Նվիրաբերել

Կոմիտաս Վարդապետ 150 Ամյակի Առիթով Համերգ Եվ Դասախոսություն Սիաթըլի Ս․ Հարություն Եկեղեցում

Թեմ

Հրապարակված է: 11/01/2019


ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ 150 ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ ՀԱՄԵՐԳ ԵՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՍԻԱԹԸԼԻ Ս․ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Հոկտեմբերի 26-ին Սիաթըլի Սուրբ Հարություն եկեղեցու Ծխական խորհրդի եւ հովիվ Տեր Վազգեն քհնյ. Բոյաջյանի անմիջական նախաձեռնությամբ տեղի ունեցավ երաժշտագետ, բանահավաք, խմբավար, հոգևորական Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված գեղեցիկ միջոցառում: Սուրբ Հարություն եկեղեցում, հիրավի, տոն էր, որտեղ հավաքված հայությունը իր խոնարհումի և հարգանքի տուրքը մատուցեց «Ամենայն Հայոց երգի Վեհափառ» Կոմիտաս վարդապետին:

Հոբելյանական միջոցառման բացումը կատարեց Վանա Դավիթյանը, որը հանդես եկավ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից գեղեցիկ ընթերցանությամբ: Դաշնակահարուհի Ալիսա Սարգսյանը, հենց առաջին ակորդներից, հուզեց ներկաներին`նվագելով «Գարուն ա» ստեղծագործությունը, ապա ջութակահարուհի Գայանե Գրիգորյանի հետ հնչեցրին Հովհաննես Թումանյանի բառերով գրված և Կոմիտաս վարդապետի հեղինակած «Կաքավիկ» ստեղծագործությունը:

Երգչուհի Ելենա Ասլանյանը իր անկրկնելի հմայիչ ձայնով ներկայացրեց «Լորիկ», «Ալագյազ», «Շախկր-շուխկր» ստեղծագործությունները:

Երգիչ Ռուբեն Խաչատրյանը ներկայացրեց հայ գութաներգերից ամենահուզիչն ու սիրվածը` «Հորովել»ը, ապա երգչուհի Ելենա Ասլանյանի հետ կատարեցին կոմիտասյան հայտնի «Հաբրբան» զուգերգը:

Ելույթ ունեցավ նաև երգչուհի Կարինե Ստեփանյանցը, որը կիթառահար Արամ Մկրտչյանի նվագակցությամբ ներկայացրեց «Ճանապարհ» ստեղծագործությունը:

Երեկոն շարունակեց «Նանոր» երգչախումբը (գեղ. ղեկավար` Վարսեր Սարգսյան), որը ներկաներին փոխանցեց Կոմիտաս Վարդապետի սիրային ամենագեղեցիկ` «Սոնա յար» և «Շողեր ջան» երգերը: Երգչախումբը վարպետորեն ներկայացրեց նաև «Էսօր ուրբաթ է պաս է», «Ջուր կուգա վերին սարեն», «Զար զընգը, թող զնգա» և «Ով Զարմանալի» երգերը։

Ջութակահար Արտյոմ Ծատուրյանը կատարեց հայ ժողովրդի պանդխտության ողբերգությունն արտացոլող ամենագեղեցիկ երգերից մեկը` «Կռունկը»:
Ներկաները մեծագոյն սիրով ունկնդրեցին նաև Արմինե Նաղդյանի դաշնամուրային կատարումները` «Ես աղջիկ եմ», «Էրվում եմ», «Տուն արի» և այլն:

Միջոցառման երկրորդ հատվածում Կոմիտասի կյանքին և գործունեությանը վերաբերող հետաքրքիր բանախոսությամբ հանդես եկավ Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն քհնյ. Բոյաջյանը: Տեր Հայրը ներկայացրեց Կոմիտաս վարդապետի անցած դժվարին ուղին` Էջմիածնի Գևորգյան ճեմարանից մինչեւ Փարիզի հիվանդանոցներում անցկացրած ողբերգական տարիները: Նա հանգամանորեն խոսեց վարդապետի թողած ստեղծագործական հարուստ և բազմաշերտ ժառանգության մասին: Տեր Վազգենն ընդգծեց, որ Կոմիտասն իր տիտանական աշխատանքով և բացառիկ տաղանդի շնորհիվ մեզ մոտեցրել է հայկական երաժշտության մաքրամաքուր ակունքներին, գտել խազերի վերծանման բանալին, դարձել հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը: Տեր հոր վկայակոչմամբ՝ Կոմիտաս վարդապետն իր ապրած կյանքի և ստեղծագործությունների միջոցով բոլորիս ներկայանում է իբրև տիպար մարգարե, որով ապրում, կրթվում և առաջնորդվում է մի ամբողջ ազգ։

Քանդակագործ-գեղանկարիչ Գեղամ Աբրահամյանի հեղինակած Կոմիտասի դիմանկարը գոհունակությամբ և հաճելի անակնկալով զետեղվեց Եկեղեցու խորանին, որտեղից Կոմիտաս վարդապետ իր առինքնող ու խոնարհ հայացքի ներքո հետևում և հովանավորում էր ամբողջ երեկոն՝ իր տիրական ներկայությամբ։

Տեր հայրը իր խոսքի վերջավորության երախտիքի խոսք ուղղեց բոլոր կազմակերպիչներին և արվեստագետներին, որոնց բարձորակ կազմակերպության և կատարման շնորհիվ Սիաթըլի համայնքը իր խոնարհումն ու հարգանքը մատուցեց ՄԵԾ ՀԱՅԻ՝ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ծննդյան տարեդարձի 150-ամյակի առիթով։

Սիաթըլի Սուրբ Հարություն եկեղեցում, հիրավի, թևածում էր կոմիտասյան ոգին եւ շունչը. Կոմիտաս վարդապետը «իր ներկայությամբ» համախմբել էր հայրենիքից կտրված հայության բեկորներին, որոնց համար Կոմիտաս վարդապետի անաղարտ երգն ու երաժշտությունը սնուցող ակունք է, որը օգնում է օտար ափերում հայեցի ապրել և ապրեցնել մեր սերունդներին:

Հիշարժան երեկոն ավարտվեց Վանա Դավիթյանի Պարույր Սևակի «Անլռելի Զանգակատուն» պոեմի գեղեցիկ և վարպետորեն արտասանությամբ և «Նանոր» Երգչախմբի Կոմիտասյան «Հայր Մեր»-ի աղոթալից երգեցողությամբ։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները