ․ Գրային սերտողութուններ, որոնք կատարվել են հնարավորին բարձր եւ գիտական մակարդակով, հիմնվելով մեր Եկեղեցու Սրբազան Ուսմունքի եւ հարուստ Հայրաբանական ժառանգության վրա՝ միեւնույն ժամանակ հաշվի առնելով մատչելության հրամայականը։

Ժամանակի ընթացքում հստակ դարձավ, որ շատեր, ովքեր տարիներով մասնակցել են դասընացներին որոշակի ուսումնական հիմք են ձեռք բերել եւ պատրաստ են էլ ավելի խորացնել իրենց գիտելիքները, որը «Քրիստոնեական Ուսուցման Դասընթացներ»-ի շրջանակներում անկարելի էր կատարել՝ սկսնակ հավատացյալների ներկայության պայմաններում։ Դրա համար, ինչպես որեւէ ուսումնական հաստատությունում, այնպես էլ Թեմում, խիստ հասունացավ մի քանի դասարան հիմնելու անհրաժեշտությունը՝ սկսնակների, միջին պատրաստվածություն ունեցողների եւ բարձրագույն պատրաստություն ունեցողների (Beginners, Intermediate and Advanced levels) համար:

Այսու՝ ներկայիս «Հավատացյալ Ուսուցիչների Առաքելության (Lay ministry) Ուսումնական Ծրագիրը» բարձր եւ միջին պատրաստվածության անձանց համար է, որոնք համապատասխան ուսումնառություն ստանալուց հետո՝ պատրաստ պիտի լինեն դասավանդել սկսնակներին (Beginner’s level) Թեմի տարբեր ծուխերում՝ դրանով իսկ խթանելով Թեմի Քրիստոնեական կրթության զարգացմանն ու առաջընթացին։

Ծրագրի Ժամանակացույց

Ծրագիրը բաղկացած է լինելու հինգ հիմնական մասերից եւ յուրաքանչյուր մաս իր մեջ ներառելու է 10-12 դասընթաց։

Ա․ Աստվածաշունչ Մատյան (մայիս- հուլիս 2024)

Բ․ Եկեղեցի- Եկեղեցագիտություն (օգոստոս-սեպտեմբեր, 2024)

Գ․ Հայց․ Եկեղեցու Ուսմունք/ Աստվածաբանություն (հոկտեմբեր – նոյեմբեր, 2024)

Դ․ Ջատագովություն (դեկտեմբեր – հունվար, 2024-2025)

Ե․ Գործնական Քրիստոնեություն/ Բարոյական Աստվածաբանություն (փետրվար- մարտ 2025)

Ծրագրի Մանրամասներ

Դասերը սկսվել են մայիս 6-ից ամեն երկուշաբթի երեկոյան ժամը 5։30-ից մինչեւ 7։00-ը եւ ավարտելու են 2025թ-ի մարտ ամսին։ Յուրաքանչյուր թեմայից հետո նախատեսում ենք մեկ շաբաթվա ընդմիջում։ Դասընթացները տեղի են ունենալու Առաջնոր-դարանում, սակայն Zoom տարբերակը հասանելի ենք դարձնելու բոլոր այն ցանկացողներին՝ որոնք մոտակայքում չեն բնակվում։ Մասնակիցներից ակնկալելվում է դասարանային մասնակցություն, տնային աշխատանք՝ պատշաճ գրականության ընթերցանություն, միջանկյալ քննություններ եւ գործնական ուսուցման փորձա-ռություն (practice): Դասերը կատարվում են հայերեն լեզվով։

Ինչպես «Քրիստոնեական Ուսուցման Դասընթացներ»-ը այնպես էլ «Հավատացյալ Ուսուցիչների (Lay Ministry) Առաքելության Ուսումնական Ծրագիր»ը դասավանդվում է Առաջնորդարանի Միջեկեղեցական Հարաբերությունների պատասխանատու, Աղա-Սարգսյան գրադարանի գրադարանավար եւ Զորայան Թանգարանի հանձնախմբի ատենապետ՝ տիար Հայկ Մադոյանի կողմից, ով ավելի քան երկու տասնամյակ շարունակ, իր ծառայությունն է բերում Արեւմտյան Թեմում։

Հավելյալ մանրամասների համար կարող եք զանգահարել Առաջնորդարան 818-558-7474 ext 127 համարով կամ գրել madoyanh1@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Դիվան Առաջնորդարանի

Մայիս 06, 2024


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները