Թեմ
Հրապարակված է: 12/27/2019
Դեկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիւրընկալեց Արարատեան Հայրապետական թեմի Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու «Նաւասարդ» երիտասարդական միութեան անդամներին եւ Արցախի հերոս Գագիկ Ստեփանեանի անուան թիւ 135 հիմնական դպրոցի տարբեր դասարանների աշակերտներին՝ առաջնորդութեամբ եկեղեցու հոգեւոր հովիւ Արժանապատիւ Տ. Նորայր աւագ քահանայ Բաղդասարեանի:
Ազգային արժէքների պահպանման եւ կրթական ոլորտի զարգացման գործում Հայ Եկեղեցու կարեւոր առաքելութեան վերաբերեալ Տէր Նորայրի եւ դպրոցի տնօրէն պրն. Գարեգին Ներսիսեանի խօսքերից յետոյ Նորին Սրբութիւնը իր ուրախութիւնը յայտնեց նման նախաձեռնութեան կազմակերպման առիթով՝ ուխտաւոր հայորդիներին փոխանցելով իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները: Հայոց Հայրապետը կարեւոր նկատեց հայորդիների ուխտագնացութիւնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որով հնարաւորութիւն է ընձեռնւում նրանց՝ հաղորդակցուելու իրենց անցեալին ու պատմութեան փառաւոր էջերին, զգալու Աստծոյ շունչը եւ նորոգելու իրենց հաւատքը:
Նորին Սրբութիւնը հաստատեց, որ Սուրբ Էջմիածնում է հայ ժողովուրդը հաւատարմութեան ուխտ կնքել Աստծոյ հետ՝ դիմակայելով կեանքի ամենատարբեր փորձութիւններին ու արհաւիրքներին, Քրիստոսի օրինակով յաղթել մահուանը եւ Նրա հանդէպ ունեցած անսասան հաւատքով ու սիրով կերտել հոգեւոր եւ մշակութային գլուխգործոցներ: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ հայրերն Եկեղեցու միջոցով են իրենց լաւագոյն արարումներն ընծայաբերել Աստծուն, ինչը վառ վկայութիւնն է առ Աստուած նրանց զօրաւոր հաւատքի: Ըստ Նորին Սրբութեան՝ հայ ժողովուրդն իր այդ զօրեղ հաւատքով ու աստուածասէր ընթացքով է ապահովել այլ ազգերի յարգանքն ու պատկառանքը իր հանդէպ՝ օրինակ դառնալով նաեւ շատ ժողովուրդների համար:
Գարեգին Երկրորդ Հայրապետը յոյս յայտնեց, որ ուխտաւոր հայորդիներն այդ հզօր ու գեղեցիկ ժառանգութեան տէրը կը լինեն՝ հարստացնելով այն նոր արժէքաւոր օրագործումներով: Նորին Սրբութիւնը նաեւ յորդորեց դպրոցականներին լաւագոյնս սերտել եւ իւրացնել իրենց պատմութիւնը: «Դուք մեր կեանքի եւ հայ ժողովրդի շարժող ուժն էք: Դուք մեր ապագան էք», -ասաց Հայոց Հովուապետը՝ վերստին փոխանցելով երիտասարդներին իր օրհնութիւնն ու գալիք Ամանորի առիթով լաւագոյն բարեմաղթանքները:
Հանդիպման ընթացքում աշակերտները ասմունքով, ժողովրդական երգերի եւ երաժշտական կատարումներով հաճելի անակնկալ մատուցեցին Վեհափառ Հայրապետին: