Նվիրաբերել

Օրհնության Կարգ Սիեթլի Սուրբ Հարություն Եկեղեցու Նոր Գնված Կալվածի Եւ Դպրաց Ձեռնադրություն

Թեմ

Հրապարակված է: 06/21/2019


Օրհնության Կարգ Սիեթլի Սուրբ Հարություն Եկեղեցու նոր գնված կալվածի և Դպրաց ձեռնադրություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, հիմնադրման առաջին իսկ օրվանից, հաղթականորեն շարունակում է անշեջ պահել Հիսուս Քրիստոսի լույս հավատքով առլեցուն ու բոցկլտուն կանթեղը՝ լինելով տեր ու հոգևոր օրրան իր աշխարհասփյուռ զավակների։ Հակառակ բազում մարտահրավերների, Հայ եկեղեցին շնորհիվ իր հոգևոր դասի, պատկան մարմինների, հավատացյալ հոտի, ջանք ու եռանդ չխնայելով, ամեն միջոց ներդնելով հանդիսանում է ամուր ու անսասան ամրոց, որի ապահով պարիսպներից ներս իր հայեցի ու քրիստոնյական դաստիարակությունն է ստանում հայ մանուկը՝ ճամփելով նրան դեպի կյանքի անհուն օվկիանոս, ուր զինյալ հավատքով նավարկում է դեպի հաղթական փարոսը։

Ահա այս հավատքով և համոզումով տարվույս Հունիս 16-ը նշանավորվեց որպես պատմական և հիշարժան օր Սիեթլի Սուրբ Հարություն եկեղեցու համայնքի անդամների համար, ովքեր մեծ խանդավառությամբ և ցնծությամբ դիմավորեցին և բարի գալուստ մաղթեցին Թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանին։

Օրը սկսվեց Սրբազան հոր կողմից մատուցվող Ս․ Պատարագով: 

Սուրբ Պատարագի ընթացքում Սրբազան հայրը եկեղեցվոյս երկու ծառայողների` Գևորգ Ստեփանյանցին և Տիգրան Սաֆարյանին արժանացրեց դպրաց ձեռնադրության: Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցու վարժարանի բոլոր սաները մոտեցան Ս․ խորանին, որոնք Սրբազան հոր հետ ջերմ և անմիջական զրույցից հետո ստացան նրա օրհնությունը: 

Սուրբ պատարագի ավարտին Սրբազան հայրը կատարեց երգչախմբի անդամների գլխաշորերի օրհնություն, որից հետո բոլորը թափորով առաջնորդվեցին դեպի նոր գնված կալված, ուր Սրբազան հորը Աղ ու հացով դիմավորեցին վարժարանի սանները։ Այնուհետև, Սրբազան հայրը օրհնեց նոր կալվածը, որից հետո հատեց ժապավենը։ Իր օրհնության խոսքում Սրբազան հայրը հույս հայտնեց, որ նոր կալվածը կծառայի որպես դպրոց և իր առաքելությամբ կհանդիսանա իբրև Հայ Տուն՝ զարկ տալով հայ մշակույթի պահպանմանն ու տարածմանը համայնքից ներս։ 

Աղոթքից և օրհնությունից հետո Հայ Տան բակում բոլորին սպասվում էր հաճելի անակնկալ, որտեղ պատրաստված էր բեմ...

Նորից ծփում էր վարժարանի բեմը. հերթական գեղեցիկ ու հարուստ բովանդակությամբ միջոցառումն էր` վառ, գունագեղ ու հայեցի ոգով:  Օրը լցված էր Թումանյանով և Կոմիտասով: Հայ Տան բակը վերածվել էր Բիբլիական Հայաստանի, ուր մանկան շուրթերով, ինչպես աղոթք, հնչում էր Աստվածային հայոց լեզուն:

Դպրոցի ծրագիրը ամփոփվեց սաների քոչարի պարով և Սրբազան հոր օրհնությամբ։ Անմիջապես հետո աշակերտները ստացան իրենց գովասանագրերը: 

Վարժարանի ծրագրի ավարտից հետո, բոլորը ուղղորդվեցին դեպի Հայ Տան ետնամաս, որտեղ  եկեղեցու մեծ ընտանիքի կողմից պատրաստված էր հյուրասիրություն։  Սեղանների օրհնությունից հետո, սկսվեց նաև գեղարվեստական ծրագիրը, որտեղ համայնքի անդամների կողմից հնչեցին հայկական երգն ու երաժշտությունը:

Էլա Աբրահամյան


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները