Թեմ
Հրապարակված է: 08/28/2020
Հայց. Առաքելական Եկեղեցու Արեւմտյան Թեմը` Գերաշնորհ Տ. Հովնան Արք. Տերտերյանի մտահղացմամբ, նախաձեռնել է մասնահատուկ ուսուցողական դասընթացներ, որոնք միտված են մեր երիտասարդությանը ծանոթացնել Հայց. Եկեղեցու հարուստ ժառանգությանը:
Գաղտնիք չէ, որ Հայ Ազգը շուրջ երկու հազարամյակ եղել է այն բացառիկ ազգերից մեկը, որն ամբողջությամբ նվիրվել է Աստվածաճանաչողության ամենակարեւոր առաքելությանը եւ իր ինքնությունը կերտել Քրիստոնեական անգերազանցելի արժեքների վրա:
Ավելին, մենք ոչ միայն առաջին ազգն ենք եղել, որը կարողացել է զատել իրականությունը` պատրանքից, լույսը` խավարից, ճշմարտությունը` ստից եւ առաջինն ընդունել Քրիստոսի ճշմարիտ վարդապետությունը, այլեւ այն ազգը, որ պատմության ընթացքում արյան գնով կարողացել է անաղարտ պահել աստվածային հոգեպահպան ճանաչողությունը:
Դարեր շարունակ մենք ստեղծել ու արարել ենք ինքնատիպ եւ հաճախ անգերազանցելի մշակութային կոթողներ իսկ մեր հոգեւոր երաժշտությամբ, քանդակագործությամբ, ճարտարապետությամբ, բնական եւ տեսական գիտելքներով լուսավորել եւ կրթել ենք, թե մեր ազգի զավակներին, թե շրջակա ժողովուրդներին: Այս ամենի մղիչ ուժը եղել եւ հանդիսանում է մեր քրիստոնեական վեհ մտածողությունը եւ աստվածաճանաչողությունը:
Այսօր, անկասկած հայ երիտասարդն ունի պատկառանք եւ սեր հանդեպ իր Մայր Եկեղեցին, գիտակցում է Եկեղեցու կարեւորությունն ու անփոխարինելի դերը իր կյանքում, մեզ մնում է միայն հայ երիտասարդին զինել Քրիստոնեական անմահ գիտելիքներով, որպեսզի նա կարողանա իր Եկեղեցուն ու Ազգին լիարժեք եւ անմնացորդ ծառայություն բերել:
Այսու, մեր նպատակը հայ երիտասարդին ոչ միայն ծանոթացնելն է իր ունեցած անգերազանցելի հոգեւոր ժառանգությանը, այլեւ` գիտակ եւ նվիրյալ սերունդ կերտելը, որը պիտի դառնա մեր ապագայի ջահակիրը:
Թող ամենակարողն Աստված օրհնի եւ պահպանի մեր այս ազգանվեր առաքելությունը եւ բոլոր մասնակիցներին պարգեւի անխափան ընթացք` իրենց ուսուցման մեջ:
Որոշ տեղեկություն դասընթացների վերաբերյալ
Դասընթացները տեղի են ունենում ամեն չերեքշաբթի երեկոյան ժամը 6:30 –ին Առաջնորդարանի <<Համբար>> սրահում եւ բաղկացած են երկու հիմնական մասից` Ա) Քրիստոնեության / Հայց. Եկեղեցու հավատի կարեւորագույն դրույթների դասավանդում, Բ) Դասընթացներ` Սբ. Գրային սերտողություն կատարել ցանկացողների համար:
Հայց. Եկեղեցու հավատին վերաբերող դասընթացներն իրականացվում են տիար Հայկ Մադոյանի իսկ Սբ. Գրքի սերտողության նախապատրաստական աշխատանքները` տիար Մաշտոց Չոբանյանի կողմից:
Դասընթացները կատարվում են` թե’ անգլերեն եւ, թե’ հայերեն լեզուներով, նրանք հասանելի են համացանցի “Zoom” ծրագրի միջոցով:
Յուրաքանչյուր ցանկացող կարող է գրանցվել դասընթացներին` զանգա-հարելով Առաջնորդարանի գրասենյակ (818-558-7474): Դասընթացների մասնակիցները տարեշրջանի ավարտին ստանալու են մասնահատուկ վկայագրեր:
Քրիստոնեական / Հայց. Եկեղեցու Ուսուցման Դասընթացների 20 թեման են.
1. Աստված - Ամենասուրբ Երրորդություն, 2. Եկեղեցի, 3. Հայց. Առաքելական Եկեղեցի, 4. Աստվածաշունչ, 5. Տիեզերական Ժողովներ, 6. Նիկիական Հավատո Հանգանակ, 7. Եկեղեցու Հայրեր, Հայց. Եկեղեցու տասներկու վարդապետները, 8. Խորհուրդներ, 9. Սբ. Պատարագ, 10. Աղոթքներ, 11. Պահե-ցողություն, 12. Տաս Պատվիրան, 13. Երանիներ, 14. Տերունական Աղոթք, 15. Սբ. Հոգու Պտուղներ, 16. Կրոնների համեմատական 17. Քրիստոնեական ուղղությունների համեմատական, 18. Հույս եւ հարատեւություն, 19. Հավատ եւ ճանաչողություն, 20. Սեր եւ ծառայություն:
Ի ՔՐԻՍՏՈՍ
Հայկ Մադոյան
Ծանուցում. Հայց. Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան Թեմը պատրաստակամ է իր ուսուցողական նյութերն անվճար տրամադրել, բոլոր հետաքրքրված կառույցներին եւ անհատներին: