Թեմ
Հրապարակված է: 11/19/2021
Արևմտյան թեմն ունի տասնութ շաբաթօրյա դպրոց՝ Լոս Անճելոսում և Կալիֆորնիայի տարբեր քաղաքներում, որտեղ հայ երիտասարդ սերունդը սովորում է մեր լեզուն, կրոնը, պատմությունը, մշակույթը, երգն ու պարը, ինչպես նաև մեր ազգային արժեքներն ու հայրենասիրության առաքինությունը՝ որպեսզի հարատև պահպանվի հայ ինքնությանը կրակը: Այս ազգապահպան աշխատանքը նախաձեռնել է շաբաթօրյա դպրոցների Գիտակրթական Խորհուրդը և ուսուցչական կազմը՝ առաջնորդությամբ և հովանավորությամբ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․Տերտերյանի ։
Թեմական շաբաթօրյա վարժարաններն առաջնորդվում են հայոց լեզվի, հայ գրականության, պատմության, կրոնի և մշակույթի համապարփակ ուսումնական ծրագրով, որը հիմնված է Կալիֆորնիա նահանգի կողմից սահմանված լեզուների դասավանդության հիմնական չափանիշների վրա: Ծրագրի աղբյուրներն են տեղական և հայրենական տպագրության հայերենի ու հայ գրականության դասագրքերը, հայոց պատմության, հայ մշակույթի, հայրենագիտության և արդիական հարցերի շուրջ առկա նյութերը , գիտարվեստի միջոցներ, հայկական կայքէջեր և զանազան լսա-տեսողական միջոցներ: Ծրագիրն ընդգրկում է նաև աշակերտի լեզվի իմացության մակարդակը, տարիքային և հոգեբանական առանձնահատկությունները և սովորելու կարողությունները:
Շաբաթօրյա դպրոցների հիմնական նպատակն է մեր մանուկնրին տալ ամբողջական հայեցի կրթություն, որպեսզի նրանք կարողանան՝
—հաղորդակցվել մայրենի լեզվով
—հասկանալ և գնահատել մեր պատմական և մշակութային արժեքները
—ունենալ հպարտ ազգային ինքնագիտակցություն
—լինել հպարտ իրենց լեզվով, հավատով, մշակույթով և հայրենիքով
—ունենալ պատասխանատվության գիտակցություն Հայ համայնքի, Եկեղեցու, ապրած
երկրի և Հայրենիքի հանդեպ
—Ունենալ հանդուրժողականություն և հարգանք այլ ժողովուրդնրի և մշակույթների նկատմամբ։
Մանկավարժական նոր մոտեցումներին ծանոթացնելու նպատակով, յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին առաջնորդ Հովնան սրբազանի գլխավորությամբ դպրոցների Գիտակրթական Խորհուրդը կազմակերպում է շաբաթօրյա վարժարանների ուսուցիչների վերապատրաստման ամենամյա աշխատանիստեր: Վերջին՝ տասնմեկերրդ աշխատանիստը տեղի ունեցավ այս տարի օգոստոսի տասնչորսին մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության Լեզվի Պետական Կոմիտեի տնօրեն, Բանասիրական Գիտությունների Դոկտ,, պրոֆեսոր Դավիթ Գյուրջինյանի և Սփյուռք Գիտական Կենտրոնի տնօրեն, Բանասիրական Գիտությունների Դոկտ․, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի։
Շնորհակալություն բոլոր դպրոցների տնoրիններին և ուսուցչական կազմին իրենց կատարած հայակերտման մեծ աշխատանքի, բեմերից համայնքին ներկայացված գրական-երաժշտական հանդեսների համար՝ ուր ներկա է մեր հայրենիքը, Արցախի զինվորը, մեր աղոթքը, մեր բանաստեղծը, մեր երգն ու պարը: Շնորհակալություն մեր ծնողներին, որոնք սատարում են Հայ Դպրոցը՝ որպես մի կտոր հող և շունչ մեր Հայրենիքից:
Մանկ․ Գիտ․Դոկտ. Էլլի Է. Անդրեասյան,
Արևմտյան թեմի Շաբաթօրյա Դպրոցների Գիտակրթական Խորհուրդի Ատենապետ