Թեմ
Հրապարակված է: 07/21/2020
«Զարթօնք», «Արեւ» եւ «Սարտարապատ» թերթերի նախաձեռնութեամբ ստեղծուած «Մամլոյ առցանց լսարան»-ի առցանց բանախօսութիւնների Յուլիսի 15-ի հիւրը ԱՄՆ Արևտմտեան թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանն էր։ Նա «Միացեալ Նահանգների Արեւմտեան ափի հայ օջախը. ինքնութեան, կրթական եւ մշակութային հեռանկարներ» թեմայով ծաւալուն և մանրամասն ելոյթ ունեցաւ՝ անդրադառնալով ԱՄՆ Արևմտեան ափի հայ համայնքի գրեթէ բոլոր խնդիրներին։ Տարբեր երկրների շուրջ 50 մասնակիցներով կազմուած առցանց հարթակը վարում էր լիբանանահայ մտաւորական, Հայկազեան Համալսարանի Հայագիտական Հանդէսի պատասխանատու խմբագիր եւ նոյն համալսարանի Սփիւռքի Ուսումնասիրութեան կենտրոնի տնօրեն Դոկտ. Անդրանիկ Տաքեսեանը։
Յովնան Արքեպիսկոպոսն իր խօսքը սկսեց վերջին օրերի ամենանուրբ թեմայով՝ Հայաստանի սահմանների իրավիճակով. «Բոլորս աղօթական մթնոլորտի մէջ ըլլանք յատկապէս հայրենի մեր զինուորներուն համար, որպէսզի Աստուած անսասան պահէ բոլորը, անվրդով պահէ նաև մեր երկիրը՝ Հայաստանը, որովհետև մեր զինուորները մահու-կենաց կռիւ կը մղեն՝ պաշտպանելու համար յաւէրժական Հայաստանը։ Մեր բոլորի կեանքի նպատակն ու առաքելութիւնն է, նաև Հայաստանով է պայմանաւորուած մեր ողջ աստուածատուր կեանքը։ Թող Աստուած անսասան պահէ երկրի իշխանութիւնը, մեր սուրբ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Վեհափառ Հայրապետը, և ի մասնաւորի այս օրերուն բոլորիս անվերապահ աղօթքը յատկապէս նահատակ զինուորներու հոգիներու համար, և նաև անոնց ընտանիքներուն, որպէսզի Տէրը մխիթարութիւն պարգևէ, և բարի ապաքինում բոլոր վիրաւոր զինուորներուն»։
Իր բանախօսութեան ներածական հատուածում Յովնան Սրբազանը ներկայացրեց Թեմի ստեղծման, զարգացման պատմութիւնը, որ հաստատուել է 1898 թուականին Խրիմեան Հայրիկի սրբազան կոնդակով, այնուհետև Արևմտեան թեմը ինքնուրոյն կարգավիճակ է ստացել 1927 թուականին։ Անցնող գրեթե մէկ հարիւրարմեակում Ամերիկայի արևմտեան ափի հայոց թեմը ունեցել է 8 առաջնորդ, հայ համայնքը հետզհետէ ստուարացել է յտկապէս 1980-ականներին, երբ Լիբանանի քաղաքացիական պատերազմի հետևանքով շատ հայորդիներ հաստատուեցին ԱՄՆ-ում, արտագաղթի ալիք սկսուեց նաև Հայաստանից, Իրանի բնակավայրերից։ Բանախօսի նշելով՝ այսօր 1 մլն հայութիւն կայ ԱՄՆ արևմտեան ափի տարբեր քաղաքներում՝ 13 նահանգներում տարածուող հայոց թեմական կառոցի մէջ։
«Հայութեան հիմնական թիւը կենտրոնացած է Կալիֆորնիոյ մէջ, առաւելաբար Լոս Անջէլոսի շրջակայքին։ Արևմտեան ափը Հայաստանէն դուրս գաղութային ամենամեծ կառոյցն է՝ հայութեանը խտացուած տեսնելու առումով, չնայած նրան, որ Ռուսաստանն աւելի մեծ է հայերի թուով։ Սակայն Արևմտեան ափին առկայ հայկական կառոյցների հարիւրէն աւելի թուով և կազմակերպուածութեամբ ամենամեծ կառոյցն է»,- նշեց Յովնան Սրբազանը։
Իր յետագայ խօսքի մէջ Առաջնորդ Սրբազանը թեմի առաքելութիւնը ներկայացրեց 12 կարևորն կէտերի մէջ՝ սկսելով հոգևոր առաքելութիւնից, որ ներառում է մասնաւորապէս, կրօնական հրատարակութիւնները, Աստուածաշնչեան սերտողութիւններն ու կրօնական դասախօսութիւնները, ուխտագնացութիւնները, խոկումները եւ հոգեւոր առանձնացումները։
«Թեմի ազգային-մշակութային կեանքը առաքելութիւնը մեղուաբոյն մը եղած է, տարւոյ մէջ 100-է աւելի միջոցառումներ կազմակերպուած են Առաջնորդարանէն ներս», գնահատեց Յովնան Սրբազանը։ Դրանք ներառում են գրական երեկոներ, գրքերի շնորհանդէսներ, երաժշտական ձեռնարկներ, ցուցահանդէսներ, ազգային տօնակատարութիւններ և այլն։
Կրթական առաքելութեան մէջ Առաջնորդ Սրբազանը կանգ առաւ յատկապէս հայկական ամենօրեայ վարժարանների, կիրակնօրեայ և շաբաթօրեայ դպրոցների, FLAG և այլ ծրագրերի վրայ։ «Հայկական ամէնօրեայ վարժարաններէն ներս ամենէն մեծ թիւով հայ աշակերտներ ունեցող գաղութն արտաշխարհի մէջ Լոս Անճելըսն է», ասաց բանախօսը: Մասնաւոր դպրոցներից բացի մի քանի շրջանների պետական դպրոցներում եւս դասաւանդւում է հայերէնը: Ամէն տարի թեմը կազմակերպում է ուսուցիչների վերապատրաստութեան դասընթացքներ։
Բաւականին ընդարձակ է ընկերային եւ բարգործական ոլորտը, որ ընդգրկում է Agape Circle, Բարի Սամարացի ծրագրերը, Կաղանդի նուէրները, աղքատներին դրամական օգնութիւն, Գլենդելի կանանց կեդրոն-ապաստարանին օգնութիւն, աջակցութիւնը Լոս Անջեէսի մանկական հիւանդանոցին և այլն։
Անձամբ Յովնան Սրբազանի ուշադրութեան ներքոյ են կրթաթոշակների ծրագրերը։ Դրանք առնչւում են Հայաստանի Ամերիկեան համալսարանին, ՀԲԸՄ Մանուկեան-Դեմիրճեան դպրոցին, Հայ քոյրերու վարժարանին, Մերտինեան և Սահակ-Մեսրոպ դպրոցներին։ Առհասարակ խիստ կարևոր է երիտասարդների հետ աշխատանքը, որոնց հետ, ինչպէս իր խօսքում ասաց Յովնան Սրբազանը, պէտք է անհատապէս աշխատել, վստահել և ներգրաւել թեմական ու համայնքային կառույցներում, քանզի իրենք են վաղուայ պատասխանատուները։ Երիտասարդական ծրագրերից առանձնացնելի են Եռօրեայ երիտասարդական համաժողով- աղօթահաւաքը, մասնագիտական ուղղորդմ են և խորհրդատուութեան Ներուժ ծրագիրը, ACYO և CYMA կազմակերպութիւնները, ամառնային ճամբարները և այլն։
Արևմտեան թեմի ամենօրեայ ուշադրութեան ներքոյ են Հայաստանեան ծրագրերը։ Թեմի հովանաւորութեան ներքոյ են Հառիճավանքն ու համալիրը, Սանահինի վանական համալիրը, «Մեր Յոյս» ծրագիրն ու Կարիքաւոր երեխաների հիմնադրամը, մանկապարտէզների ծրագիր, Մայր Աթոռի Պետրոս եւ Աննա Օրանճաքճիէլ հանդիսութիւնների սրահը, Արցախեան մարդասիրական ֆոնդ, Սիրիահայերի աջակցութեան հիմադրամը և այլն։
Իր յետագայ խօսքի մէջ Յովնան Սրբազանը հերթականութեամբ խօսեց նաև թեմի միջեկեղեցական կապերի, պետական եւ հասարակական ու բարեգործական կազմակերպութիւնների հետ աշխատանքի ոլորտների մասին։ Մեծ է ներգրաւուածութիւնը հայ համայնքային կեանքի մէջ։ «Բազմաթիւ հրաւէրքներ կը ստանանք և զանազան հայկական կազմակերպութիւններէ, օտար հաստատութիւններէ, եկեղեցիներէ, պետական կառոյցներէ, դիւանագիտագան ներկայացուցչութիւններէ և կը մասնակցինք միջոցառումներուն», նշեց Յովնան Արքեպիսկոպոսը։ Գործունէութեան այս մեծ դաշտի մասին տեղեկատուութիւնն է ապահովում Առաջնորդարանի մեդիա բանժինը՝ սոցիալական ցանցերով, հեռատեսիլով, կայքէջով և այլ միջոցներով։
Այս ամէնի մէջ յատուկ շեշտելի է Ս․ Էջմիածնի հետ կապը։ Առաջնորդ Սրբազանը անդամ է Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի 1999-ից, եղաել է Համաշխարհային եկեղեցասէր երիտասարդաց կազմակերպութեան ընդհանուր պատասխանատուն, Վեհափառ հայրապետի կողմից նշանակուել է Հայ եկեղեցւոյ Կանոնադրութեանց Յանձնախումբի ատենապետ, համաատենապետ՝ Թեմական-Ծխական կեանքի կազմակերպման յանձնախումբի, գլխաւորում է Մայր Տաճարի վերանորգման համահայկական դրամահաւաքը։ Համապատասխան չափով էլ սերտ է ամենօրեայ կապը Մայր Աթոռի, մեր եկեղեցու կառոյցների ու Վեհափառ Հայրապետի հետ։
Նկարագրուածը հիմք է տալիս ասելու, որ Արևմտեան թեմը ոչ միայն մեր եկեղեցու, այլև առհասարակ հայոց կեանքի կարևորագոյն օղակներից է թէ՛ գործունէութեան ոլորտներով, թէ կատարուած աշխատանքով ու արդիւնքով, 35 և աւելի թեմական կառոյցներով, որոնցում ընդգրկուած են, հոգևորականների հետ մէկտեղ, նաև աշխարհիկ անձինք, և դա «մեծ օրհնութիւն է, քանզի ոչինչ կարելի է իրագործել առանց մեր ժողովուրդի ամբողջական ներգրաւուածութեան»։
Վերջին այս մտքին էր առնչւում քննարկման մասնակիցների այն հարցը, թէ Արևմտեան թեմն այդքան խնդիրներ յանձն առնելով՝ նոր սահմաններ չի՞ նախանշում եկեղեցւոյ համար, այդ ներգրաւուածութիւնը «ինչպէ՞ս կարելի է արդարացնել հայ եկեղեցւոյ համար»։ «Դրանք հարիւր տոկոսով հոգևոր են,- պատասխանեց Յովնան Սրբազանը,- մեզ համար ամենակարևորը հոգևոր առաքելութիւնն է, բայց նաև եկեղեցին իր վրայ պէտք է վերցնէ այդ դերը, որովհետև հաւատքը պէտք է նաև գործնապէս երևելի դառնայ մեր կեանքի մէջ»։
Համայնքի ու նաև թեմի ներսում առկայ են նաև խնդիրներ, որոնք նոյնպէս չշրջանցուեցին բանախօսութեան ժամանակ։ Դրանց մէջ ամենից էականը որպէս հայ համայնք դիմակայելու բարդութիւններն են։ Հայ համայնքի և եկեղեցու առջև ծառացած դժուարություններից յիշատակուեցին վարչական բաժանումը, աղանդների առկայութիւնը, խառնամուսնութիւնները, տարբեր վայրերից և տարբեր ժամանակներում եկած հայերի կենցաղավարման տարբերութիւնները, հայ դպրոց պահելու բարդութիւնը և այլն։ Սակայն և՝ «Բարեբախտութիւն է, որ նեքին համերաշխ, խաղաղ գործունեութեան դաշտ է ստեղծուած։ Երիտասարդներն կը ձգտին ամբողջական միութեան»։
Քննարկման մասնակիցները բազմաթիւ մասնակի հարցեր ուղղեցին բանախօսին ԱՄՆ հայօճախի հետ կապուած այլևայլ ճշտումներով նոյնպէս։ Քննարկումը, կարելի է ասել, պարփակեց խնդիրները ողջ շրջանակը, որ գոյութիւն ունեն ԱՄՆ հայ կեանքի մէջ և մասնաւորաբար Արևմտեան թեմում։ Եւ ամփոփելիս Յովնան Սրբազանը շնորհակալութեան խօսք ասաց կազմակերպիչներին ու մասնակիցներին այս կարևոր ու օգտակար ձեռնարկի համար, կարևորեց յատկապէս միասնականութեան գաղափարը՝ ասելով. «Միայն ձեռք ձեռքի տալով, միասնական աշխատանքով է, որ պիտի յաջողինք, ուրիշ ձև չկայ, և այդ յաջողութիւնը բոլորինը կը դառնայ, և լաւագոյն պատգամ ու հոգևոր ժառանգ թողած կ’ըլլանք յաջորդ սերունդներուն համար։ Հաւատացողն եմ այդ ամենուն ու նաև անտրտունջ պիտի շարունակենք մեր առաքելութիւնը»։