Թեմ
Հրապարակված է: 12/18/2020
Ինչպէս վերջերս յայտնել ենք, Թեմակալ առաջնորդ Յովնան Արք. Տէրտէրեանի տնօրինութեամբ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայութեան բաժանմունքի հետ համագործակցութեամբ, Արևմտեան թեմը նախաձեռնել է նոր մարդասիրական ծրագիր՝ ի աջակցութիւն Արցախի տեղահանուած ընտանիքների։
2020 թուականի աշնան 44-օրեայ պատերազմի արդիւնքում Ադրբեջանին բռնակցուած տարածքների իրենց բնիկ գիւղերից, քաղաքներից, տներից, այդ թւում՝ Հադրութի ու Շուշիի շրջաններից տասնեակ հազարաւոր Արցախահայեր են տեղահանուել և այժմ բնակւում են Հայաստանում, սոցիալական ծանր կացութեան մէջ, սկսած պարզ կացարաններ գտնելուց մինչև սնունդի, հագուստի և կեանքի համար անհրաժեշտ այլ պարագաների հայթայթում։ 21-րդ դարը անգամ մեզ չփրկեց ու չապահովագրեց այս աղետալի իրավիճակներից։
Այժմ փոքր-ինչ մխիթարութեամբ պէտք է յայտնենք, որ տեղահանուածների աջակցութեանը նուիրուած՝ Արևմտեան թեմի ծրագիրը լուրջ արդիւնքներ է գրանցել. Մայր Աթոռի հաշուին արդէն փոխանցուել է առաջին գումարը՝ 50.000 ԱՄՆ տոլար։ Դրա շնորհիւ Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի Սոցիալական Ծառայութեան գրասենեակի հետ գործակցութեամբ պիտի ապահովուի Մայր Աթոռի կացարաններում բնակութիւն հաստատած ընտանիքների սնունդը, կոմունալ ծախսերը, իսկ մնացեալ մասը պիտի ուղղուի այլ շրջաններում ապաստանածներին եւ Արցախ վերադարձած կարիքաւոր ընտանիքներին։
Ուրախ ենք յայտնելու նաև, որ նմանօրինակ բարեսիրական ծրագրի համար իր ծանրակշիռ մասնակցութիւնն է բերել նաև Սիաթլի հայ համայնքը՝ Հայաստան փոխանցելով ևս 50.000 դոլարի գումար։
Վերջին օրերուն Արևմտեան թեմէն Հայաստան ուխտաւորաբար այցելութիւն կատարողներ իրականացուցած են զանազան նուիրատուութիւններ, որոնց շարքին հարկ է յիշել Քուփերտինոյի Ս. Անդրէաս եկեղեցւոյ նուիրաբերումը 17 զինուորականներին, իւրաքանչիւրին տրամադրելով 300-ական տոլար, նոյնօրինակ ծրագիր է իրականացուցած Սան Ֆրանցիսքոյի Ս. Յովհաննէս եկեղեցւոյ որոշակի նուիրատուութիւնը։
Զանազան նուիրաբերումներ ևս կատարել են Արևմտեան Ափի մեր բարերարների կողմից։ Նուիրատուութիւնները կանոնաւորաբար շարունակւում են։
Առ Աստուած աղօթքով յուսալից ենք, որ մարդասիրական այս ծրագրերը յաջողութեամբ պիտի շարունակուեն եւ որոշակի դարման դառնան Հայաստանի եւ Արցախի մեր քոյրերուն ու եղբայրներուն։
Դիւան Առաջնորդարանի