Թեմ
Հրապարակված է: 12/11/2020
ԱՄՆ Արևմտեան թեմում, թեմակալ Առաջնորդ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի նախաձեռնութեամբ ու ատենապետութեամբ, ստեղծուել է Արցախի հայկական Ժառանգութեան պահպանութեան յանձնախումբ։ Սա թէ՛ 44-օրեայ պատերազմի, թէ՛ առհասարակ Արցախեան հակամարտութեան ամենից կարևոր հարցերից է, քանզի հազարամեայ մեր նիւթական մշակոյթի արժէքները տասնամեակներ շարունակ վտանգուած են Ադրբեջանի տարածքում, շատերը ուղղակի ոչնչացւել են, և ադրբեջանական կողմին անցած տարածքներում մնացած արժէքները բնականօրէն ենթակայ են նոյն վտանգներին։
Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցաւ յանձնախումբի անդրանիկ առցանց ժողովը, որի ժամանակ նախանշուեցին խնդիրները, դրանց լուծման ուղիները։ Յանձնախմբի անդամներ են Ամերիկեան գիտական ու իրաւաբանական շրջանակներում յայտնի գործիչներ ու պաշտօնեաներ, ինչպէս նաև Մայր Աթոռում գործող՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգութեան հարցերով գրասենեակի պատասխանատու Տ. Գարեգին Վրդ. Համբարձումեանը։
Հ. Գարեգինն իր խօսքում ներկայացրեց, որ Արցախում ունենք աւելի քան 4000 նիւթական արժէքներ, այդ թւում՝ եկեղեցիներ ու վանքեր, ամրոցներ, հնավայրեր և այլն, որոնց մի մասը Նոյեմբերի 9-ի հրադադարի յայտարարութեամբ անցել են ադրբեջանական կողմի վերահսկողութեան ներքոյ գտնուող տարածքներում։ Ներկայումս դրանց պահպանութեան համար առաւել մեծ ջանքեր են անհրաժեշտ, այդ թւում՝ միջազգային կառոյցների հետ՝ օգտուելով նաև մեր թեմերի հնարաւորութիւններից։
Մասնակից ելոյթ ունեցողները առաւել կարևորեցին յատկապէս հոգևոր ու մշակութային կառոյցների իրաւաբանական հաստատման, իրաւական պաշտպանութեան հարցերը, որի համար նախ անհրաժեշտ կը լինի կազմել ամբողջական ցանկեր, ունենալ կառոյցների պատկանելութեան փաստաթղթեր՝ իրաւական ճանապահով շարժուել կարողանալու համար։
Ամփոփելով ժողովը՝ Յովնան Սրբազանը նշեց հիմնական ուղղութիւնները, որոնք կարևոր պիտի լինեն յանձնախմբի յետագայ աշխատանքների համար, որոնց շարքին՝ պատրաստել ու յստակեցնել նիւթական մշակոյթի արժէքների ցանկերը, դիմել ՅՈՒՆԵՍԿՈ-ին և միջազգային այլ կառոցներին՝ համագործակցաբար Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հետ, դրանց ապահովուեան պահպանութեան հարցով, լայնօրէն օգտագործել մեդիա հարթակները՝ քարոզչական նպատակներով, որի համար Արևմտեան թեմը, Յովնան Սրբազանի հաւաստիացումով, պատրաստ է տրամադրել իր բոլոր հնարաւորութիւնները։