Նվիրաբերել

Այցելություններ Հառիճավանքի «Թրբանճյան Ընծայարան», «Մեր Հույս» Բարեգործական Եվ Ս․ Գրիգոր Նարեկացու Անվան Հոգեվոր Մշակույթի Կենտրոններ

Թեմ

Հրապարակված է: 08/30/2019


ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՌԻՃԱՎԱՆՔԻ «ԹՐԲԱՆՃՅԱՆ ԸՆԾԱՅԱՐԱՆ», «ՄԵՐ ՀՈՒՅՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ Ս․ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հանձնարարությամբ` Սիաթըլի Ս․ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Վազգեն քհնյ Բոյաջյանն, Հայաստան իր այցելության ընթացքին այցելեց թեմիս հովանավորությունը վայելող Հառիճավանքի «Թրբանճյան ընծայարան», Երևանի «Մեր Հույս» և Քարակերտ համայնքի «Ս․ Նարեկ» հոգևոր մշակութային կազմակերպություններ։ Տեր հոր այցելության նպատակն էր․ հանդիպել կազմակերպությունների պատասխանատուների հետ և մանրամասն ծանոթանալ մինչ օրս կատարված աշխատանքներին,   հաջողություններին և դժվարություններին, որոնց բախվել են իրենց գործունեության ընթացքում, ինչպես նաև մոտ ապագայում նախատաեսված ծրագրերին:

Ներկա և ապագա ծրագրերին վերաբերող ընդարձակ տեղեկագիր կներկայացվի Առաջնորդ սրբազան հոր և պատկան մարմինների ուշադրության, սակայն ներքո նեկայացվածը հղում ենք իբրև հաղորդագրություն։

ՀԱՌԻՃԱՎԱՆՔԻ «ԹՐԲԱՆՃՅԱՆ ԸՆԾԱՅԱՐԱՆ»

Ուրախալի էր տեսնել և ծանոթանալ թեմիս բարերար ամոլի՝ Թրբանճյան ամուսինների բարերարության շնորհիվ վերանորոգված Ընծայարանի բարեկարգ պայմանները, ուր ավագ դպրոցի ծրագրին գիշերօթիկ հիմունքներով հետևում են տասնյակ երիտասարդներ։ Ընծայարանը գործում է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի Հոգևոր Ճեմարանին կից։ Արթիկի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգշ․ Տ․ Նարեկ Վրդ-ի վկայությամբ՝ հիմնովին նորոգված ընծայարանի կառույցը ամբողջովին համապատասխանում է ժամանակակից չափանիշներին, որտեղ հաճախող սաները ստանում են բարձրորակ կրթություն. նրանք ոչ միայն յուրացնում են դպրոցական ծրագիրը, այլև ստանում են եկեղեցագիտական և աստվածաբանական գիտելիքներ: Ուսանողները մասնակցում  են նաև եկեղեցական արարողություններին, շփվում հոգևորականների  և հավատացյալների հետ, ինչի շնորհիվ նրանք անքակտելիորեն կապվում են Աստծուն եւ եկեղեցուն:

«Թրբանճյան ընծայարան»ի գործունեությունը նպաստում է նաև տարածաշրջանում հոգևոր աճի զարգացմանը. հոգևոր դաստիարականությանն ուղղված ծրագրերի   շնորհիվ տարեցտարի ավելանում է ուխտավորների հոսքը դեպի Հառիճավանք։ Հայտնի է, որ Հառիճավանքը եղել է միջնադարյան Հայաստանի խոշորագույն հոգևոր եւ կրթական կենտրոններից մեկը: Այն սիրված և հրաշքներով լի ուխտատեղի է եղել նաև Հայաստանի տարբեր շրջաններից ժամանող ուխտավորների համար։  Այսօր ընծայարանի կարևորագույն խնդիրներից մեկն էլ այն է, որ Հառիճավանքը կրկին իր շուրջը հավաքի աշխարհի տարբեր ծագերից ուխտի եկած հավատացյալներին՝ վերականգնելով Հառիճի վանքում ուխտագնացության գեղեցիկ ավանդույթը:

Հանդիպման ավարտին Առաջնորդական Տեղապահ հայր սուրբը իր և թեմի հոգևոր դասի, ընծայարանի տեսչության, ինչպես նաև՝ ողջ ուսանողության անունից շնորհակալություն հայտնեց Արևմտյան թեմի Առաջնորդությանը՝ ընծայարանին և Հառիճավանքին ցուցաբերած մշտական աջակցության համար, որի շնորհիվ քայլ առ քայլ վերականգնվում է վանական համալիրի վաղեմի փառքն ու լույս սփռում ներկա և ապագա սերունդների հոգևոր և ազգային դաստիարակության վրա։

 

 

«ՄԵՐ ՀՈՒՅՍ» Բարեգործական կազմակերպությունը կյանքի է կոչվել 2008 թվականին Թեմիս Թեմական Խորհուրդի ներկա ատենապետուհի Տիկ․ Ադրիեն Գրիգորյանի նախաձեռնությամբ։ Կազմակերպության առաքելության նպատակն է օգնել ընտանեկան դժվարին պայմաններում ապրող մանկահասակ աղջիկներին՝ ստեղծելով ապահով և քրիստոնեական սիրով առաջնորդվող միջավայր։ «Մեր Հույս» Բարեգործական հաստատությունում երեխաները ոչ միայն օգտվում են «Նագգաշյան» կենտրոնի հիմնովին նորոգված և բարեկարգ շենքի հարմարավետ պայմաններից, այլև գիշերում են այնտեղ։ «Նագգաշյան մանուկների տան» տնօրեն Միհրան Միրիջանյանը մեծ հուզմունքով և գոհունակությամբ ներկայացրեց կենտրոնի ծավալած գործունեությունը։ Իրենց առաքելությանը հավատարիմ գիտակից ու հոգատար աշխատակազմի շնորհիվ, կենտրոնում գրանցված և բնակություն հաստատած 18 աղջիկներ օգտվում են զանազան ծառայություններից, որոնք նպաստում են նրանց հոգևոր և բարոյական դաստիարակությանը։  Այստեղ դեռատի աղջիկները, մինչև 18 տարեկան դառնալը, միջնակարգ դպրոց հաճախելու հետ մեկտեղ ձեռք են բերում զանազան մասնագիտություններ և հմտանում իրենց նախասիրած արվեստի մեջ։ «Մեր Հույս» Բարեգործական հաստատության՝ շուրջ 11 տարվա արդյունավետ գործունեության շնորհիվ, տասնյակ երիտասարդուհիներ,  նոր գիտելիքներով եւ հմտություններով հարստացած,  դյուրությամբ ընդգրկվում են կյանքի տարբեր ոլորտներում, ցուցաբերում մասնագիտական բարձր արդյունքներ։ Նրանցից շատերն այսօր աշխատում են, ոմանք ամուսնացել և կազմել են իրենց ընտանեկան բույնը։

Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական ծանր պայմանների հետևանքով, դժբախտաբար, չի նվազում անօթևան կամ անելանելի պայմաններում հայտնված երեխաների թիվը, ուստի «Մեր Հույս» Բարեգործական հիմնադրամի տնօրենությունը նախատեսում է մոտ ապագայում միջոցներ հայթայթել, որպեսզի կենտրոնից կարողանան օգտվել ավելի շատ կարիքավոր երեխաներ:

Չնայած բազում դժվարություններին՝ «Մեր Հույս» Բարեգործական հաստատության անձնակազմը անսահման սիրով   և անձանձիր նվիրումով շարունակում է իր առաքելությունը։ Այն, իբրև ընտանեկան օջախ, լայնորեն բացելու է իր դռները և հյուրընկալ պատերից ներս շարունակելու է ընդունել հայ մանկահասակ օրիորդներին՝ հույսով և հավատքով, սիրով և գուրգուրանքով առաջնորդելու նրանց դեպի երիտասարդություն և նոր կյանք։

«Մեր Հույս» Բարեգործական հաստատության անձակազմը, այնտեղ բնակվող երեխաները երախտագիտությամբ իրենց շնորհակալական խոսքը փոխանցեցին ԱՄՆ-ի Արևմտյան թեմի Առաջնորդությանը, որի հոգածու խնամքի ներքո կենտրոնը կարողանում է հարատևել և շարունակել ավելիով ծառայել աստվածահաճո այս առաքելության:

Ավելացնենք նաև, որ ամեն տարի CYMA-ի առաքելությամբ մեկ ամսով Հայաստան մեկնող թեմիս երիտասարդները շաբաթական երեք օր հանդիպումներ են ունենում կենտրոնի երեխաների հետ, որտեղ տիրող ընտանեկան ջերմ մթնոլորտի շնորհիվ նրանք շփվում են միմյանց հետ, կիսվում իրենց փորձառությամբ, սովորում անգլերեն և դառնում հոգեկից ընկերներ:

Ս ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ

Այս կենտրոնը գործում է Արմավիրի թեմի Քարակերտ համայնքում: Կենտրոնի ջանադիր տնօրենուհի՝ Անահիտ Ղուկասյանի և աշխատակիցների կողմից ներկայացվեց տարիների ընթացքում կատարված աշխատանքները։ Կենտրոնի առաքելությունն է քրիստոնեական և համամարդկային արժեքների վրա հիմնված կրթության և դաստիարակության ապահովումը համայնքի երեխաների և երիտասարդների համար՝ ձևավորելով այնպիսի սկզբունքներ, կարողություններ և հմտություններ, որոնք կնպաստեն նրանց արժանավայել և ապահով ապագային։

