Թեմ
Հրապարակված է: 12/27/2019
Շաբաթ, Դեկտեմբեր 14-ին, Սիաթըլի Սուրբ Հարություն եկեղեցու վարժարանում տոնական տրամադրություն էր տիրում։ Մաշտոցյան գիրն արդեն սերտած ՝ դասվար Էլինե Կալամկարյանի սաները, հրաժեշտ էին տալիս իրենց ամենաթանկ գանձարանին՝ սիրելի այբբենարանին, տառերին նվիրված ասմունքով, երգով, թեման բացահայտող բեմադրությամբ, Մեսրոպ Մաշտոցի ու Հայաստան աշխարհի հանդեպ իրենց նվիրվածությունը և հայրենասիրությունը հավաստող խոսքերով։
Հանդեսը թե՛ այբբենարանի հանդես էր, թե՛ հավատի, թե՛ հայրենասիրության։ Հրաժեշտ տալով իրենց առաջին դասագրքին՝ խոստացան մաքուր և անաղարտ պահել մայրենի լեզուն։
Հրաշալի էր կազմակերպված միջոցառումը, և առավել հաճելի էր, երբ տիկին Էլինեի կազմակերպած բոլոր միջոցառումներում առկա են փոքրիկ բեմականացումներ...
Երգի ուսուցչուհի Վարսերի աշխատանքը նույնպես անգնահատելի էր...Երեխաները հիացրեցին իրենց հոգեթով ու գեղեցիկ երաժշտական կատարումներով:
Շնորհակալություն ձեզ մեր սիրելի ուսուցիչներ... Հուզիչ էր դասվար Տիկին Էլինեի խոսքը ուղղված աշակերտներին՝ յուրաքանչյուրին ներկայացնելով իրենց հատուկ բնավորությամբ և դասերի ընթացքին տեղի ունեցած հիշարժան դրվագներով։
Մաղթում ենք ձեզ բազում հաջողություններ, անսպառ եռանդ, ստեղծագործական նվաճումներ Ձեր հայրենանվեր աշխատանքում:
Հանդեսը ամփոփվեց արժանապատիվ Տ․Վազգեն քահանայի օրհնությամբ։ Տեր Հայրը գնահատանքի և երախտիքի խոսքեր հղեց ուսուցիչներին շնորհակալ աշխատանքի, իսկ ծնողներին՝ հայ ավանդույթների պահպանման և սերունդներին հայեցի դաստիարակության համար։
Վերջավորության, աշակերտները և ուսուցիչները, դասարան առ դասարան լուսանկարվեցին, որոնք ներկայացնում ենք երախտագիտական զգացումներ արտահայտող խոսքերով։
Հայոց դպրոցի սիրելի՛ ուսուցիչներ, հայորդիների դաստիրակության հայրենանվեր ու անձնուրաց գործի անդու՛լ մշակներ, միշտ հիշեք և հպարտացեք,որ կրում եք Ուսուցիչ վեհ անունը, քանզի կյանքում բոլոր լուսե մարդկանց Ուսուցիչ անունն են տվել… Դուք մեզ տալիս եք փառքը դարերի Նաիրյան շունչը մեր նախնիների։ Պարգևում եք մեզ հույսի հայրենիք Լուսավոր ու ջինջ,հոգևոր երկինք․․․
Մեր ամենափոքրիկները` նախակրթարանի սաները իրենց սիրելի ուսուցչուհիներ տիկին Նաիրայի և տիկին Արմինեի հետ: Մեր եռանդուն, նրբանկատ գործընկերները և հոգատար մանկավարժները:
Ամենից առաջ մարդ եք աշխարհում՝ Աշխարհում ընտրած Ձեր ճանապարհով, Նվիրվածության և խոհեմության Ձեր նկարագրով։ Ամենից առաջ մարդ եք աշխարհում, Ձեր գործին գիտակ, Գործի մեջ ազնիվ ու նաև շիտակ, Նաև ուսուցիչ ու մեծ հոգեբան, Մարդուն կարեկից` նեղսրտած պահին, Բերկրանքի պահին`բերկրանքով ապրող, Խոսքի մեծ վարպետ ու ազգը սիրող։
Աշխատանքը և ժամանակը մշտական մրցակցության մեջ են, ընդ որում`երկրորդը շարունակ փորձության է ենթարկում առաջինին: Բայց տիկին Սիլվայի մանկավարժական ամբողջ ճանապարհը վկայում է, որ նա հաճույքով է մտնում այդ մրցակցության մեջ: Գրեթե անհնար է բացատրել այն հսկայական էներգիան, որ առկա է իր մեջ: Այդ էներգիան, որ շռայլորեն և անսպառ կերպով բաշխում է իր շրջապատին, բխում է նրանից արդեն տարիներ շարունակ: Այդ էներգիան բխում է՝ իր շուրջը տարածելով բարին ու գեղեցիկը, մարդկայինն ու հավերժականը, այն լավագույնը, որ ազգային է և միաժամանակ համամարդկային:
Քանի փոքրիկի ձեռքից է նա բռնել և գրչի հմուտ շարժումով սովորեցրել մաշտոցյան տառերը, ոգևորել, քաջալերել իր սաներին և սեր արթնացրել նրանց մեջ դեպի ուսումն ու մայրենին մեր սիրելի տիկին Էլլան...