Նվիրաբերել

Երիտասարդները՝ Առաջնորդ Սրբազանին Հիւր

Թեմ

Հրապարակված է: 12/13/2019


ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ՝ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻՆ ՀԻՒՐ

Վերջին տարիների անխախտ աւանդոյթի համաձայն՝ այս տարի ևս Արևմտեան թեմի Բարեխնամ Առաջնորդ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանը իր տան հարկի ներքոյ հիւրընկալել էր հոծ խմբով երիտասարդների։ Տարուայ աւարտին երիտասարդ հայորդիների հետ միասին հանդիպումն ու մտքերի փոխանակումն ու ծրագրերի կազմութիւնը մեծ կարևորութիւն ունեն Առաջնորդ Սրբազանի համար։ «Եկեղեցու և երիտասարդութեան կապը պէտք է ըլլայ անքակտելի։ Երիտասարդներու մէջ է մեր եկեղեցւոյ վաղուայ պատկերը», տարբեր առիթներով պատգամել է Յովնան Սրբազանը։

Դեկտեմբերի 6-ին Յովնան Արք. Տանը ներկայ էին ACYO (Հայ Եկեղեցւոյ Երիտասարդական Կազմակերպութիւն) մօտ 70 անդամներ Լոս Անջելէսի շրջանից, Սան Դիեգո, Սան Ֆրանցիսկո, Ֆաուլըր, Օքլընդ, Եդեմ և այլ քաղաքներից։ Նրանց շարքում էր նաև Ս. Առաքելոց Հայց. եկեղեցու հոգևոր հովիւ Տէր Աւետիս Քհնյ. Աբովեանը, որ Յովնան Սրբազանի հետ մեկտեղ մասնակցութիւն ունեցաւ հիւրասիրութեան սեղանի պատրաստմանը։

Անկաշկանդ և ուրախ մթնոլորտում անցած հիւրասիրութիւնից յետոյ ներկաները ունկնդրեցին Ս. Ղևոնդեանց Մայր եկեղեցու դպրապետ Րաֆֆի Միքայէլեանի դաշնամուրային կատարումները, կատարեցին նաև Ս. Ծննդեան երգեր։ Երեկոն զարգդարուեց Սրբազան Հօր տարեդարձին նուիրուած աւանդական մոմավառութեամբ։

Երիտասարդներին ուղղուած իր խօսքում թեմի Առաջնորդը նախ իր գոհունակութիւնը յայտնեց, որ ամէն տարի հնարաւորութիւն է ստեղծւում նման հանդիպման համար, ապա և պատգամեց՝ մշտապէս լինել եկեղեցու հովանու ներքոյ։ 


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները