Թեմ
Հրապարակված է: 01/21/2021
Սիաթլի Սբ. Հարություն վարժարանը Սուրբ Ծնունդն այս տարի տոնեց հունվարի 10-ին:
Սբ. Հարություն եկեղեցում մատուցված պատարագից հետո, վարժարանի ուսուցչական կազմը ներկայացրեց փոքրիկ բեմադրություն:
Հանդեսի բացումը կատարեց վարժարանի տնօրեն Ալինա Սահակյանը. «Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս, ահա ճանապարհում ենք փորձություններով լի 2020 թվականը: Երևի, թե բոլորս էլ ուրախ ենք, որ այն արդեն հեռացել է՝ իր տեղը զիջելով նոր տարվան՝ 2021-ին: Խնդրում եմ Աստծուց, որ այս նոր տարվա օրերը լեցուն լինեն սիրով, երջանկությամբ, հաջողությամբ, առողջությամբ:
Նո՛ր Տարի, դիմում եմ պահանջելու պես, թող գալուստդ բարի լինի, այնպես արի, որ ավելանա աշխարհի բարին:
Արի՛, Նոր Տարի, գալուստդ բարի,
Բայց այնպես արի, որ անձրևը հորդ մեր Սիաթլի՝
Սրբելով տանի ո՛չ միայն կեղտը հոգնած մայթերի,
Այլ նաև փոշին մեր հոգիների...»:
Իր խոսքի ավարտին՝ տիկ. Ա. Սահակեանը շնորհակալություն հայտնեց վարժարանի ուսուցչական անձնակազմին, որոնք, չնայած համաճարակի ստեղծած բազում դժվարություններին, չհուսալքվեցին և չհանձնվեցին, այլ անձնվիրաբար շարունակեցին իրենց մանկավարժական առաքելությունը:
Ապա Սբ. Հարություն վարժարանի ուսուցիչները ներկայացրին «Սուրբ Ծնունդը դպրոցում» թեմայով փոքրիկ, բայց ուրախ և ոգևորիչ բեմադրությունը: Ցավոք, համաճարակի պատճառով ներկայացմանը չէին մասնակցում վարժարանի բոլոր սաները, սակայն ներկայացման ինտերակտիվ բնույթը հնարավորություն տվեց ներկաներին չլինել պարզ դիտորդի դերում, այլ մասնակցել ընթացքին և, ինչու չէ, նոր գիտելիքներ ձեռք բերել:
Ներկայացման ավարտին՝ իր օրհնությունն ու բարի մաղթանքները ներկաներին փոխանցեց Սբ. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն քհնյ Բոյաջյանը։ Տեր հայրը նշեց, որ բարձր է գնահատում Սբ. Հարություն վարժարանի տնօրենուհի Տիկին Ալինա Սահակյանի և այնտեղ դասավանդող բոլոր ուսուցիչների կատարած աստվածահաճո աշխատանքը, քանզի նրանց միասնական ջանքերի, նվիրումի և պատրաստակամության շնորհիվ է վարժարանը կատարում իր առաքելությունը՝ կրթում և դաստիարակում է սերունդներ: Դիմելով աշակերտներին՝ Տէր Վազգենը հորդորեց, որպեսզի նրանք լավ սովորեն, շատ սիրեն իրենց վարժարանն ու եկեղեցին:
Սուրբ Ծննդյան հանդիսությունն ավարտվեց հաճելի անակնկալով. վարժարանի ուսուցիչները և աշակերտները ստացան Կաղանդի և Սուրբ Ծնունդի նվերներ։