Նվիրաբերել

Ի Տեր Ննջեց Տ. Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանը

Թեմ

Հրապարակված է: 11/19/2020


Ի Տեր ննջեց Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը

Խորը ցաւով յայտնում ենք, որ նոյեմբերի 19-ի առաւօտեան կ'որոնաւիրուսի պատճառով վախճանուել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններից Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջեանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութիւնը խորապէս սգում են լուսահոգի Սեպուհ Սրբազանի անժամանակ մահը:

Սրբազան Հօր վախճանը մեծ կորուստ է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Գուգարաց թեմի եւ նրա հաւատաւոր զաւակների համար:

Սրբազան Հօր յուղարկաւորութեան հետ առնչուած անհրաժեշտ տեղեկութիւնները կը հաղորդուեն առաջիկային:

Յիշատակն արդարոյն օրհնութէամբ եղիցի:

 

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

Տ. ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋԵԱՆ

Ծնուել է 1959 թ. մարտի 24-ին Թուրքիայի Մալաթիայ քաղաքում: Նախնական կրթութիւնը ստացել է Կ. Պոլսի Ներսիսեան վարժարանում:

1969 թ. ընտանիքով հայրենադարձուել է Հայաստան եւ բնակութիւն հաստատել Գիւմրի քաղաքում, որտեղ շարունակել եւ աւարտել է միջնակարգ կրթութիւնը:

1978 թ. ընդունուել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգեւոր ճեմարան:

1979 թ. զօրակոչուել է խորհրդային բանակ եւ զօրացրուելուց յետոյ ուսումը շարունակել Հոգեւոր ճեմարանում:

1985 թ. դեկտեմբերին սարկաւագ է ձեռնադրուել՝ ձեռամբ Մայր Աթոռի Լուսարարապետ Տ. Յուսիկ արքեպիսկոպոս Սանթուրեանի:

1986 թ. մարտին պաշտպանել է աւարտաճառ՝ «Ղուկաս Խարբերդցու թարգմանչական գործունէութիւնը» թեմայով: Հոգեւոր ճեմարանն աւարտելուց յետոյ, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Վազգէն Ա․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ ծառայութեան է անցել Վեհարանում` որպէս ընդունարանի քարտուղար:

1987 թ. յունիսի 7-ին` Հոգեգալստեան տօնին, ձեռամբ Տ. Ներսէս արքեպիսկոպոս Պոզապալեանի, ձեռնադրուել է կուսակրօն քահանայ՝ շարունակելով ծառայութիւնը Վեհարանում:

1987 թ. սեպտեմբերին Վազգէն Ա․ Վեհափառ Հայրապետի կարգադրութեամբ նշանակուել է Հոգեւոր ճեմարանի վերակացու եւ ապա փոխտեսուչ:

1989 թ. նոյեմբերին պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Պահքը Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցում» թեմայով:

1990 թ. Վազգէն Ա․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակուել է Շուեյցարիայի Ժնեւ քաղաքի հայ համայնքի հոգեւոր հովիւ:

1991 թ. հրաւիրուել է Մայր Աթոռ եւ նշանակուել Շիրակի թեմի փոխառաջնորդ:

1995 թ. յունիսից Ն․Ս․Օ․Տ․Տ․  Գարեգին Ա․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ հրաւիրուել է Մայր Աթոռ եւ զբաղեցրել Մայր Աթոռի պահեստային տնտեսութեան գոյքագրման յանձնաժողովի նախագահի եւ տնտեսական ու շինարարական գործերով կաթողիկոսի խորհրդականի պաշտօնը:

1996 թ. ընդգրկուել է Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան մարդասիրական օգնութեան կենտրոնական յանձնաժողովում որպէս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ:

1996 թ. նշանակուել է ՀՀ եւ Հայոց Եկեղեցու յարաբերութիւնների խմբում` պետութեան կողմից Մայր Աթոռին կալուածքների վերադարձման յանձնախմբի նախագահ:

1996 թ. յունիսի 3-ին Գարեգին Ա․ Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով նշանակուել է Գուգարաց թեմի առաջնորդ:

1997 թ. յունիսի 15-ին` ձեռամբ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրուել եւ օծուել է եպիսկոպոս:

2000 թ. մարտի 24-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակուել է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրութեան յանձնախմբի անդամ:

2000 թ. նոյեմբերին նշանակուել է Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամ:

2000 թ. նշանակուել է 1700-ամեակի տօնակատարութիւնների գործադիր վարչութեան անդամ:

2012 թ. մայիսի 17-ին Գարեգին Բ․ Հայրապետի սրբատառ կոնդակով Սեպուհ Սրբազանին շնորհուել է «Արքութեան» պատիւ քահանայագործութեան 25-ամեակի եւ առաջնորդութեան 15-ամեակի առթիւ:

Սրբազան Հայրը հոգեւոր սպասաւորութեան ընթացքում արժանացել է բազում կոչումների եւ պարգեւների։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները