Նվիրաբերել

Համբարձման Տօնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Թեմ

Հրապարակված է: 05/30/2019


Համբարձման տօնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ս. թ. մայիսի 30-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնախմբեց մեր Տէր Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնը: Այս տօնին յիշատակւում է նաեւ 1441 թուականին Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինութեամբ տէրունի այս տօնը հռչակուել է նաեւ Սուրբ Էջմիածնի ուխտի օր:

Ամենայն Հայոց Հայրապետի գլխաւորութեամբ Մայր Աթոռի միաբանութիւնը Ս. Գայանէ վանքում մասնակցեց տէրունական տօնի առիթով մատուցուող Պատարագի սրբազան արարողութեանը, որին ներկայ էին նաեւ հայաստանեան թեմի առաջնորդները, առաջնորդական տեղապահներն ու բազում ուխտաւոր հայորդիներ:

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը:

Սուրբ Պատարագի իր քարոզում Հոգեշնորհ Հայր Սուրբն անդրադարձ կատարեց օրուայ խորհրդին` ի մասնաւորի նշելով. «Համբարձման տօնը եւ համբարձման աւետարանական դրուագը մի շատ կարեւոր պատգամ է մեզ՝ հաւատարիմ մնալու Հայր Աստծոյ այն խոստմանը, որ  համբարձումից տասն օր յետոյ Հոգեգալստեան տօնին հեղուելու է ամէնքիս վրայ իբրեւ Սուրբ Հոգու շնորհ: Հայր Աստծոյ խոստումը Քրիստոսի Եկեղեցու հիմնադրումն էր երկրի վրայ: …Եւ ուրեմն, առաքեալները շարժւում էին Քրիստոսի ոտնահետքերով, բայց շարժւում էին ոչ թէ յուսահատութեան եւ տրտմութեան մէջ, այլ շարժւում էին, որովհետեւ արդէն Քրիստոսի խոստումին հաւատարիմ ունէին առաքելական գիտակցութիւն: Նրանց համար կեանքն այլեւս անապատ չէր, որտեղ անտարբերութիւն եւ յուսահատութիւն է միայն տիրում, նրանց համար կեանքը նաեւ դրախտ ու ձրի պարտէզ չէր: Կեանքը սպասում էր նրանց, որպէսզի նրանք սիրոյ, յոյսի եւ հաւատի յունդերը հողի մէջ դնէին եւ սպասէին պտղաբեր իրենց համայնքների հիմնադրմանը: Եւ, ուրեմն, տեսնում ենք, սիրելիներ, որ Քրիստոսի համբարձումը միայն նրա երկրաւոր առաքելութեան կնիքն է եւ փոխանցումն այն առաքելական գիտակցութեան, այն խոստումի, որ Քրիստոսի գործը շարունակուելու է Նրա Սուրբ Եկեղեցու եւ Նրա առաքեալների միջոցով: … Քրիստոսի համբարձումից յետոյ է, որ ամէնքս դարձանք մէկ մարմին, մէկ հոգի եւ մէկ միտք, մէկ` մկրտութեամբ եւ մէկ` Տիրոջով»: Հայր Շահէն ընդգծեց, որ Փրկչի համբարձմամբ է, որ Տէրը հաւատացեալներին պարգեւեց ամենատարբեր շնորհներ:

Պատարագիչ Հայր Սուրբը յիշեցրեց ուխտաւորներին նաեւ, որ այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական յիշատակութիւնն է:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսական Աթոռը տեղափոխող հայրերը գիտակցեցին, որ, ուր Լուսաւորչի տեսիլքով նոր ոտնահետք է յայտնուել Հայաստան երկրում, այնտեղ է նախամեծար Կաթողիկոսական Աթոռի վայրը: Մենք աղօթքի մէջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն անուանում ենք սնիչ եւ դաստիարակիչ Հայաստանեայց բոլոր եկեղեցիների: Էջմիածինը միայն շէնք չէ, միայն քարից կառուցուած եկեղեցին չէ: Էջմիածինը Քրիստոսի ոտնահետքն է Հայաստան աշխարհում: Էջմիածինը մեր այն սրբութիւնն է, որը հայ ժողովրդի համար եղել է արարող միտք, բաբախող սիրտ եւ հայ ժողովրդի հաւաքական կամքի արտայայտութիւն», - փաստեց Շահէ ծայրագոյն վարդապետը՝ յաւելելով, որ Համբարձման տօնի եւ  Կաթողիկոսական Աթոռի տեղափոխութեան այս երկու կարեւորագոյն իրադարձութիւնները բարի լուր են տալիս մեզ, ըստ Տիրոջ խօսքի՝ «Մի վախեցէք, որովհետեւ ես ձեզ հետ եմ մինչեւ աշխարհի վախճանը»:

Վերջում Հայր Սուրբը յորդորեց հաւատաւոր ժողովրդին աղօթել եւ կրկին անգամ նորոգել հաւատարմութիւնը Հայր Աստծու խոստումի նկատմամբ ու շարականագրի խօսքերով ասել՝ «Անշարժ պահէա՛յ զաթոռ Հայկազնէայց»:

Պատարագի աւարտին, հանդիսապետութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարուեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգեւոր դասն ու ներկայ ժողովուրդն աղօթեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանութեան ու յաւէրժ պայծառութեան համար:


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները