Թեմ
Հրապարակված է: 08/12/2020
Առիթ ունեցել ենք ներկայացնելու, թէ Արևմտեան թեմը տարիների ընթացքում գրահրատարակչական ինչպիսի լայն գործունէութիւն է ծաւալել՝ հրատարակելով հոգևոր, քարոզչական, սուրբգրային բազմաժանր հարիւրաւոր անուն գրքեր։ Այդ ընթացքը մշտապէս եղել է թեմի Առաջնորդ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի ուշադրութեան և հոգածութեան ներքոյ, որ, լինելով մօտ 110 գրքերի հեղինակ (աղօթքներ, քարոզներ, մանրապատումներ, խոհեր և այլն)՝ մշտապէս աջակից է նոր գրքեր ստեղծելուն թէ՛ 1990-2003 թթ. Կանադայի, թէ՛ 2003-ից մինչ օրս՝ Արևմտեան թեմի Առաջնորդ եղած ժամանակաշրջաններում (այդ մասին պատմող բրոշիւը և հրատարակութիւնների pdf տարբերակները կարելի է գտնել Առաջնորդարանի կայքում հետևեալ յղումով https://www.wdacna.com/publications)։
Միայն 2020 թուականի առաջին կէսին արդէն տպագրուել և ընթերցողին են յանձնուել 15-ից աւելի գրքեր, որոնց շարքին են «Սուրբ Պատարագ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ» (Ե. Տպագրութիւն), Յովնան Արքեպիսկոպոսի «Երկունքի մէջ ծնած խոհեր», «Սքանչելի հոգևորականը Գարեգին Տրապիզոցի», «Յարութիւն և կեանք», «20-րդ դարի ականաւոր հայ հոգևորականներ» գիտաժողովի նիւթերը և այլն։ Նախապատրաստութեան ընթացքի մէջ եղած գրքերից յիշատակելի են «Օրագրութիւն Կ. Պոլսոյ Պատրիարք հոգելոյս Տ. Շորհք Արք. Գալուստեանի», «Կանոնագրիք Հայոց»՝ (բովանդակային խմբաւորումով) աշխատասիրութեամբ՝ Տիրայր Ծ. Վրդ. Տէրվիշեանի, Յովնան Արքեպիսկոոպոսի «Եկեղեցականաց կեանքէն առնուած Յուշեր», «Փունջ մը քարոզներ»-ի նոր հատորը և այլն։
Հրատարակչական ծրագրերը ունեն միայն սկիզբ, բայց ոչ վերջ։ Այս պատգամի ներքոյ Արևմտեան թեմը շարունակ ընթերցողի դատին է յանձնում նորանոր գրքերի մասին ծանուցումներ, և այժմ ներկայացնում ենք յաջորդ տասնեակը, որոնց հեղինակն է Արևմտեան թեմի հոգևորականներից Տ. Տաճատ Ծ. Վրդ. Եարտըմեանը։
Տ. Տաճատ Ծ. Վրդ. Եարտըմեանին, որպէս գիտնական հոգևորականի, անշուշտ շատերը գիտեն։ Նա Արևմտեան թեմում հոգևոր ծառայութեան է անցել 2004 թուականին, ունի գիտական, մանկավարժական հարուստ փորձառութիւն, ի մասնաւորի եղել է «Բազմավէպ» հանդէսի խմբագիր, դասական հայերէնի, հայ եկեղեցու պատմութեան, վարդապետարանների և այլ նիւթերի դասխօս։ Տակաւին վերջերս Երևանում հրատարակուեց նրա ստուարածաւալ «Հայերէն լեզուի ժամանակակից բառարան»-ը (1021 էջ), որի մասին հայագիտութիւնը դեռ իր խօսքը պիտի ասի։
Հայր Տաճատի գիտական հետաքրքրութիւնների շրջանակի մէջ է ի մասնաւորի վանական կեանքի պատմութիւնը, դաւանաբանական, աստուածաբանական հարցերը։ Եւ Արևմտեան թեմի՝ տպագրութեան ծրագրուած կամ արդէն պատրաստուող գրքերի ցանկի մէջ ընդգրկուած են յատկապէս այդ թեմայի երկեր, այդ թւում՝ «Ինչու՞ կը հաւատանք Յիսուս Քրիստոսի (Աստուածաշնչական և Հայրախօսական մտածողութիւն)», «Ապաշխարութեան և խոստովանանքի Աստուածաբանական բովանդակութիւնը», քրիստոնէութեան առաջին դարերում «Վանական ճգնողական հոգեականութիւնը», «Հայ վանական հոգեկանութեան ճգնողական աւանդութիւնը», «Կինը հայ քրիստոնէական մշակոյթի արմատներուն մէջ (4-18-րդ դարեր)» և այլն։ Ստորև ներկայացնում ենք Հայր Տաճատի պատրատուող գրքերի ցանկը։
1. Ինչու՞ կը հաւատանք Յիսուս Քրիստոսի (Աստուածաշնչական և Հայրախօսական մտածողութիւն) (200 էջ)
2. Ապաշխարութեան և խոստովանանքի Աստուածաբանական բովանդակութիւնը և «Անհատական խոստովանանքը» Հայ Առաքելական եկեղեցւոյ մէջ (համաձայն հայ աստուածաբանական մտածողութեան) (100 էջ)
3. Քալեցէ՛ք, քանի որ Լոսյը ունիք – Հարցեր, լուսաբանութիւններ, պատասխաններ (225 էջ)
4. Վանական ճգնողական հոգեկանութիւնը քրիստոնէութեան առաջին դարերուն – Անցեալի վկայութիւն, արմատներ, գնահատումներ (125 էջ)
5. Հայ վանական հոգեկանութեան ճգնողական աւանդութիւնը – Դիմագիծ և խորութիւն (4-19-րդ դարեր) (400 էջ)
6. Յիշողութիւն 1915-ի Հայկական Ցեղասպանութեան (100-ամեակ 1915-2015) (175 էջ)
7. Սբ. Գրիգոր Նարեկացի, «Մատեան ողբերգութեան», աշխարհաբար (350 էջ)
8. Հայ եկեղեցիկ կը լուսաւորէ (80 էջ)
9. Կինը հայ քրիստոնէական մշակոյթի արմատներուն մէջ (4-18-րդ դարեր) (185 էջ)
10. Պատմական Հայաստանի ուսումնառութեան, հոգևոր-իմացական լուսաւորութեան և մշակոյթի կեդրոնները (5-19-րդ դարեր) (350 էջ)
11. Communion – Experiences and Prayers in English։
Ինչպէս ցանկն է յուշում, և յատուկ պէտք է շեշտենք, որ Հայր Տաճատը արևմտահայէնի է թարգմանել և տպագրութեան պատրաստել Ս. Գրիգոր Նարեկացու «Մատեանը», որ, իր ասելով, ծնուել է ամիսներ շարունակ ապրուած մեկուսացումի ու ճգնակեցութեան պայմանների մէջ։ Ցանկի իւրաքանչիւր գրքի մասին յետագայում առիթ կ’ունենանք առանձինն խօսելու, որոնք յառաջիկայ տարուայ ընթացքում լոյս կը տեսնեն Թեմի Առաջնորդ Յովնան Արքեպիսկոպոսի օրհնութեամբ և տնօրինութեամբ։ Սպասենք հոգևոր ու հայագիտական նոր արդիւնքներին։
Դիւան Առաջնորդարանի
11 Օգոստոսի, 2020