Նվիրաբերել

Ս. Վարդանանց Տօնին Նուիրուած Հանդիսութիւն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Թեմ

Հրապարակված է: 02/20/2020


Ս. Վարդանանց տօնին նուիրուած հանդիսութիւն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Փետրուարի 20-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգեան հոգեւոր ճեմարանի հանդիսութիւնների սրահում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցաւ Ս. Վարդանանց զօրավարների տօնին նուիրուած հանդիսութիւն:

Միջոցառմանը ներկայ էին Մայր Աթոռի միաբաններ, Գեւորգեան հոգեւոր ճեմարանի, հայաստանեան տարբեր կրթական հաստատութիւնների սաներ, «Վազգէն Սարգսեանի» անուան Ռազմական համալսարանի կուրսանտներ եւ այլ հրաւիրեալներ։

Ցերեկոյթը բացուեց Տէրունական աղօթքով, որից յետոյ հնչեցին ՀՀ եւ ճեմարանի օրհներգերը: Այնուհետեւ բացման խօսք ասաց Գեւորգեան հոգեւոր ճեմարանի ուսումնական գծով փոխտեսուչ Արժանապատիւ Տ. Յովել քահանայ Օհանեանը: Անդրադառնալով օրուայ խորհրդին՝ Տէր Հայրն ի մասնաւորի նշեց. «Դարերի ընթացքում, երբ վտագնուած է եղել մեր ինքնութիւնը, պետականութիւնն ու մեր ժողովրդի հոգեւոր անդորրը` մեր ժողովրդի հոգում վերարթնացել են Ս. Ղեւոնդն իր խաչով ու Ս․ Վարդանն իր սրով, եւ իրենց անմար ու զօրեղ ոգով հայ ժողովուրդն իրագործել է անհնարինը: Այսօր էլ մենք` որպէս մերօրեայ Ղեւոնդներ ու Վարդաններ, պէտք է զօրաւոր նրանց ոգով ի չիք դարձնենք չարի իւրաքանչիւր հրովարտակ, տէր կանգնենք մեր ինքնութեանն ու հաւատքին՝ թոյլ չտալով հաւատաւոր մեր զաւակներին գերի դառնալ կեղծիքին ու ստին, դրամին ու դիրքին:

     …Վարդանանց պատերազմից անցել են դարեր, բայց նրանց անկոտրում ոգին միշտ էլ կենդանի է եղել մեր սրտերում, եւ իւրաքանչիւր հայ պարտաւոր է իր հոգու մի գողտրիկ անկիւնում խոնարհուել նրանց յիշատակի առաջ, քանի որ նրանց նահատակութեամբ է, որ մեր ժողովուրդը հաւատարիմ մնաց մեր Փրկչի երկնային վարդապետութեանն ու յարատեւեց դարեր»:

Տէր Յովելը նաեւ ներկաների անունից շնորհաւորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին անուանակոչութեան ուրախալի օրուայ առիթով՝ հաստատելով, որ Նորին Սրբութիւնը, որպէս սիրող, ներող ու խնամող հայր, որպէս քաջ, իմաստուն եւ արիասիրտ Հովուապետ Ազգիս Հայոց` գիշեր ու զօր իր կեանքն է դնում հոգեւոր կեանքի անդորրութեան, Հայոց Եկեղեցու եւ մեր սրբազան Հայրենիքի զօրացման, պայծառացման ու ապահովութեան նուիրական գործին։ 

Հանդիսութեան մասնակիցներին իր ողջոյնի խօսքը յղեց նաեւ Երեւանի պետական համալսարանի պրոռեկտոր, պ. գ. թ. Արթուր Իսրայէլեանը: Վերջինս ընդգծեց, որ Վարդանանց տօնը սերունդների դաստիարակութեան համար ներշնչման աղբիւր է եղել, որը հայրենիքի պաշտպանութեան ընթացքում մէկտեղել է զինուորականին, մտաւորականին եւ հոգեւորականին: Պրն․իսրայէլեանը նշեց նաեւ, որ տարբեր բուհերի ուսանողների մասնակցութիւնը Մայր Աթոռում կազմակերպուած Ս․վարդանանց յիշատակի հանդիսութեանն իր բարերար ազդեցութիւնն է թողնում նրանց հոգեւոր դաստիարակութեան գործում:

Ս. Վարդանանց սխրանքի մասին բանախօսութիւն կարդաց ԵՊՀ Փիլիսոփայութեան պատմութեան, տեսութեան եւ տրամաբանութեան ամբիոնի վարիչ, փ.գ.դ., պրոֆէսոր Սեյրան Զաքարեանը:  

Միջոցառման ընթացքում Վարդանանց խորհրդին նուիրուած հոգեւոր ու հայրենասիրական երգերով ելոյթ ունեցան Գեւորգեան հոգեւոր ճեմարանի, Երեւանի պետական համալսարանի երգչախմբերը եւ ԵՊՀ Մշակոյթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները։

Ցերեկոյթի աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական պատգամն ու օրհնութիւնը փոխանցեց ներկաներին: Նորին Սրբութիւնը, անդրադառնալով Ս․վարդանանց հերոսական ոգուն ու նահատակութեանը յանուն հայրենիքի եւ հաւատի, մասնաւորապէս ասաց․ «Որքան դարեր ու ժամանակ անցնի, ազգիս զաւակները Վարդանանց ոգով գօտեպնդուած՝ պարտաւոր են յիշել, որ թերահաւատութիւնը մենք վաղուց ենք մերժել մեզանից, որ քրիստոնէութիւնը հանդերձանք չէ, որը կարելի է փոխել, այլ մաշկի գոյն ու էութիւն։ Վարդանանց պատերազմը մեզ համար լոկ պատմական իրադարձութիւն չէ, այլ ոգու վեհ ու տիրական յաղթութիւն, որը լուսաւորել է մեր ժողովրդի փորձութիւններով լեցուն պատմութեան ուղին։ Նրանք յաղթեցին մահին վստահութեամբ, որ ոչինչ հայ կեանքից չպիտի կարողանայ դուրս մղել Աստծուն, եւ Քրիստոսով մեզ տրուած Աստծոյ սեփական ժողովուրդ լինելու շնորհը պիտի զօրացնի նոր յաղթանակների։

Այսօր նոյնպէս մեզ համար օրախնդիր է պաշտպանել մեր սրբազան հայրենիքի սահմանները, մեր հոգեւոր արժէքների անաղարտութիւնը, մեր սուրբ հաւատքն ու աւանդութիւնները, որոնց դէմ ծառանում են նորանոր մարտահրաւէրներ: Մեր կեանքի հրամայականների ու դժուարութիւնների յանդիման մենք ունենք Վարդանանց օրինակը, նրանց խրախոյսն ու ոգեշնչումը։ Վարդանանց հետ, նրանց անմահ  խորհրդով գիտենք ով ենք եւ ուր ենք գնում։ Նրանց հետ պիտի գիտենանք նաեւ մեր արիութեանը վատութիւն չխառնել եւ մեր պարտքի ու պատասխանատուութեան մէջ քաջ ու յաղթանակող լինել»։

Հայոց Հայրապետը փաստեց, որ Վարդանանց անմահ ոգու արիութեամբ ու քաջութեամբ է կերտուել Հայաստանի նորանկախ պետութիւնը, որի զոհասեղանին իրենց կեանքերը ընծայաբերեցին բազում հայորդիներ։ Նորին Սրբութիւնը գոհութիւն յայտնեց Աստծուն, որ վառ է պահում հայորդիների սրտերում Վարդանանց ոգին, որով պիտի զօրացնեն իրենց հայրենիքը, ամրագրեն ու զարգացնեն պետական, ազգային կեանքի ձեռքբերումները։

«Վարդանանց հաւատքի եւ ոգու արթնութեամբ մեր որոշումները, մեր գործերը պիտի ուղղորդեն մեզ դէպի Աստծուց օրհնեալ ճանապարհներ՝ մեր կեանքին պարգեւելով առաքինազարդ հոգու արգասիքներ՝ սէր, նուիրում, նախանձախնդրութիւն, արդարութիւն, միմեանց զօրակցութիւն, միասնականութիւն եւ ամենայն բարին», -պատգամեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ յորդորելով նաեւ, որ քրիստոնէական արժէքների հանդէպ հաւատարմութիւնը, տեսիլքների ու իղձերի նկատմամբ նուիրումը շէն ու պայծառ եւ զօրացեալ կը պահի Վարդանանց աւանդը՝ մեր սրբազան հայրենիքը եւ Առաքելական Սուրբ Եկեղեցին։

Վերջում Հայոց Հովուապետն իր գնահատանքը յայտնեց միջոցառման կազմակերպիչներին եւ մշակութային մասն ապահովողներին՝ ճեմարականներին եւ համալսարանականներին՝ նրանց մաղթելով հոգու եւ մտքի պայծառութիւն, ջանադիր աշխատանք եւ արդիւնաւոր ուսումնառութիւն, որպէսզի իբրեւ Քրիստոսի քաջ զինուորներ՝ լուսաւորեն ու առաջնորդեն հայ ժողովրդին, ծառայեն կրթութեան ու գիտութեան առաջընթացին, հայրենիքի պաշտպանութեանն ու հզօրութեանը։

Հանդիսութիւնը եզրափակուեց «Պահպանիչ» աղօթքով:


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները