Թեմ
Հրապարակված է: 01/27/2022
Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմը, Գերաշնորհ Տէր Յովնան Արք. Տէրտէրեանի նախաձեռնութեամբ եւ օրհնութեամբ, նախատեսել է բացառիկ ծրագիր, որը միտուած է օժանդակելու չմկրտուած չափահաս հայորդիներին:
Տասնամեակներ շարունակ հայ մարդը, մասնաւորաբար Մայր Հայրենիքում`համայնավարական ժամանակաշրջանում, մկրտուելու համար լուրջ խոչընդոտների է հանդիպել: Շատերը ցանկացել են մկրտուել, բայց ի վիճակի չեն եղել այն իրագործել`բազում խնդիրների պատճառով: Փառք Աստուծոյ` այսօր իրականութիւնը փոխուել է։
Հայց. Առաքելական Սբ. Եկեղեցւոյ Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմը պատրաստակամ է որոշապէս լրացնել այդ բացը՝ մկրտել բոլոր այն չափահաս անձանց, ովքեր մինչեւ օրս մկրտուած չեն:
Սբ. Մկրտութեան խորհուրդը առաջին եւ հիմնական խորհուդն է Հայց. Առաքելական Սբ. Եկեղեցւոյ, քանզի միայն Սբ. Մկրտութեամբ է, որ անձը դառնում է քրիստոնեայ եւ անդամագրւում Սբ. Եկեղեցուն:
Աւելին, կարեւոր է գիտակցել, որ Սբ. Մկրտութեան խորհուրդը կենսական անհրաժեշտութիւն է մեր փրկութեան համար, քանզի մեր Տէրն ու Փրկիչը` Յիսոս Քրիստոս, Ինքն ասաց, որ` «Եթէ մէկը ջրից ու հոգուց չծնուի (այսինքն` եթէ չմկրտուի), չի կարող Աստուծոյ Արքայութիւնը մտնել» (Յովհ. 3:5): Այս է նաեւ պատճառը, որ Յարութիւնից յետոյ Տիրոջ առաջին պատգամը վերբերում էր մարդկանց մկրտելուն եւ ուսուցանելուն (Մատթ. 28:20-21):
Մեր Տիրոջ պատգամները բոլոր ժամանակների եւ բոլոր սերունդների համար են, եւ այդ իսկ պատճառով Արեւմտեան Թեմը Սբ. Մկրտութեան խորհուրդն ուսուցանող եւ մեկնող մասնայատուկ դասընթացներ է կազմակերպել, որոնք նախապայման են Սբ. Մկրտություն այս բացառիկ ծրագրին մասնակցելու համար:
Դասընթացները տեղի են ունենալու 2022 թուականի Մեծ Պահքի շրջանում` Մարտ-Ապրիլ ամիսներին, ամէն Չորեքշաբթի, երեկոյեան ժամը 7:00-ին, Առաջնորդարանում: Նախատեսուած են վեց դասընթացներ, որոնց ցանկը կցում ենք յայտարարութեանը: Դասընթացներին կարող են մասնակցել նաեւ բոլոր այն մկրտուած հաւատացեալները, ովքեր փափագ ունեն կենսական գիտելիք ստանալու: Դասընթացների համար գրանցուելը նախապայման է:
Ծրագրին մասնակցելու եւ յաւելեալ տեղեկութիւններ ստանալու համար կարող էք դիմել Առաջնորդարանի գրասենեակ` զանգահարելով 818-558-7474 հեռախօսահամարով:
Դիւան Առաջնորդարանի