Թեմ
Հրապարակված է: 10/17/2019
Արևմտեան թեմի հովանու ներքոյ գործում են 20 շաբաթօրեայ դպրոցներ, ուր հայերէն լեզու, մշակոյթ ու պատմութիւն են ուսանում տարբեր տարիքի 1000-ից աւելի սաներ։ Դպրոցները թեմի բարեխնամ Աշաջնորդ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի ամէնօրեայ ուշադրութեան ու հոգածութեան կենտրոնում են, և Շաբաթ՝ Հոկտեմբերի 12-ին Առաջնորդարանում Յովնան Սրբազանի գլխաւորութեամբ տեղի ունեցաւ շաբաթօրեայ դպրոցների խորհուրդի և Լոս Անջելէսի մի քանի դպրոցների տնօրէնների համատեղ ժողովը։ Ներկայ էին «Փոքրիկ հրեշտակներ» դպրոցի տնօրէն Յովհաննէս Սրկ. Գումրուեանը, Ս. Պետրոս եկեղեցու դպրոցի տնօրէն Ծովինար Մելքոնեանը, Իրաքահայերի միութեան դպրոցի տնօրէն Անահիտ Խաչատուրեանը, Փասադենայի դպրոցի տնօրէն Նորայր Տատուրեանը, Կոստա Մեսայի դպրոցի տնօրէն Գէորգ Մարտիրոսեանը։
Շահագրգիռ և արդիւնաւէտ քննարկումների ժամանակ ներկայացուեցին մի քանի կարևոր հարցեր, ինչպէս օրինակ՝ դպրոցներին կից ծնողական յանձնախումբեր ստեղծել, ըստ հնարաւորին հետևել ծրագրին և դասընթացները համապատասխանացնել դրան և դասագրքերը դարձնել միօրինակ, քայլեր կատարել դպրոցների գործունէութիւնը պարբերաբար հանրութեանը ներկայացնելու համար։
Տնօրէնների առաջարկով և Առաջնորդ Սրբազան հօր յանձնարարութեամբ առաջիկայում պիտի ստեղծուի շաբաթօրեաների համար նախատեսուած աղօթքների և շարականների մատչելի-բացատրական ժողովածու, պիտի պատրաստուի յատուկ վկայական՝ շրջանաւարտներին ըստ կարգի յանձնելու համար։ Առաջնորդ Սրբազանը յանձնարարեց նաև քայլեր սկսել ուսուցիչների վերապատրաստումը, ամենամեայ հաւաքից բացի, ամռան ամիսներին Հայաստանում անցկացնելու համար, որ սպասուած ու օգտակար պիտի լինի բոլոր ուսուցիչների ու դպրոցների համար։
Քննարկման ժամանակ խօսուեց նաև դպրոցների այլ խնդիրների մասին, որոնք ընդհանուր էին մէկ կէտում՝ շատ յաճախ հնարաւոր չի լինում ընդունելու բոլոր ցանկացող աշակերտներին՝ անհրաժեշտ տեղերի և սենեակների բացակայութեան հատճառով։
Այս և այլ հարցեր առաւել մանրամասն քննարկելի կը լինեն թեմի Առաջնորդ Յովնան Սրբազանի շաբաթօրեայ դպրոցներ յառաջիկայ այցելութիւնների ժամանակ։