2002 թվականից մինջ օրս կենտրոնում գործում է պարի, դաշնամուրի, երգի, նկարչության, ասեղնագործության, կարպետագործության, տիկնիկագործության, կար ու ձևի խմբակները:

2003 թվականից կենտրոնում գործում է «Էմմանուել» նախակրթարանը։ Նախակրթարանն իր տեսակի մեջ եզակի է, որի գործունեությունը միտված է նախադպրոցական կրթության համակարգի զարգացմանը, նոր ու արդյունավետ մոտեցումների ներդրմանը:

«Սիրելի´ փոքրիկ, դու ես ոսկե հունդը մեր պայծառ գալիքի» նշանաբանը կրող «Էմմանուել» նախակրթարան այցելում են 3-6 տարեկան 40  փոքրիկներ, որոնք դաստիարակների մայրական հոգատար ու բարեգութ հայացքի ներքո կրթվում և դաստիարակվում են: Նախակրթարանում սաները սովորում են երթևեկության, բարեկրթության կանոններ, ձևավորում համագործակցային մշակույթ: Անցնում են երաժշտություն, պար, նկարչություն, ծեփակերտում, օտար լեզուների ուսուցում, մարմնակրթություն, հեքիաթի ընթերցում, բեմականացում, մուլտֆիլմերի դիտում, խաղերի միջոցով սովորում են խոսքի ճիշտ կառուցման արվեստ, տարրական մաթեմատիկա, գրաճանաչություն, ստանում են էկոլոգիական դաստիարակություն։

Նախակրթարանը հանդիսանում է ուսումնական գործընթացի արդյունավետության հենասյուն և դրական ազդեցություն ունի կենտրոնի գործունեության, հեղինակության ու կայունության ապահովման համար:

2016 թվականից  նախակրթարանի  սննդի ծախսը ապահովում է Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի կողմից:

Մինչ օրս կենտրոն են հաճախում 160  երեխա: Այսօր Կենտրոնը ունի երիտասարդաց միություն, որը զբաղվում է համայնքի խնդիրները վեր հանելու և  լուծման հարցերով, զբաղվում է նաև համայնքում ապրող միայնակ ծերերի խնամքով:

Կենտրոնը դարձել է նաև մասնագիտական կողմնորոշման կենտրոն:

Կենտրոնը մշտապես առաջնային է համարել կրթության և մշակույթի դերը աճող սերնդի զարգացման և կայացման գործում։ Իր գործունեության ընթացքում իրականացրել է բազմաթիվ կրթական, մշակութային, սոցիալական ծրագրեր, որոնք ուղղված են եղել երեխաների և նրանց ընտանիքների բարօրությանը, զարգացմանը և քաղաքացիական հասարկության ձևավորմանը՝ այդ գործընթացքներին մասնակից դաձնելով նաև համայնքի անդամներին, ինչը նպաստում է ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:

2002 թվականից  որդեգրել է կրթություն արվեստի  և արհեստի միջոցով ուղղությունը և նախատեսում է շարունակել այն` կատարելագործելով և ընդլայնելով գործունեության շրջանակները: Կարևորելով երեխայի անհատականության դրսևորման և զարգացման գործընթացը՝  իր սանին ցանկանում է տեսնել ոչ միայն արվեստի կամ արհեստի մեջ մասնագիտացած, այլ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող, պատասխանատու և հոգևոր արժեքներով քաղաքացի:

Այցելության օրը տեղի էր ունենում նախակրթարանի  տարեվերջյան հանդեսը, որը նվիրված էր մեծասքանչ Հայոց լեզվին։ Մանուկների կողմից արտասանված բանաստեղծություններով գովերգվում էր  Հայոց լեզուն, արժևորվում էր նրա հայապահպան դերը, որը երաշխիք է հայի ինքնության և գոյության սերունդների կյանքում ։ Ներկա լինելով բարձր ճաշակով կազմակերպված հանդեսին՝ ևս մեկ անգամ համոզվում ես, որ ծնողների և բոլոր ներկաների կողմից հնչաց գովեստի խոսքերն ու խանդավառությունը գնահատանք է Կենտրոնի գոյության և գործունեության համար և հպարտանում ես, որ այս բոլոր աշխատանքների զգալի մասը  հովանավորվում է նաև Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի Առաջնորդության, հավատացյալների և հայրենիքի վաղվա օրով ապրող ազգայինների կողմից։ Շնորհակալություն բոլորին:


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները