Նվիրաբերել

Կոչ Միասնականության

Թեմ

Հրապարակված է: 11/10/2020


ԿՈՉ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Սիրելի՛ հավատացյալներ,

Հայրենիքում ստեղծված քաղաքական զարգացումները ցավալի կացության առջև են կանգնեցրել բոլորիս։ Ցավն ապրում ենք ազգովի՝ թե՛ հայրենիքում˒ թե՛ սփյուռքում։ Դառը իրականությունը ավելի է ալեկոծել մեր ժողովրդի կյանքի ընթացքը, որը տևական ժամանակ արդեն խաթարված էր թշնամու սանձազերծած պատերազմի պատճառով։ Ուշի ուշով հետևում ենք հայրենիքում ընթացող զարգացումներին, ուր հարկի և անհարկի գործերն ու խոսքերը, դժբախտաբար, հեռու են համազգային նպատակներ հետապնդող քայլերից։ Ոստի, Արևմտյան թեմի առաջնորդությունը, հոգևոր դասը և պատկան մարմինները կոչով դիմում են ձեզ՝ բոլորիս հրավիրելով ողջախոհության, միասնականության և համերաշխության։ Այո՛, այսօր, առավել քան երբևէ, մեր միասնականությունն ու համերաշխությունը, ազգային երազների իրականացման համար մեկտեղված մեր ջանքերը միայն կարող են առաջնորդել մեզ դեպի նոր ապագա՝ սերունդներին պարգևելով խաղաղ և ապահով հայրենիք։ Հիշենք˒ վեցշաբաթյա պատերազմի ընթացքում մեր միասնության մասին, ինչի շնորհիվ կարողացանք տարբեր ճակատներում «կռվել» և օգտակար լինել հայրենիքին թե՛ նյութապես, թե՛ բարոյապես:

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, պիտի գիտակցենք, որ պատերազմը բնավ էլ չի ավարտվել։ Ունենք այսօր նոր մարտահրավեր, որի դեմ պիտի պայքարենք մեր միասնականությամբ և համերաշխությամբ, որպեսզի կարողանանք, մեր ուժերի չափով, սատարել մեր հայրենիքին ու մեր ժողովրդին:

Մենք շարունակելու ենք աղոթել և խնկարկել մեր քաջարի նակահատակ զավակների հոգիների խաղաղության համար։ Մեր գութն ու կարեկցանքը գործի վերածելով՝ ձեռք պիտի մեկնենք նրանց ընտանիքներին՝ սփոփելով նրանց ցավն ու վիշտը։ Խոնարհվում ենք այն բոլոր զինվորների առջև, որոնք անկոտրուն հավատքով մինչև վերջ կռվեցին՝ հաղթելով մահը, և ապրելով անմահության մեջ։ Նրանք մեր պատմությունը զարդարեցին հերոսական նոր էջերով։

Յուրաքանչյուրիս պարտքն է ուշադրության կենտրոնում պահել նաև մեր վիրավոր զինվորներին. դաժան պատերազմը նրանցից շատերին դարձրել է հաշմանդամներ, ինչը ենթադրում է վիրաբուժական բարդ միջամտություններ և երկարատև բուժման ընթացք: Մենք պարտավո՛ր ենք օգնել իրենց կյանքը հանուն մեզ զոհասեղանին դրած հերոս տղաներին:

Սիրելիներ, ևս մեկ անգամ, կոչով դիմում ենք ձեզ, համախմբվել և միաբանվել մեր հայրենիքի ապագան կերտող ազգօգուտ աշխատանքների շուրջ։ Զերծ մնանք անհարկի շահարկումներից, որոնք խաթարելու և շեղելու են մեզ դարավոր մեր արժեքներից և մեր երազներից։ Ձեռք ձեռքի տված ընթանանք դեպի այսօրվա հայրենիքի հզորացման և կայունացման սրբազան առաքելությանը։ Մենք վստահում և ապավինում ենք մեր ժողովրդի ողջախոհ մտքին և նրանից ծնված ազգօգուտ ծրագրերի հավաքական հաջողությանը։

Ի Դիմաց Թեմական Խորհրդի և
Հոգևոր Դասի՝

 

Մնամք Աղոթարար

 

Հովնան Արք․ Տերտերյան
Առաջնորդ Արևմտյան Թեմի


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները