Թեմ
Հրապարակված է: 11/01/2019
Ուրբաթ՝ հոկտեմբերի 25-ին, երեկոյան ժամը 7։30-ին, Գլենդեյլի Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայ Կաթողիկե Աթոռանիստ եկեղեցու “Ռէյմոնտ և Անի Գույումճեան” սրահում Ս. Գրիգոր լուսավորիչ Հայ Կաթողիկե Առաջնորդանիստ եկեղեցու ժողովրդապետության նախաձեռնությամբ կայացավ Դոկտ. Հրանտ Աճեմեանի “Փունջ մը ծաղիկ հայ մշակույթի պարտէզէն” գրքի շնորհանդեսն ու գինեձոնը։
Բացման խոսքով ներկաներին բարի գալուստ մաղթեց Հ. Բարսեղ Ծ. Վրդ. Պաղտասարեանը։ Այնուհետև իրավաբան Նարիս Խալաթեանը ներկայացրեց գիրքը, որը 36 հոդվածներից կազմված ժողովածու է, ապա ընթերցեց պատառիկներ գրվածքից։
Իր խոսքով հեղինակին շնորհավորեց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը,որից հետո շնորհակալական խոսքով հանդես եկավ հեղինակը՝ Դոկտ. Հրանտ Աճեմեանը։
Հյուսիսային Ամերիկայի Հայ Կաթողիկե թեմի Առաջնորդ Արհ. Տ. Միքայէլ Եպսկ. Մուրատեանի նախաձեռնությամբ մեծ շուքով տեղի ունեցավ գրքի գինեձոնը։ Ապա իր ելույթում նա արժևորեց հեղինակի ստեղծագործական շնորհն ու անթաքույց հիացմունքով խոսեց հեղինակի և նրա ստեղծագործությունների մասին։
Գրքի շնորահանդեսի ու գինեձոնի գեղեցիկ արարողությանը ներկա էր Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ներկայացուցիչ՝ Գլենդեյլի Սբ. Պետրոս եկեղեցու հովիվ Տեր Եղիա Քհն. Իսայանը։