Թեմ
Հրապարակված է: 01/10/2020
Անխախտ աւանդութեան համաձայն՝ Արևմտեան թեմում Նոր տարուայ մեկնարկը ազդարարւում է Յունուարի լոյս 1-ի գիշերային ժամերգութեամբ։ Ժամը 12։30 Ս. Ղևոնդեանց մայր տաճարում թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի ընկերակցութեամբ հաւաքականօրէն աղօթելու և Տիրոջ օրհնությունները խնդրելու էին հաւաքուել հոգևորականներ ու բազմաթիւ հաւատացեալներ: Յունուարի 1-ի առաւօտեան մատուցուեց Ս. Պատարագ, որ լաւագոյն առիթն է տարին սկսելու համար, կատարուեց նաև Հայրապետական մաղթանք։
Տօնական օրերը շարունակուեցին Արարատ տան մէջ, ուր Յունուար 3-ին մատուցուեց Սուրբ Պատարագ և կատարուեց Ջրօրհնէքի արարողութիւն, և ապա բաշխուեց Սուրբ Հաղորդութիւն։
Ս. Ծննդեան Ճրագալոյցին՝ յունուարի 5-ի երեկոյեան, յատուկ արարողութեամբ վառուեցին տաճարի ջահերն ու կանթեղները, որպէս աստուածային լոյսի և եկեղեցու օրհնութեան սփռում։ Հաւատացեալ հոծ ժողովուրդ էր ներկայ Ճրագալոյցի արարողութեանը, որոնք մոմերը տուն տանելով աւետում են Քրիստոսի ծնունդը, որ մարդկանց ազատեց մահուան խաւարից: «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ։ Մեզ և Ձեզ մեծ աւետիս», յայտարարում են ամենքը, և այս պահից սիրոյ, խանդավառութեան շունչ է թևածում հաւատացեալների հոգում, որ զգացվում է մեր եկեղեցում, Ս. Ղևոնդեանցի մթնոլորտում։ Այդ զգացողութիւնները լրումին հասան Յունուարի 6-ին Ս. Ծննդեան Պատարագին։
Յիսուս Քրիստոսի Ծննդեան ու Աստուածայայտնության տօնի Պատարագը Ս. Ղևոնդեանց տաճարում մատուցեց Առաջնորդ Սրբազանը։ Հաւատացեալ հարիւրաւոր հայորդիների հետ մէկտեղ ներկայ էին նաև քրիստոնէական յարանուանութեանց բարձրաստիճան հոգևորականներ, դիւանագէտներ, թեմական խորհրդի ղեկավար այրեր, որոնց բոլորին, ներկաներին, մեր եկեղեցու զաւակներին Յովնան Սրբազանն իր յատուկ շնարհակալութիւնը յայտնեց։
Աստիճանաբար ստուարանում էին տաճար եկած հայորդիների շարքերը։ Եւ երբ խորանից յայտարարուեց՝ «Ողջոյն տուք միմեանց…», տաճարում գտնուող հաւատացեալ հայորդիների հոգում ու սրտում ներքին խանդավառութեան զգացողութիւնը հասաւ իր գագաթնակէտի, ողջ բազմութիւնը մէկ անձ դարձած ապրում էր Ծննդեան լոյսի բերկրանքով։
Սրտռուչ էլ Յովնան Սրբազանի քարոզը Ծննդեան Պատարագին։ Ի մասնաւորի Առաջնորդ Սրբազանն իր խօսքում կարևորեց, որ թեմական մակարդակով հասանելի դարձնուի պատգամը՝ «ինքնութեան տեսիլքը»։ Հայ մարդը այդ տեսիլքով պիտի ապրի, Աստուած շնորհել է մեզ Աստծոյ սիրով ապրելու, հայրենիքի ու Ս. Էջմիածնի հանդէպ հաւատարմութեան զգացումներով ապրելու տեսիլքը, և այս բոլորի մէջ նախանձախնդիր կերպով պիտի մնանք ինքնութեան տեսիլքի մէջ՝ «պահելով մեր լեզուն, մեր պատմութիւնը, յարգանքը ընտանեկան մեր սրբութեանց և աւանդութեանց նկատմամբ, որոնցով կը լեցուի մեր կեանքը և կը մարմնաւորուի ինքնութիւնը»։
Պատարագից յետոյ Առաջնորդ Սրբազանի ընկեցակրցութեամբ բազմաթիւ հիւրեր ու հաւատացեալներ ամանորեայ մաղթանքներ ստացան Համբար սրահում հիւրասիրութեան ժամանակ:
Այդպէս սկսուեց 2020 թուականը։ Քրիստոս ծնուեց և յայտնուեց: Օրհնեալ է Քրիստոսի յայտնութիւնը։ Եւ թող «ինքնութեան տեսիլքի» ու Աստուծոյ լոյսի տրամադրութիւնները ուղեկցեն մեզ ամենքիս ողջ տարուայ ընթացքում։
Նորայր Պօղոսեան