Թեմ
Հրապարակված է: 02/21/2020
Փետրուարի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ապաստան գտած սիրիահայ ընտանիքների երեխաներին՝ ուղեկցութեամբ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպութեան տնօրէն տիար Ջորջ Բարսեղեանի:
Ողջունելով մանուկներին` Ամենայն Հայոց Հայրապետն իր սէրն ու օրհնութիւնը բերեց նրանց եւ իր գնահատանքը փոխանցեց նրանց ծնողներին, ինչպէս նաեւ այն բոլոր կազմակերպութիւններին, որոնք իրենց զօրակցութիւնն ու օժանդակութիւնն են բերում Հայաստանում հաստատուած սիրիահայ ընտանիքներին:
Նորին Սրբութիւնը ցաւով անդրադարձաւ այն իրադարձութիւններին, որոնց հետեւանքով խաթարւում է Սիրիայում բնակուող հայորդիների բնականոն կեանքի ընթացքը եւ պատճառ հանդիսանում նրանց հարկադրաբար տեղահանման, սակայն միեւնոյն ժամանակ կարեւոր նկատեց այն հանգամանքը, որ ստեղծուած իրավիճակում սիրիահայութիւնն իր հայեացքն ու քայլերն է ուղղում դէպի մայր Հայրենիք եւ բնակութիւն հաստատում հայրենի սրբազան հողում:
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը հարց ու պատասխանի միջոցով նաեւ տեղեկացաւ երեխաների առօրեայից, իղձերից եւ ապագայի հանդէպ ունեցած ակնկալիքներից՝ վստահեցնելով, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պատրաստակամ է օժանդակելու նրանց ազգային ոգով ներշնչուելու, հոգեւոր եւ հասարակական կեանքին ինտեգրուելու համար:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքները փոխանցեց ուխտաւոր հայորդիներին՝ հայցելով, որ Աստծոյ Սուրբ Աջի հովանու ներքոյ խաղաղութիւնը վերահաստատուի Սիրիայում, եւ Տիրոջ օրհնութիւնը մշտապէս ուղեկից լինի ողջ սիրիահայութեանը: