Նվիրաբերել

Աշխատանքային Քննարկումներ Շաբաթնօրեայ Վարժարանների Հոգեւոր Հովիւների, Տնօրէնների Եւ Ուսուցիչների Մասնակցութեամբ

Թեմ

Հրապարակված է: 01/20/2021


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՇԱԲԱԹՆՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԻ ՀՈԳԵՒՈՐ ՀՈՎԻՒՆԵՐԻ, ՏՆՕՐԷՆՆԵՐԻ ԵՒ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ

Արեւմտեան թեմի կրթական հաստատութիւնները եւ յատկապէս Շաբաթնօրեայ վարժարանների գործունէութիւնը մշտապէս եղել են եւ մնում են Առաջնորդ Յովնան Արքեպիսկոպոսի ուշադրութեան կենտրոնում, այն նպատակադրումով, որ ինչպէս բանաձեւել է Առաջնորդ Սրբազանը՝ «դպրոցը հայ եկեղեցու կողքին հաւասար առաքելութիւն է»։

Յունուարի 9-ին եւ ապա Յունուարի 16-ին Յովնան Արք. Տէրտէրեանի ատենապետութեամբ տեղի ունեցան Թեմի Շաբաթնօրեայ վարժարանների հոգեւոր հովիւների, տնօրէնների եւ ուսուցիչների աշխատանքային տեղեկատուական զոյգ քննարկումներ՝ հիմնական նպատակ ունենալով ամփոփել նախորդ ուսումնական բարդ կիսամեակը, փոխանակելու դպրոցների փորձը եւ ուրուագծելու յառաջիկայ անելիքները։

Առաջնորդ Սրբազանն իր խօսքում նշեց, որ 2020 թուականի մարտ ամսից շաբաթնօրեայ մէկօրեայ դպրոցների դասերը դարձան առցանց, եւ հաւանաբար մինչեւ յառաջիկայ Մայիս-Յունիս մեծ փոփոխութիւնների ակնկալիք չկայ։ Ծանր է անշուշտ նման պայմաններում կանոնաւոր դասընթաց ունենալ, սակայն այլ ճանապարհ չկայ՝ ըստ հնարաւորին պիտի շարունակել դասերը, քանզի «եթէ դպրոցների եւ աշակերտների հետ կապ չլինի, մէկ տարուայ բացը ու վնասը ազդելու է գալիք 10 տարուայ վրայ», ասաց Յովնան Սրբազանը։ Նա նաեւ շնորհակալութիւն յայտնեց տնօրէններին, ուսուցիչներին՝ ներկայ կացութեան մէջ աշխատանքը շարունակելու համար։

Ծանր ժամանակաշրջան է դպրոցների համար, սակայն ամէն պարագային Շաբաթնօրեայ դպրոցները անցնող ամիսներին գտել են զանազան ձեւեր՝ դասերը այս կամ այն կերպ շարունակելու համար։ Արեւմտեան թեմի 18 Շաբաթնօրեայ դպրոցների մեծ մասը դասերը ներկայիս անցկացնում են առցանց դրոյթով, սակայն մի քանի դպրոցներ, այդ թւում՝ Սիաթըլի դպրոցը շարունակում է բացօթեայ դասերը՝ պահպանելով մըտ 65-70 աշակերտի մասնակցութիւն, ընդ որում բացօթեայ անցկացնելու համար խնդրել են ծնողները։ Բացօթեայ են անցկացւում նաեւ Լաս Վեգասում, մանաւանդ որ, ինչպէս յայտնեց դպրոցի ուսուցիչ Քրիստինէ Մխիթարեանը, տանից պարապմունքնեը չեն կարող փոխարինել դպրոցի դասերին։

Բոլոր մասնակիցներն ընդգծում էին, որ ծնողները մշտապէս շահագրգիռ են, որպէսզի դասերը անցկացուեն լիարժէք, եւ սահմանափակումները վերացնելիս աշակերտները գրեթե ամբողջովին կը վերադառնան դպրոցներ։ Իրաքահայ միութեան դպրոցը դասեր է ապահովել անգամ ամռանը՝ ուսուցիչների կամաւոր աշխատանքով։ Սիաթըլի դպրոցում բացօթեայ դասերը միաժամանակ անցկացւում են առցանց, որպէսզի աշակերտները դասին մասնակցեն նաեւ տանից։ Նոյն Սիաթըլի դպրոցում զգուշութեան համար որոշ առարկաներ հանուել են ծրագրից եւ պահպանուել են միայն Հայոց լեզու եւ Հայոց պատմութիւն։

Դպրոցների մեծ մասը դասերը շարունակում են առցանց, եւ դրա պատճառով գրեթէ ամենուր պակասել է աշակերտների թիւը։ Օրինակ՝ Իրաքահայոց միութեան դպրոցում, ինչպէս տեղեկացրեց տնօրէն Անահիտ Խաչատուրեանը, 92 աշակերտից պահպանուել են 22-ը, սակայն դասընթացները լիարժէք վերականգնելու դէպքում բոլոր սաները պատրաստ կը լինեն վերադառնալ։ Նոյն պատկերն է նաեւ միւս դպրոցների պարագային։ Ուսուցիչներն ու տնօրէնները խօսեցին նաեւ իրենց փորձի, դասերն առաւել արդիւնաւէտ դարձնելու մեթոդների մասին։

Քննարկումների ընթացքում Սրբազան Հայրը մի շարք յանձնարարականներ տուեց։ Ի մասնաւորի յանձնարարուեց նախապատրաստուել գալիք Զատկական տօներին միասնաբար առցանց միջոցառում կազմակերպելուն, հնարաւոր է՝ առանձին շրջաններ միաւորելով։ Պէտք է շարունակուի նաեւ «նամակ զինուորին» ծրագիրը, եւ Արցախեան ազատամարտի մասնակիցներին հասցէագրուած աշակերտների նամակները պիտի տեղադրուեն զինուորին ուղարկուելիք նուէրի մէջ, որպէս «Սփիւռքից եկած աղօթք»։ Առ ի տեղեկութիւն ներկաներին՝ Առաջնորդ սրբազանը ներկայացրեց նաեւ Արեւմտեան թեմի այն ծրագրերի մասին, որոնք միտուած են աջակցելու Արցախից տեղահանուածներին եւ առհասարակ Արցախին։

Ֆրեզնոյի Շաբաթնօրեայ դպրոցին յանձնարարուեց գտնել ձեւեր՝ դասերը վերականգնելու համար, գոնէ աշակերտների թիւը 50-ի հասցնելով, որի համար անհրաժեշտ կը լինեն յատուկ ծանուցումներ անել։

Իրաքահայ դպրոցի հոգեւոր տեսուչ նշանակուեց Տ. Երեմիա Քհնյ. Խաչատուրեանը։

Դոկտ. Էլի Անդրէաբեանին յանձնարարուեց նախապատրաստել օգոստոսի ամենամեայ ուսուցիչների եւ տնօրէնների քննարկման ծրագիրը։

Ժողովի ժամանակ անդրադարձ եղաւ նաեւ բացակայութիւններին. Սրբազանը յանձնարարեց առաւել ուշադիր լինել նման քննարկումների մասնակցելու համար։

«Ամենից շատ ինձ մտոհոգողը աշխատանքներու մէջ խանդավառութիւնը պահպանելն է ամէն միջոցներով, որպէսզի երեխաները մշտական հաղորդակցութեան մեջ ըլլան միմեանց ու դպրոցներու հետ։ Մեզ համար մեծ յաջողութիւն կը լինի, եթէ գոնէ 30-40 տոկոս մասնակցութիւն կրնանք ապահովել», իր խօսքը եզրափակեց Առաջնորդ Սրբազանը։

Որոշուեց յաջորդ ժողովը հրաւիրել Մեծ Պահքի ընթացքին, որը նաեւ առիթ կը լինի աշակերտներին բացատրելու տօնի խորհուրդը։ Յովնան Սրբազանը պատրաստակամութիւն յայտնեց նուէր-մրցանակներով աջակցելու աչքի ընկած աշակերտներին ու դպրոցներին։

Դիւան Առաջնորդարանի

18 Յունուարի, 2021


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները