Թեմ
Հրապարակված է: 02/05/2021
Հայոց մեջ պահեցողությունը բավական տարածված երեւույթ է։ Մեր հայրենակից-ներից շատերն են հետաքրքրվում պահեցողությամբ, մասնավորաբար Մեծ Պահքի նախoրեին։ Քիչ չեն հեռաձայները եկեղեցիների գրասենյակներ, որոնք հիմնականում միտված են մեկ հիմնական հարցի պարզաբանման. ի՞նչ է արտոնված ուտել պահոց օրերին։
Որպեսզի այս եւ նման հարցերին պատասխանենք՝ փորձենք միասնաբար հասկանալ թե ինչ է պահքը։
Պահքի իրական իմաստն ըմբռնելու համար նախ կարեւոր է իմանալ տարբեր լեզուներում կիրառվող «պահք» բառի իմաստը։ Օրինակ՝ եբրայերենում պահքը կոչվում է «ծում» (צום) որը հիմնականում նշանակում է վշտի ժամանակ հեռու պահել սեփական անձը սնունդից եւ ըմպելիքներից։ Նման պահք էին պահում, օրինակ՝ Դավիթ եւ Աքազ արքաները (Բ․ Թագավորաց 12։16), (Գ․ Թագավորաց 21։27): Հետաքրքիր է, որ այս բառը նաեւ գործածվում է հայերենում «ծոմ» տարբերակով, որը վերջին ժամանակներում ավելի խիստ պահեցողության իմաստ է ստացել։ Անգլերեն “Lent” բառը ծագում է անգլոսաքսոնական “Lenten” բառից, որը նշանակում է «գարուն»։ Պահք բառը, համաձայն ամենից տարածված տեսակետի, նշանակում է անձը ետ պահել կյանքի պարարտություններից եւ աշխարհիկ մեղսալից ու ճոխ երեւույթներից։
Հայց․ Եկեղեցում գոյություն ունի երեք տեսակի պահք․ Օրապահք, Շաբաթապահք եւ Մեծ Պահք։ Համաձայն Հայց․ Առաքելական Եկեղեցու օրացույցի՝ տարվա գրեթե կեսը (շուրջ 160 օր) պահոց օրեր են։
Օրապահքերի առաջին հիշատակությունը գալիս է «Դիդախե» կոչվող գրքից (80-140թթ.), ուր խոսվում է այն մասին, որ Քրիստոսի մատնության եւ խաչելության օրերին (չորեքշաբթի եւ ուրբաթ) պետք է պահք պահել։
Հայց․ Առաքելական Եկեղեցում շաբաթապահքերը տասներկուսն են։ Վերջիններս հիմնականում նախորդում են տաղավար (կարեւոր) տոներին, առնչվում են տարվա եղանակների եւ մեծանուն սրբերի հետ․ ինչպիսին է օրինակ Առաջավորած պահքը:
Մեծ Պահքը տեւում է 40 օր եւ հանդիսանում է Հայց․ Եկեղեցու ամենից տարածված պահքը։ Վերջինիս օրինակները տեսնում ենք Հին եւ Նոր Կտակարաններում, որոնցից ամենակարեւորը մեր Տիրոջ օրինակն է՝ վկայված Մատթեոս եւ Ղուկաս ավետարանիչների կողմից (Մատթ․ 4։1-2, Ղուկ․ 4։1-2)։
Երկրորդ դարի եկեղեցու անվանի հայրերից մեկի՝ Իրինիոս (Երանոսի) մոտ, արդեն վկայություն կա այն մասին, որ որոշ քրիստոնյաներ Տիրոջ օրինակով 40 օր պահք են պահում եւ ավելացնում, որ այս ավանդությունը գալիս է նախնիներից, այսինքն՝ առաքելական շրջանից։ Կարեւոր է նշել նաեւ, որ Մեծ Պահքը նախորդում է Ավագ Շաբաթին եւ Մեր Տիրոջ եւ Փրկչի հրաշափառ Հարությանը։
Մեր օրերում պահեցողության վերաբերյալ երեք հիմնական տեսակետ կա․
Ա․ Բողոքական կամ ավետարանական տեսակետ, համաձայն որի պահեցողությունը անհրաժեշտ չէ քրիստոնյայի համար։ Ավելին՝ շատ բողոքականներ ոչ միայն չեն ընդունում պահեցողությունը, այլեւ՝ խիստ մեղադրում են պահք պահողներին։
Բ․ Ժողովրդական, որն ամենից տարածվածն է։ Համաձայն այս տեսակետի պահքը լոկ առնչվում է կենդանական սննդատեսակներից հրաժարվելու, ինչպես նաեւ կամքի ուժով որոշ վատ սովորություններից ձերբազատվելու հետ։
Գ․ Խորքային, եւ իրական, որը կենտրոնանում է պահքի հոգեւոր եւ ճշմարիտ իմաստի վրա։ Վերջինիս մասին ավելի մանրամասն պիտի խոսենք ստորեւ։
Արդ, ո՞րն է պահքի խորքային իմաստը, եւ ի՞նչ կարեւորություն ունի այն։
Եկեղեցու սրբազան հայրերը ինչպիսիք են օրինակ Սբ․ Բարսեղ Մեծը (4-րդ դար), Սբ․ Հովհան Մանդակունին (5-րդ դար) կամ Հովհաննես Երզնկացին (13-րդ դար), հստակ նշում են, որ պահքը Աստծո առաջին պատվիրանն է՝ հրահանգված Ադամին եւ Եւային (Ծննդոց 2։17)։ Սակայն վերջիններս այդ պատվիրանը չպահելով, մահը ժառանգեցին։ Դրան հակառակ՝ մեր Տերն Իր երկրավոր առաքելությունը պահքով սկսեց, որի հետեւանքով էլ հաղթեց չարին եւ մեզ հավիտենական կյանք պարգեւեց։ Փաստորեն, պահեցողությունը կյանքի եւ մահվան հարց է հանդիսանում։
Ուղղափառ քրիստոնեական վարդապետության մեջ պահքը մշտապես դիտարկվել է որպես հոգեւոր մաքրագործման կարեւորագույն միջոց, հոգեւոր ձուլարան, որը ընկալվել է նաեւ իբրեւ «լուսավոր տխրություն»։ Ահա թե ինչպես է արտահայտվում այս մասին Սբ․ Հովհան Մանդակունի հայրապետը․ «Առաջին սրբերը երբ կամենում էին Աստծուն մոտենալ, նախապես պահքով էին մաքրվում եւ դրանից հետո է, որ Մաքուրին էին մոտենում եւ Նրան տեսնում։ Իսկ նրանք, ովքեր պահքից հեռացան, Աստծո շնորհից հեռացան եւ բազում չարիքներով չարչարվեցին»։
Ինչպես մեզանից յուրաքանչյուրը նյութական հայելու կարիք ունի, որպեսզի տեսնի իր մարմնի իրական պատկերը եւ հարկ եղած դեպքում շտկումներ իրականացնի, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրը հոգեւոր հայելու անհրաժեշտություն ունի, որը պարտադիր է մեր ներաշխարհը սթափ վերլուծելու եւ անհրաժեշտ հոգեւոր շտկումներ կատարելու համար։ Այստեղ հատկանշական է նշել, որ նյութական հայելու կարեւորությունը բոլորն են զգում, իսկ հոգեւոր հայելունը՝ շատ քչերը։ Պահքը նաեւ հրաշալի առիթ է հոգեւոր մահացու հիվանդությունները նախապես նկատելու եւ արդյունավետ կանխելու համար, քանզի ինչպես քաղցկեղն է կործանարար մարմնի համար, այնպես էլ մեղքը` հոգու։
Պահեցողության արդյունքում էր, որ Մովսեսը Տիրոջից ստացավ Տաս պատվիրան-ները եւ մարդկությանը փոխանցեց Աստծո Օրենքը (Ելից 20:1-17), մինչդեռ այդ նույն ժամանակ հրեաները խրախճանքներ էին կազմակերպում, երգում եւ պարում (Ելից 32:6)։ Նման կենցաղը, որն Աստված «անօրենություն» անվանեց, հետեւանք էր կռապաշտության՝ Ոսկե հորթի երկրպագության (Ելից 32։4)։
Պահեցողությամբ եւ աղոթքով ենք մերձենում Աստծուն եւ սկսում ճանաչել մեր Տիրոջն ու Փրկչին։ Նման ուսուցողական օրինակ ենք տեսնում Աննա մարգարեուհու կերպարի մեջ, ով «ծոմապահությամբ եւ աղոթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն» (Ղուկաս 2։33): Այդ էր պատճառը, որ Աննա մարգարեուհին շնորհ գտավ Տիրոջն իր աչքերով տեսնելու, Նրան մոտիկից ճանաչելու եւ Փրկչին վկայելու Երուսաղեմի բնակիչներին։
Հաճախ ենք լսում աղոթքի անհրաժեշտության եւ կարեւորության մասին, սակայն հազվադեպ ենք անդրադառնում, որ միայն աղոթքները երբեմն բավարար չեն լինում մեր խնդիրները հաղթահարելու համար։ Աղոթքն անհրաժեշտ է լինում համակցել պահեցողությամբ։ Ահա այս ճշմարտությունն էր վկայում մեր Տերն ասելով․ «Այդ տեսակը ուրիշ բանով չի ելնի, եթե ոչ ծոմապահությամբ ու աղոթքով» (Մարկ. 9:28): Պահքի անհրաժեշտության եւ կարեւորության մասին են խոսում նաեւ Տիրոջ հետեւ-յալ բառերը․ «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ եղեք ․․․» (Մատթ․ 6։17)։ Ուրեմն, «Երբ ծոմ պահեք», ոչ թե՝ «եթե ծոմ պահեք»։ Այս նույն համարի մեջ Հիսուս մեզ ուսուցանում է նաեւ պահքի ընթացքում զգուշանալ կեղծավորության դրսեւորումից․ «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երեւան, թե ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը։ (Մատթ. 6:17): Արդարեւ` «Բարի են աղոթքները՝ պահեցողություններով, ողորմություններով եւ արդարություններով» (Տովբիթ 12։8):
Պահեցողության անհրաժեշտությունը հստակ էր նաեւ Տիրոջ առաքյալների համար, որոնք Տիրոջ խոսքերի համաձայն թե՝ «կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցվի, եւ ապա ծոմ կպահեն» (Մատթ․ 9։15), հաճախ պահք էին պահում ՝ մասնավորաբար, երբ կարեւոր հանգրվանների առջեւ էին կանգնած․ «Մինչ նրանք Տիրոջ պաշտամուն-քի մեջ էին եւ ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց նրանց. «Բառնաբասին եւ Սողոսին առանձնացրե՛ք ինձ համար, որ անեն այն գործը, որին ես դրանց կոչել եմ»։ Այն ժամանակ ծոմ պահելով եւ աղոթելով՝ ձեռք դրեցին նրանց վրա եւ ուղարկեցին»։ (Գործք 13։2-3)։
Իրավամբ, հոգեւոր հասունությունը հնարավոր է միայն ճշմարիտ ուղղորդության եւ կարգապահության շնորհիվ, իսկ պահեցողությունը հենց դա է մեզ փոխանցում։
Պահքը դիտվում է նաեւ իբրեւ հոգեւոր ճանապարհորդություն կամ ուխտագնացու-թյուն, որը հավատացյալին ուղղորդում է դեպի հավիտենական կյանք։ Իսկ ճանապարհ գնալուց առաջ նախ որոշում ենք նրա ուղին եւ նպատակակետը, գիտակցում, որ ճանապարհին դժվարություններ կարող են լինել` փոթորիկ, անձրև, հոգնություն, գայթակղություններ, նեղություններ, և այլն:
Կարեւոր է գիտակցել, որ որքան էլ մենք փորձենք խույս տալ դժվարություններից եւ փորձություններից՝ միեւնույն է՝ նրանք անխուսափելի են։ Վերջիններս հաղթահա-րելու համար միասնական ջանք է հարկավոր։ Այստեղից էլ գալիս ենք ընդհանրական աղոթքի, հսկումների եւ ծոմապահության գաղափարին, այլ խոսքով՝ Եկեղեցու անհրաժեշտության, որը միության գրավականն է՝ հավատացյալների ժողովը (Մատթ․ 18։17), «մենք»-ի խորհրդանիշը։
Ճանապարհի համար սնունդ է հարկավոր, որը լինում է նյութական եւ հոգեւոր։ Նախ խոսենք նյութական սնունդի անհրաժեշտության մասին։
Մարդ արարածը կախվածության մեջ է նյութական սնունդից։ Մենք սնվում ենք ամեն օր, օրական մի քանի անգամ եւ մեր ժամանակի զգալի մասը անց ենք կացնում սնունդի մասին հոգ տանելով։ Ի վերջո, շատերս աշխատում ենք միայն նյութական սնունդ ապահովելու համար։ Այդ է պատճառը, որ մարդն աստիճանաբար ընկնում է սնունդից կախվածության կամ որկրամոլության մեղքի մեջ եւ անգամ չի էլ գիտակցում այդ։
Եկեղեցու հայրերից սուրբ Բարսեղ Մեծը (4-րդ դար) որկրամոլությամբ տառապող մարդուն նմանեցնում է ծանրաբեռնված նավի, որը մոտ է խորտակման, իսկ Սբ․ Հովհան Մանդակունին (5-րդ դար) ասում է՝ «Ովքեր որովայնին են ծառայում, չեն կարող Աստծուն ծառայել»։ Ահա սա է այն հիմնական պատճառներից մեկը, որ մարդկության թշնամին առաջին իսկ օրվանից սկսած մինչեւ մեր օրերը սնունդով է փորձում է մեզ «․․․ասա՛, որ այս քարերը հաց լինեն» (Մատթ․ 4։3), իսկ Տիրոջ պատասխանը մեզ հստակ օգնում է հասկանալու, որ․ «․․․Միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից» (Մատթ․ 4։4)։
Ուրեմն, նյութական սնունդը իրապես կարեւոր է եւ պահքի շրջանում հրաժարվելով բոլոր կենդանական ծագում ունեցող սնունդներից, (բացառությամբ մեղրից) մենք իրապես մաքրում ենք մեր մարմինները եւ կազդուրվում։ Սակայն, հստակ գիտակցություն է հարկավոր , որ՝ «Աստծու արքայությունը ուտելիք եւ ըմպելիք չէ, այլ՝ արդարություն եւ խաղաղություն եւ խնդություն Սուրբ Հոգով» (Հռոմ․ 14։17) եւ որ՝ «ուտելիքը չէ, որ մեզ Աստծու առաջ է կանգնեցնելու» (Ա․ Կորնթացիս 8։8)։
Հիշենք՝ «Ոչ թե ինչ որ բերանով է մտնում, ա՛յն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից՝ ա՛յն է պղծում մարդուն» (Մատթ. 15։10-11):
Այսու, պահքի շրջանում մարմնական ուտելիքից առավել անհրաժեշտ է կենտրոնանալ հոգեւոր սնունդի վրա՝ «Միս չես ուտում, բայց եղբորդ [միսն] ես ուտում։ Գինի չես խմում, սակայն չես հրաժարվում [նրա հանդեպ] թշնամական վերաբերմունքից» (Սբ․ Բարսեղ Մեծ, 4-րդ դար)։ Պահքը հրաշալի առիթ է ընձեռում հայ քրիստոնյային առավել սնվել հոգեւոր հացով՝ Սբ․ Գրային ընթերցանությամբ, Եկեղեցու սրբազան հայրերի գրականությամբ, անդադար աղոթքներով եւ բարեգործությամբ։ Այլ խոսքով՝ պահքը հրաշալի առիթ է պայծառակերպության եւ այլակերպության։
Եկեք ուրեմն հարց տանք ինքներս մեզ թե «ինչո՞ւ ենք պահք պահում»։ Արդյո՞ք ավելորդ քաշից ազատվելու, մեր կամքի ուժը փորձելու (հրաժարվել սիրած ուտելիքից կամ արարքներից), թե հոգևոր պայծառակերպության, որը ենթադրում է դրական փոփոխություն՝ անձնական, ընտանեկան, աշխատանքային և հասարակական կյանքում: Պահքի եւ ծոմպահության միջոցով Քրիստոս մեր ներաշխարհն է փոխում, իսկ մենք՝ մեզ շրջապատող աշխարհը:
Վերջում ցանկանում եմ մեջբերել Եսայի մարգարեի կողմից մեզ փոխանցված մի հատված, որում Աստված մեզ է փոխանցում, իրական պահեցողության ձեւը․
«Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, եւ դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, եւ դու չիմացար։ Արդ, ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում եւ կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ։ Հակառակության եւ կռիվների մեջ եք պահում եւ բռնցքահարում տկարին։ Իսկ իմ ինչի՞ն է պետք այդպիսի ծոմապահության օրը. դուք պիտի գաք բողոքեք ինձ, եւ ես չպիտի լսեմ ձեզ։ Այդպիսի ծոմապահությունը չէ, որ ես ընտրեցի, եւ ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում։ Եթե պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի ծոմ եւ ընդունելի օր. այդպիսի ծոմապահությունը չէ, որ ես ընտրեցի, -ասում է Տերը։ - Քանդի՛ր անիրավության հանգույցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը, ների՛ր ու արձակի՛ր նեղյալներին եւ պատռի՛ր բոլոր անիրավ մուրհակները։ Քաղցածների՛ն բաժանիր քո հացը եւ անօթեւան աղքատների՛ն տար քո տունը. եթե մերկ մարդ տեսնես՝ հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր։ Այն ժամանակ այգաբացի պես պիտի ծավալվի քո լույսը, եւ արագորեն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջեւից պիտի ընթանա քո արդարությունը, եւ Աստծու փառքը պիտի պահպանի քեզ (Եսայի 58:3-8):
Ի ՔՐԻՍՏՈՍ
Հայկ Մադոյան
Փետրվար 02, 2021