Նվիրաբերել

Տեղի Ունեցաւ Գէորգ Յակոբեանի «Պատմութիւն Իսթամպուլահայ Ուսումնական Կեանքի Եւ Կրթական Հաստատութիւններու» Գրքի Շնորհանդէսը

Թեմ

Հրապարակված է: 10/11/2019


Տեղի ունեցաւ Գէորգ Յակոբեանի «Պատմութիւն Իսթամպուլահայ Ուսումնական Կեանքի եւ Կրթական Հաստատութիւններու» գրքի շնորհանդէսը

Հոկտեմբերի 8-ի ողջ օրը Արևմտեան թեմի Առաջնորդարանում գիտական մթնոլորտ էր։ Երեկոյեան, որպէս գիտհաժողովի շարունակութիւն, Առաջնորդարանի նոյն՝ Արմէն Համբար սրահի մէջ, Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի գլխաւորութեամբ և մասնակցութեամբ բազմաթիւ հիւրերի ու հոգևորականների, տեղի ունեցաւ նաև Գէորգ Յակոբեանի «Պատմութիւն Իսթամպուլահայ Ուսումնական Կեանքի եւ Կրթական Հաստատութիւններու» գրքի շնորհանդէսը: Ստուարածաւալ այս հատորը մանրամասն նկարագրութիւնն է 18-րդ դարավերջից ի վեր Ստամբուլի 170 դպրոցների ստեղծման, պատմութեան, ծրագրերի։

Գիրքը ներկայացրեց հիմնական բանախօսը՝ «Նոր Օր» շաբաթաթերթի խմբագիր և Մանուկեան-Տէմիրճեան վարժարանի Հայոց լեզուի բաժանմունքի վարիչ Տիար Հրաչ Սեփեթճեանը, որ մանրամասն վերլուծեց մենագրութեան արժանիքները, պատմութիւնը, բերած նպաստը հայ դպրոցի ուսումնասիրութեան ոլորտին։

Երեկոն հայ բանաստեղծութեան գոհարների (Թէքէեան, Որբերեան, Խրախունի, Կապուտիկեան և այլ) իր ուրոյն կատարումներով ծաղկեցրեց Յովնան Սրբազանի հրաւէրով Ստամբուլից ժամանած՝ «ասմունքի իշխանուհի» պատուանունը ստացած Սիլվա Կոմիկեանը, որ յուզումնալի պահեր պարգևեց ներկաներին։

Մենագրութեան հեղինակ Գէորգ Յակոբեանն իր շնորհակալութեան խօսքն ասաց, և շնորհանդէսն ամփոփուեց Արևմտեան թեմի Առաջնորդի օրհնութեան խօսքով։ Յիրաւի, Հոկտեմբեր 8-ին, ի դէմս Միացեալ Նահանգաց Արևմտեան թեմի և Առաջնորդ Սրբազան Հօր, Հայ եկեղեցու հովանու ներքոյ էին մէկտեղուել հոգևոր, գիտական, կրթական ոլորտները, և այդ բարձր մթնոլորտը թևածում էր ողջ օրը, որ մեծ լիցքեր հաղորդեց հոգևորականներին, զեկուցողներին և բոլոր ներկաներին։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները