Թեմ
Հրապարակված է: 01/25/2019
Յունուարի 23-ին Առաջնորդարանիստ Սբ. Ղեւոնդեանց Մայր Տաճարի Զօրայեան թանգարանի սրահում տեղի ունեցաւ Դոկտ. Ռուբինա Փիրումեանի գրական գործունէութեանը նուիրուած երեկոյ, բարձր հովանաւորութեամբ եւ մասնակցութեամբ թեմի Առաջնորդ Սրբազան Յովնան Արք. Տէրտէրեանի։
ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆ – պատմաբան, Ցեղասպանութեան, հայ գրականութեան մասնագէտ։ Դոկտորի աստիճան ստացել է UCLA-ի Միջին Արեւելեան Լեզուների եւ մշակոյթների բաժանմունքից՝ մասնագիտանալով հայագիտութեան մէջ։ Դասաւանդել է Հայ Դատ, հայոց լեզու, գրականութիւն, համեմատական ցեղասպանութիւն։ Մասնակցել է միջազգային գիտաժողովների, հեղինակ է մի շարք մենագրութիւնների եւ յօդուածների։ Պատրաստել և հրատարակել է «Հայոց ցեղասպանութիւնը, 1915-1923. Ուղեցոյց աշակերտների և ուսուցիչների համար» (1988) դասագիրքը Կալիֆոռնիայի պետական դպրոցների, «Հայ դատ» ձեռնարկը՝ հայկական դպրոցների բարձր դասարանների (10, 11 և 12) աշակերտութեան համար։
Հանդիսութիւնը վարող՝ Առաջնորդարանի ծրագրերի պատասխանատու Պրն. Տիրան Աւագեանը ներկայացրեց Դոկտ. Ռուբինա Փիրումեանի կենսագրական ու գիտական գործունէութեան հիմնական գծերը։ Ռ. Փիրումեանը ծնուել է 1936 թ. Թաւրիզում: 1960 թուականին աւարտել է Թեհրանի պետական համալսարանի ճարտարագիտութեան ֆակուլտետը։ 1978 թ. տեղափոխուել է ԱՄՆ, ուր հայոց լեզու և գրականութիւն է դասաւանդել Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես) միջին-արևելեան լեզուների ֆակուլտետում։ Տիրան Աւագեանը հայագէտին բնորոշեց յատկապէս «կրթանուէր» բնորոշումով։
Դոկտ. Ռուբնիա Փիրումեանի գիտական, գրական գործունէութիւնը համապարփակ ու լայն ընդգրկումով ներկայացրեց Պրոֆ. Պիտեր Քաուին, նշելով, որ Ռուբինա Փիրումեանի բոլոր ուսումնասիրութիւններն ունեն գիտական որոշակի արժէք, բարձրացնում են հայոց Ցեղասպանութեան հարցերը զանազան կողմերից։ Բանախօսը մանրամասն վերլուծեց Ռուբինա Փիրումեանի «The Armenian Literary Responses to Catastrophe. Competed to the Jewish Experience» (LA, 1993), «Հայ դատ» (Լոս Անջելէս, 1990), «Հայաստանը Հ.Յ.Դ. - բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում (1917-1921 թթ.)» (Երեւան, 1997), «Հայկական հարցի պատմութիւն» (Երեւան, 2002) եւ միւս աշխատութիւնները։
Յիշատակելի է հայ գրականութեան պարբերացման հեղինակի մօտեցումը, որի մասին խօսեց Պրոֆ Քաուին։ Հայ գրականութիւնը որպէս հայելի ցոլացնում է իր հայրենի հողից աքսորուած հայ ժողովուրդի նահատակութիւնը: Եւ Ռուբինա Փիրումեանն իր «Հայոց ցեղասպանութիւնը գրականութեան մէջ» խորագրով ուսումնասիրութեան մէջ յետ-եղեռնեան գրողներին բաժանում է երկու խմբի։ Առաջին խմբի մէջ նրանք են, որ 1915 թուականից առաջ արդեն գրական վաստակ ունէին, ինչպէս՝ Զապէլ Եսայեան, Վահան Թէքէեան, Յակոբ Օշական, Շահան Նաթալի, Կոստան Զարեան եւ այլք: Երկրորդ խումբի գրողները, որոնց կոչում է «անապատի որբեր», գրել սկսել են 1915 թուականից յետոյ` Հրաչ Զարդարեան, Բենիամին Նուրիկեան, Համաստեղ, Շաւարշ Նարդունի, Վահէ Հայկ, Արամ Հայկազ, Վազգէն Շուշանեան, Նիկողոս Սարաֆեան, Զարեհ Որբունի, Շահան Շահնուր, Անդրանիկ Ծառուկեան, Մուշեղ Իշխան եւ այլք։ Մեր գրաւոր մշակոյթն ու առհասարակ միտքը ձեւաւորողներն են նշուած գրողները, որոնց, ի դէպ, իր ելոյթում յիշատակելով Տ. Յովնան Արք. Տէրտէրեանը նշեց, թէ մշտապէս ազդակներ պիտի առնել նրանցից՝ ազգային հարցերում ամուր լինելու եւ մեր խնդիրներն առաջ տանելու համար։
Տեսաուղերձով ողջոյնի իր խօսքն ու սրտամօտ գնահատականը ներկայացրեց Պրոֆ. Ռիչարդ Յովհաննիսեանը։
Հանդիսութեան ժամանակ ներկայացուեց նաեւ հեղինակի «Իմ Հայրը» յուշագրութիւնը։
Այն պատմում է Իրանում գործիչ Բաղդասար/Բաղդիկ Մինասեանի՝ խորհրդային ՆԿՎԴ-ի կողմից առևանգման, Գուլագում անցկացված 10 տարիների և այնտեղից ընտանիք վերադառնալու պատմութիւնը: Սա այն սերունդն է, որ ամենքիս սովորեցնում է աննահանջ պայքարել մեր նպատակների համար, երբէք չընկրկել ազատութեան ճանապարհին։ Երեկոյի մասնակիցներին եւ հիւրերին յուզումնալի պահեր պարգեւեցին Ռուբինա Փիրումեանի այդ աշխատութիւնց հատուածների ընթերցումները հայ երիտասարդների կողմից։
Յաւարտ հանդիսութեան ելույթ ունեցաւ եւ իր խօսքով երեկոն ամփոփեց Արեւմտեան թեմի առաջնորդ Գեր. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանը։ «Այս ամէնը խիստ անհրաժեշտ է առաջին հերթին մեզ ամենքիս՝ մեր ընթացքն ամուր պահել կարողանալու համար։ Լսելով Ռուբինա Փիրումեանի հայրիկի պատմութիւնը՝ կարծես վերապրեցինք այն եւ անցանք նրա տառապանքի ողջ ճանապարհներով՝ Թավրիզից մինչեւ Սիբիր եւ մինչեւ հայրենիք», իր խօսքում նշեց Սրբազան Հայրը։
Թեմի Առաջնորդ Յովնան Սրբազանի օրհնութեամբ աւարտուեց Դոկտ. