Թեմ
Հրապարակված է: 11/01/2019
Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ընթացող Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովի հերթական նիստին ներկայ գտնուեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:
Ողջունելով ՀՀ վարչապետի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց Գերագոյն հոգեւոր խորհրդի քառօրեայ ժողովի օրակարգում ընդգրկուած հարցերին եւ ներկայացրեց Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամներին: Վեհափառ Հայրապետը կարեւորեց նմանօրինակ հանդիպումները` խօսելու ինչպէս եկեղեցական խնդիրների, այնպէս եւ հայրենիքի առջեւ ծառացած մարտահրաւէրների եւ մեր ժողովրդին յուզող հարցերի վերաբերեալ:
Այնուհետեւ իր խօսքը ներկաներին ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը: «Ի հարկէ նման հանդիպումների կարիքը եւ անհրաժեշտութիւնը կայ, գուցէ աւելի յաճախ, քան տեղի է ունենում: Ընդհանուր առմամբ, ի հարկէ, ինչպէս Վեհափառը նշեց, պետութիւն-եկեղեցի յարաբերութիւնների հետ կապուած քննարկումները շատ կարեւոր են, առաւել եւս նոր իրավիճակում եւ նոր պայմաններում, որ այսօր ունենք Հայաստանի Հանրապետութիւնում: Այդ պայմաններն ու յարաբերութիւններն ունեն բազմաթիւ նրբութիւններ եւ ես յոյս ունեմ, որ այսօր այդ նրբութիւնների կարեւոր դէտալներին մենք հնարաւորութիւն կ'ունենանք անդրադառնալ:
Ընդհանուր առմամբ, երբ ասւում է պետութիւն-եկեղեցի յարաբերութիւն՝ ես առաջին հերթին հասկանում եմ ոչ միայն եւ ոչ այնքան նիւթական յարաբերութիւնների կարգաւորումներ, չնայած դրանք էլ կարեւոր եւ էական են, այլ առաջին հերթին հասկանում եմ քննարկում՝ մեր երկրում հոգեւոր կեանքի, հոգեւոր արժէքների եւ ընդհանրապէս հոգեւոր մթնոլորտի առումով…», - նշեց ՀՀ վարչապետը: Իր խօսքում տիար Ն. Փաշինեանը կարեւորեց հասարակութեան մէջ խնդիրների կարգաւորումը փոխադարձ յարգանքի մթնոլորտում, բաց, անկեղծ, ուղիղ երկխօսութեան եւ քննարկումների միջոցով:
Այնուհետեւ ԳՀԽ անդամները հնարաւորութիւն ունեցան ՀՀ վարչապետի հետ քննարկելու հայրենիքի կեանքը, Հայոց Եկեղեցուն եւ աշխարհասփիւռ ժողովրդի յուզող զանազան խնդիրներ ու մարտահրաւէրներ: Մասնաւորապէս անդրադարձ եղաւ եկեղեցի-պետութիւն գործակցութեան արդիւնաւէտութեան բարձրացմանը, հոգեւոր կեանքի զօրացմանը, Հայաստան-Սփիւռք կապերի ամրապնդմանը, ազգային ինքնութեանը, պատմական սրբավայրերի ու ժառանգութեան պահպանութեանը եւ այլնին վերաւորող հարցերի:
Հանդիպման աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր գոհունակութիւնը յայտնելով հանդիպման առիթով, վերստին հաստատեց, որ Հայոց Եկեղեցին ինչպէս պատմութեան ընթացքում, այսուհետ եւս զօրավիգ է լինելու հայոց պետականութեանը` իր կարողութիւնների ներածին չափով նպաստելով հայրենիքի զօրացմանը, աշխարհասփիւռ հայութեան բարօր կեանքի կերտմանը: