Թեմ
Հրապարակված է: 01/08/2021
Հայց. եկեղեցու Հիւսիսային Ամերիկայի Արևմտյան թեմը, համագործակցելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հետ, ստեղծել է Արցախի եկեղեցիների և յուշարձանների պահպանութեան Յանձնախումբ: Նորաստեղծ Յանձնախումբի առաքելութիւնն է՝ նպաստել Արցախի եկեղեցիների ու յուշարձանների պահպանութեանը, որոնք ռազմական գործողութիւնների հետեւանքով յայտնուել են Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած տարածքներում։ Արեւմտեան թեմի Բարեխնամ Առաջնորդ Յովնան Արք. Տէրտէրեանի գլխաւորութեամբ Յանձնախումբն արդէն մի քանի ժողովներ է անցկացրել, ուրուագծելով և գործնական հունի մէջ դնելով գլխաւոր քայլերը։ Արեւմտեան թեմը հրապարակումների շարք է սկսում՝ ներկայացնելով Արցախի հիմնական սրբավայրերն ու դրանց խորհուրդը նոր օրերում, քանզի որքան պատմական, այնքան էլ ժամանակակից հոգեւոր կենտրոններ են Արցախի մեր եկեղեցիներն ու սրբավայրերը, որ սնուցում են քրիստոնյայի հոգին ու միտքը։
Հայկական յուշարձանները Արցախի բնիկ ժողովրդի՝ հայերի անօտարելի պատմութիւնն ու ժառանգութիւնն են, և միաժամանակ մաս են կազմում հայ ժողովրդի ու Հայաստանի ընդհանուր ու պատմական ժառանգութեան: Դրանք նաև չորրորդ դարում հայերի քրիստոնէութեան ընդունումից ի վեր քրիստոնէական հաւատքի կենդանի մարմնացում են:
Անհամար են Բուր Արցախում եւ նրա շրջակայքում հայկական յուշարձանները՝ անտիկ ժամանակներից մինչեւ միջնադար ու մեր օրերը։ Ամէն մի ձորակ, դաշտ, անտառ, ներծծուած են հայկական հետքերով։ Այդպիսին են մանաւանդ քրիստոնէական տաճարներն ու սրբավայրերը, որոնցից առաւել յայտնիներից մէկն է ԴԱԴԻՎԱՆՔԸ։
Միքայէլ Ասորի հեղինակի պատմելով՝ Դադին մէկն էր այն 70-ից, որ Ս. Թադէոսի հրամանով գնացել էին Մեծ Հայքի հիւսիսային շրջաններ քարոզչութեան: Նրա գերեզմանի տեղում՝ Փոքր Սիւնիքում վանք կառուցուեց ու անունը նրա պատուին դրուեց Դադիվանք: Բուն կառուցումները սկսուել են 4-րդ դարից։ 13-րդ դարը վանքի համար ծաղկուն ժամանակաշրջան էր, երբ կառուցուեցին գլխաւոր՝ Արզու Խաթուի տաճարը, որն ունի 1214 թ. այսպիսի արձանագրութիւն. «Ամենակարող հայր Աստծոյ ու նրա Միածին որդու՝ Յիսուս Քրիստոսի օգնութեամբ ու Սուրբ հոգու ընծայի շնորհի՝ ես՝ Քրիստոսի խոնարհ ծառայ Արզու Խաթունս՝ մեծն իշխանաց իշխան Քուրդի դուստրն ու Հաթերքի տիրակալի ու ամբողջ Վերին Խաչենի տոհմի հիմնադիր Վախթանգի կինը, մեծ գորովանքով կառուցեցի սուրբ տաճարն այս' ամուսնուս ու որդիներիս գերեզմանին»:
Դադիվանքը ժամանակին ունէր ծաղկուն այգիներ, արոտավայրեր, տրատու գիւղեր, հիւրատներ, արհեստանոցներ, գրապահոցներ: Տասնամեակների «ազերիական» ու խորհրդային գերութիւնից յետոյ այն հայոց հոգեւոր շունչ է ստացել վերջին երկու տասնամեկներին, յատկապէս վերածուելով զինուորականների համար պահապան սրբավայրի։ Քարվաճառի զօրամասում գնդրէց Մանուէլ Սրկ. Սարգսեանը Դադիվանքի մասին խօսելիս այդ կողմն է կարեւորում.
«Դադիվանքը Քարվաճառի սրբութիւնն է, պահապանն ու գլխաւոր ուխտատեղին: Որպէս Օմարի արծիւների գնդերէց՝ երկու տարի պատիւ եմ ունեցել հոգևոր ծառայութիւնս անցկացնել Քարվաճառում: Դադիվանքի հետ կապուած է այնտեղ ծառայող ամէն մի զինուորը: Շատերի համար այն խորհրդանշական ու յիշարժան է, որովհետև այնտեղ է տուել երդումը ծառայելու հայրենիքին, կեանքի գնով պահպանելու մեր սրբութիւնները: Ոմանք էլ մկրտուելով իրենց հոգևոր ծնունդն են ստացել Դադիվանքում:
Յիշում եմ ամպերից էլ վեր գտնուող բարձրադիր ժայռերում մարտական ծառայութիւնն իրականացնող սպաներից մէկին հարցրի, թէ ի՞նչն է իրեն ստիպում արեան գնով պաշտպանելու իրեն վերապահուած մարտական դիրքը: Նա ինձ պատասխանեց, թէ այն միտքը, որ նահանջելու դէպքում թշնամին մուտք կը գործի թիկունքում գտնվող Դադիվանքը ստիպում է կեանքի գնով պայքարել և չյանձնուել: Պէտք է փաստեմ, որ այս մտածումը, այս գաղափարը, որ թշնամին կարող է ոտնահարել մեր սրբութիւններն ու մուտք գործել զինուորի սրտի սրբավայր Դադիվանք, ստիպեցին մեր զինուորներին մինչև վերջին րոպէն անառիկ պահել սահմանները և թոյլ չտալ թշնամու առաջխաղացումը: Այս սրբազան առաքելութեան համար իրենց կեանքը զոհեցին բազմաթիւ անմահ հերոսներ, որոնց անուններն ու յիշատակը պէտք է անմար մոմի պէս լուսաւորի Քարվաճառի սրբութիւն սրբոց Դադիվանքի աղօթասէր պատերը և ուխտաւորներին յիշեցնի հերոս զինուորների սխրանքի մասին», պատմում է Մանուէլ Սրկ. Սարգսեանը։
Իւրաքանչիւր հայորդի, կարծում ենք, սրտի պարտք ունի՝ ուխտի գնալ Դադիվանք, այնտեղ աղօթք բարձրացնել առ Ամենակալը՝ հայոց պետության, բանակի եւ ժողովրդի պահպանութեան ու զարգացման համար։
Նորայր Պօղոսեան
6 Յունուարի, 2021