Նվիրաբերել

Reclaim Հավատքի Վերականգնումը Հետ-Համաճարակային Աշխարհում

Թեմ

Հրապարակված է: 03/19/2021


RECLAIM Հավատքի վերականգնումը հետ-համաճարակային աշխարհում

Այժմ մենք ապրում ենք (COVID 19) համաճարակով անհանգստացած աշխարհում: Մենք կարող ենք սահմանել մեր կյանքը նախահամաճարակային և հետհամաճարակային ժամանակների, ուստի  այդ փոփոխություններին պետք է դիտել, ոչ թե որպես իրադարձություններ, այլ գործընթացներ` ինչպիսիք են դիմակների կրումը, սոցիալական հեռավորության պահպանումը, պաստվաստումները և այլն: Մյուս կողմից  դժվար է գնահատել այն փոփոխությունները, անկախ դրանց դրական կամ բացասական ազդեցություններից, որոնք ուղղակի համաճարակի հետևանքներն են: Օրինակ` համաճարակի պատճառով առաջացած ֆիզիկական սահմանափակումները, միայնությունը և նմանատիպ այլ գործոնները վերաձևափոխում են ընկերային և համայքային կյանքը, որի արդյունքում աճում են դեպրեսիայի դեպքերը, սրվում են ընտանեկան հարաբերությունները` մեկուսացվածության և մահվան վախի պատճառով:

Այս օրերին,  ինչպես նաև համաճարակի ֆոնին,  աշխարհը և մասնավորապես հայ ժողովուրդը հսկայական դժվարություններ ապրեցին և դեռ ապրում են, օրինակ՝ Արցախյան պատերազմ, ազգամիջյան հարաբերություններ, ոչ ճիշտ քաղաքականություն և այլն:

Ուստի վերը նշված և նմանօրինակ բազմաթիվ հարցերի քննարկման համար, ԱՄՆ Արևմտյան թեմի կողմից կազմակերպված RECLAIM 2021 համաժողովը հնարավորություն և առիթ տվեց  բոլորին կրկին հավաքվել, ուսումնասիրել, հարցաքննել, գտնել և ընդունել միջոցներ վերագտնելու իրենց հավատը այս փոփոխական աշխարհում:

Համաժողովի առաջին թեման այս էր. <<Վերականգնել հավատը հետ-համաճարակային աշխարհում>>, քանի որ COVID -19 վիրուսն արդեն որոշակի առումով դարձել է այլևս մեր կյանքի մի մաս և  համաժողովի նպատակն էր անդրադառնալ այնպիսի հարցերին, որոնք ի հայտ են եկել այս արգելափակումների, քաղաքական ցնցումների, ինչպես նաև այդ ամենի հետևանք դարձած մահվան ֆոնին:

Reclaim 2021-ի համաժողովը տեսակապի միջոցով բաց էր բոլոր ցանկացողների համար և որին իրենց մասնակցությունը բերեցին մեծ թվով քահանաներ, սարկավագներ, երիտասարդներ, մեծահասակներ, ACYO-ի անդամներ՝ աշխարհի և մայրցամաքների տարբեր երկրներց, որոնց թիվը հասնում էր շուրջ 200-ի:

Համաժողովը մեկնարկեց՝ Տ. Տաթև Ավագ Քհն. Հարությունյանի աղոթքով և Տ. Վազգէն Քհն. Մովսեսյանի բացման խոսքով, ով իր ելույթում խոսեց այն մարտահրավերների մասին, որոնք շուրջ մեկ տարի է ինչ թակում են Եկեղեցու դռները և պատասխանի սպասում:

Համաժողովի առաջին հատվածում հանդես եկավ Օքսֆորդի Համալսարանի Պրոֆեսոր, դոկտոր Հրաչ Չիլինկիրեանը, ով ունկնդիրներին ներկայացրեց.  <<Ի մտանել յարգանդ երկրի>> աստվածաբանական իր մենախոսությունը, որը բաղկացած էր հիմնավոր և գիտական մտորումներից, այս համաճարակի ընթացքում մահվան և կյանքի վերաբերյալ: Իր խոսքում Դոկտ. Չիլինկիրեանը, նշեց, որ այս թեմայի հիմնական նյութը. <<Մահվան մեջ իմաստ գտնելու մասին է>>, թե ինչպե՞ս պետք է հասկանանք և ընկալենք այս համաճարակի պատճառած միլիոնավոր մահվան դեպքերը և  որպես հետևություն այդ ամենի, ո՞րն է այսօրվա մեր անելիքը:  Դոկտ. Չիլինկիրյանը իր խոսքում անդրադարձավ նաև Հայ Եկեղեցում կատարվող Թաղման կարգին՝ ըստ <<Մաշտոց>> ծիսարանի, այդ արարողության ժամանակ կատարվող աղոթքներին և դրանց բացատրությանը:

Իր խոսքով հանդես եկավ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևմտյան Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան Արք. Տերտերյանը, ով Իր հայրական կոչով ուշադրության էր հրավիրում Հայ եկեղեցու բոլոր հավատացյալներին, անդամներին և հատկապես նրանց, ովքեր այսօր աշխարհի և մարդկության առջև ծառացած խնդիրների պատասխաններն են փնտրում. <<Փոփոխվող աշխարհում, -Ասում է Սրբազան Հայրը,- մեր քրիստոնեական ինքնության արդիականությունը պետք չէ խեղաթյուրել: Մարդկությունը պատմության ընթացքում մշտապես ականատես է եղել բազմաթիվ փոփոխությունների, բայց այնուամենայնիվ, ինչ էլ որ լինի, պետք է վստահ լինենք, որ մեր քրիստոնեական հավատը պաշտպանում է մեր ինքնությունը փոփոխվող աշխարհի բոլոր վայրիվերումներից>>: Սրբազան Հայրը, նաև իր խոսքում նշեց, որ ցանկանում է, որպեսզի մարդիկ ներկա լինեն, լսեն այս ամբողջ երկխոսությունները՝ այստեղից իրենց հետ տանելով հավատքի այն գործիքները, որոնք դարեր շարունակ ապահովել են հայ ազգի գոյատևումը:

Միջոցառման պատասխանատու-կազմակերպիչ Տ. Վազգեն Քահանա Մովսեսյանը իր խոսքում մատնանշեց, որ անցած տարվա ընթացքում մարդկության առջև ծառացած ճնշող մարտահրավերներին, ինչպես օրինակ՝ COVID-19 համաճարակի ֆոնին աշխարհը տեսավ, թե ինչպե՞ս  ռասիզմը բարձրացրեց իր տգեղ գլուխը,  քաղաքական ցնցումները բաժանեցին երկիրը, մենք՝ հայերս Արցախում հայտնվեցինք պատերազմի մեջ, որը անտեսվեց ողջ աշխարհի և մարդկության կողմից:

Համաժողովի մյուս՝ երկրորդ մասի խորագիրն էր <<Հավատն իբրև գործ>>, որը նվիրված էր Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանվածներին և նրանց օգնություն հասցնելու մարդասիրական ջանքերին: Այս թեմայի շուրջ բանախոսեց Արևմտյան Թեմի սոցիալան օգնության ծրագրերի պատասխանատու Տիրան Ավագյանը, ով իր խոսքում նշեց, որ այդ բոլոր օգնության ծրագրերի իրականացման ջանքերի հիմնական շեշտը հավատքի տարրն է, օրինակ բերելով՝ 1947 թ. Արաբա-Իսրայելական պատերազմի օրերին, Երուսաղեմի Հայ Պատրիարք Կյուրեղ Իսրայելյանի ցուցաբերած ահռելի օգնությունը Երուսաղեմի հայ բնակչությանը, երբ փակված էին քաղաքի բոլոր դարպասները, չկար պարեն, մթերք և տարրական այլ պարագաներ, ավելի քան 5000 հայ բնակիչներ այդ օրերին իրենց ապաստանը գտան Հայոց վանքի տարածքում:

