Թեմ
Հրապարակված է: 03/18/2022
Արեւմտեան թեմի «Ոսկեղենիկ» մատենաշարը, Յովնան Արք. Տէրտէրեանի նախաձեռնութեամբ եւ օրհնութեամբ, շարունակում է ընթերցողներին հոգեւոր գրականութիւն ներկայացնելու իր ընթացքը։ Մատենաշարի հիմնական նպատակներից է՝ նորովի շրջանառութեան մէջ դնել հայ հոգեւոր երկեր, որ իրենց նշանակութեամբ եւ ազդեցիկութեամբ չեն զիջում յայտնի այլ ստեղծագործութիւններին։ Անցնող երկու տարիներին տպագրուել են շարքի 5 հատորեակները.
1. Յովհան Ոսկեբերան, Ապաշխարութեան պտուղներ (Քարոզներ և Ճառեր), 2019
2. Յակոբ Նալեան, Առաքինի կեանքի ուղին (Հոգեւոր զրոյցներ), 2020
3. Յովնան Արք. Տէրտէրեան, Պատգամներ (Ասոյթներ և Թևաւոր խօսքեր), 2020
4. Կարապետ Արք. Պալատեցի, Տարեկան Քարոզգիրք (Ընտրանի), 2021
5. Գարեգին Եպս. Խաչատուրեան, Հովիւի խօսքեր, 2021
Ներկայիս տպագրութեան է պատրաստւում «Ոսկեղենիկի» 6-րդ հատորը՝ Պաղտասար Դպիրի «Գրքոյկ շահաւէտ» քրիստոնէականը, որը պարզ ու սրտամօտ կերպով պատմում է քրիստոնէական կարեւոր կէտերի՝ սիրոյ, առաքինութեան, յոյսի, ինը երանիների, եկեղեցու խորհուրդների եւ այլ հարցերի մասին։ Պաղտասար Դպիրը (1683 – 1768) Կ. Պոլսի անուանի գործիչներից է, որ յայտնի է որպէս բանաստեղծ, քերական, հրատարակիչ, երաժիշտ, ուսուցիչ։ Նրա «Գրքոյկ շահաւէտ» երկը տպագրուել է 1720 թ. եւ պարունակում է շատ առումներով արդիական եւ ուսուցանող մտքեր քրիստոնեաներիս համար։ «Աւելի ճիշտ է միշտ պատրաստ ու պահած ունենալ սուրը, քան թէ սպասել մինչեւ թշնամու գալու պահը, որ չլինի թէ յանկարծ թշնամին գայ, եւ ի վիճակի չլինես փութով սուրը ձեռքդ առնելու», գրում է Պաղտասար Դպիրը իր Շահաւէտ գրքոյկում։ Ներկայ հատորը գրաբարից աշխարհաբար է փոխադրել բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ Նորայր Պօղոսեանը։
Մինչ «Ոսկեղենիկի» նոր՝ 6-րդ հատորի տպագիր տարբերակին ծանօթանալը, առաջարկում ենք ընթերցել Պաղտասար Դպիրի «Առաքինութեան մասին» հատուածը՝ անցնելով այս յղումով։
Դիւան Առաջնորդարանի
17 Մարտի, 2022