Թեմ
Հրապարակված է: 09/27/2019
Հիւսիսային Ամերիկայի Արևմտեան թեմը Բարեխնամ Առաջնորդ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի տնօրինութեամբ, մշտական ուշադրութեան կենտրոնում է պահում հոգևոր ուսուցման, քարոզչութեան, լայն իմաստով՝ հոգևոր առաքելութեան հարցերը։
Դրանք բազմազան են և մասնաւորաբար ընդգրկում են՝
- Շաբաթօրեայ և Կիրակնօրեայ դպրոցները,
- Հայաստանեայց եկեղեցւոյ երիտասարդական կազմակերպութիւնը,
- Արևմտեան թեմի երիտասարդաց Հայաստան ուխտագնացութեան ծրագիրը,
- Աստուածաշնչային և քրիստոնէական դաստիարակութեան դասընթացները,
- ամառային ճամբարը,
- ամէնօրեայ դպրոցները,
- գիտաժողովներն ու կոնֆերանսները,
- սարկաւագական վերապատրաստման ծրագիրը,
- առաքելոց լսարան
- տիկնանց հոգեւոր առանձնացում
- Արևմտեան թեմի համացանցային պարբերական հրապարակումները և այլն։
Քրիստոնէական ուսուցման ուղղութեամբ շարունակ նոր ու արդիական ծրագրեր են մշակւում և իրագործւում, որոնց համակարգման և է՛լ աւելի արդիւնաւէտ դարձնելու համար Յովնան Սրբազանի նախագահութեամբ պարբերաբար կազմակերպւում են յատուկ ժողովներ՝ քննարկելու համար թեմի հոգևոր առաքելութեան հարցերը։
Սեպտեմբերի 20-ին Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի գլխաւորութեամբ տեղի ունեցաւ հերթական ժողովը, որին մասնակցում էին Տ. Գրիգոր Քհնյ. Զաքարեանը, Առաջնորդարանի աշխատակիցներ Հայկ Մադոյեանը, Մաշտոց Չոպանեանը, Նորայր Պօղոսեանը, Նարեկ Սրկ. Քասեանը, շաբաթօրեայ դպրոցների պատասխանատու Դոկտ. Էլի Անդրէասեանը։
Ժողովի ժամանակ քննարկուեցին կիրակնօրեայ և շաբաթօրեայ դպրոցներում, ամառային ճամբարում, երիատասարդական ծրագրերում հոգևոր ուսուցման բարելաւման հնարաւորութիւնները։
Առաջնորդ Սրբազան Հօր յորդորն ու յստակ ցուցումն է՝ առաւել աշխուժացնել կրթական հաստատութիւններում հոգևոր թեմաների մատուցումը, այդ նպատակով ուսումնական և այլ գրքերի նախապատրաստումն ու հրատարակումը, համացանցային տիրոյթում նոյնպէս դրանց լայնօրէն տարածումը։ Օրինակ՝ յանձնարարուեց մինչև դեկտեմբեր պատրաստել Հայ եկեղեցու, մեր հաւատքի, ծէսի, հայրենիքի մասին ծանուցողական տեղեկագիր-գրքոյկ, որ երիտասարդներին պիտի ամփոփ ու գրաւիչ կերպով պատմի նշված հարցերի մասին։ Դա կարող է օգտակար լինել մեր եկեղեցու և հայրենիքի մասին առաջին ծանօթացման ճանապարհին նրանց համար, ովքեր ուսանում են կիրակնօրեայ դպրոցներում, այցելում են ամառային ճամբար, մեկնում են ուխտագնացութեան Հայաստան։
Ներկաներն արեցին մի շարք առաջարկներ, որ օգտակար պիտի լինեն Արևմտեան թեմում հոգևոր առաքելութեան շրջանակը ընդլայնելու համար։