Թեմ
Հրապարակված է: 03/22/2024
Սույն թվականի մարտի 15-ին Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ Հովնան Արք․ Տերտերյանը, ուղեցկցությամբ՝ Արժանապատիվ Նժդեհ Քհն․ Քեշիշյանի, այցելեց Վիկտորվիլի հայ համայնք։ Եկեղեցու մուտքին Սրբազան Հորը դիմավորելու ելան Վիկտորվիլի Հոգևոր Հովիվ Արժանապատիվ Տ․ Վաչէ Քհն․ Հայրապետյանը, Ծխական Խորհրդի ատենապետ Տիար Վարուժան Թագվորյանը և ծուխի այլ անդամներ,որոնք, բարիգալստյան խոսքերով ընդունելով հարգելի հյուրերին, առաջնորդեցին նրանց դեպի եկեղեցի։ Եկեղեցում արդեն հավաքվել էին տեղի բարեպաշտ հավատցյալները և ուրախությամբ սպասում էին սիրելի Սրբազան Հորը։ Սրբազան Հայրը նախ ողջույնի և օրհնության խոսք հղեց ներկաներին՝ գլխավորությամբ Հոգևոր Հովվի, ապա անդրադարձավ Մեծ պահքի գեղեցիկ ընթացքին։ Հաջորդիվ, կատարվեց Խաղաղական և Հանգստյան Ժամերգություն։
Ժամերգության ավարտին բոլոր ներկաները հրավիրվեցին ընթրիքի հյուրասիրության։ Համայնքի շնորհալի կանայք պահքային կերակուրների հարուստ տեսականի էին պատրաստել բոլոր ներկաների համար։ Հընթացս հյուրասիրության ողջույնի և որդիական երախտագիտության խոսքով հանդես եկան Տ․ Վաչէ Քհն․ Հայրապետյանը, Տիար Վարուժան Թագվորյանը և այլ հավատացյալներ։ Ապա իր հայրական օրհնությունն ու գնահատանքը բերեց Առաջնորդ Սրբազան Հայրը թե Վիկտորվիլի հոգևոր Հովվին, թե ատենապետին ու Ծխական Խորհրդին և թե բոլոր հավատացյալներին։
Ընթիքից հետո Ծխական Խորհրդի մասնավոր ժողով գումարվեց՝ Նախագահությամբ Հովնան Սրբազանի։ Հընթացս ժողովի թե Հոգևոր Հովիվը և թե Խորհրդի անդամները ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեցին Սրբազան Հորը՝ իրենց փոքրիկ համայնքի հանդեպ Սրբազան Հոր ցուցաբերած հայրական խնամքի և սիրո համար։ Ապա Սրբազան Հորը ներկայացվեցին համայնքային կյանքին վերաբերվող բազում հարցեր, որոնք գտան նաև իրենց ակնկալելի և ոգևորող պատասխանները։
Դիվան Առաջնորդարանի