Համաժողովի երրորդ թեման նվիրված էր այն գաղափարին, թե ինչպե՞ս ի մի բերել այս ամենը հավատքի հայտարարին, որը վարեց՝ Բարեշնորհ  Սևան սարկավագ Մովսեսյանը: Քննարկման մասնակից խմբերը լուծումներ էին առաջարկում՝ համայնքի երիտասարդ անդամների կողմից բարձրացված ներկա ժամանակներին առնչվող հոգևոր հարցերին և մտահոգություններին:

Եզրափակիչ խոսքում՝ Տ Վազգեն Քհն. Մովսէսեանը շնորհակալություն հայտնեց բոլորին, հատկապես Արևմտյան Թեմի Բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ.  Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանին՝ Իր հետևողականության, ինչպես նաև նմանատիպ համաժողովների խրախուսման, աջակցության և ուղղորդման համար: «Սա նոր շունչ է տալիս», - ասաց Տեր Վազգենը,- «Տեսնել երիտասարդներին ոչ միայն որպես «Եկեղեցու ապագա», այլ նաև որպես այժմ ապրող եկեղեցի,  ովքեր արտահայտվում և խոսում են այն ամենի մասին, ինչն այսօր կարևոր է և էական»:

Համաժողովի ավարտին Սրբազան Հայրն Իր երախտիքի խոսքն ուղղեց այս համաժողովի կազմակերպիչ և պատասխանատու՝ Արժ. Տ. Վազգեն Քահանա Մովսեսյանին, ով ջանասիրաբար և ամենայն պատասխանատվությամբ արդեն հինգերրորդ տարին է ինչ կյանքի է կոչում՝ այս այսքան պահանջված և բովանդակալից համաժողովը, որի նպատակակետը մշտապես եղել և մնում է հանրությանը հուզող և առավել պահանջված հարցերը, Գերաշնորհ Սրբազան Հայրը նաև Իր սրտի անչափ ուրախությունն ու հրճվանքը հայտնեց հատկապես երիտասարդների կողմից տրված պայծառ ու բովանդակալից բացատրությունների համար, Իր խոսքում նշելով, որ. «Մեր երիտասարդներն ամենայն պատասխանատվությամբ են վերաբերվում  հավատքի հարցերին, ուստի փաստ է, որ Քրիստոնեությունը մեր երիտասարդների համար փիլիսոփայություն չէ, այլ կյանքի ուղենիշ է և կենսակերպ»:

Ամփոփելով համաժողի թեմաները, պետք է նշենք, որ երեք հանձնախմբերը խորքային իմաստով քննարկեցին իրենց առջև դրված երեք հիմնական թեմաները. Առաջին՝ Քրիստոնեությունը վերապրելու և վերապրեցնելու իրենց տեսլականը, երկրորդ՝ թե ինչպե՞ս պետք է դիտարկել հավատքին առնչվող հարցերը մարդասիրական և սոցիալան ծառայությունների տեսանկյունից, և երրորդ՝ գործնական հավատք, թե ի՞նչ է մեր կյանքում ու մեզ համար հավատը և ինչպե՞ս ենք մենք սահմանում այն:

Կարծում ենք, որ նմանատիպ համաժողովները, քննարկումները կենսական և ապրեցնող նշանակություն ունեն ինչպես խոցելի, այնպես էլ սոցիալական տարբեր շերտերի և խմբերի համար, մանավանդ այս հետ-համաճարակային և անկայուն ժամանակահատվածում: Ուստի իսկապես դրվատանքի և գովեստի է արժանի Տ. Վազգեն Քահանա Մովսեսյանի  այս նախաձեռնությունը, որն իր արդյունավոր պտուղներն է տալիս  Եկեղեցու և համայնքային  անդաստանից ներս: Մաղթե՛նք Տեր Հորը, քաջ առողջություն և կորով, որպեսզի շարունակի իր այս գեղեցիկ, նվիրական և արգասաբեր նախաձեռնությունը:


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները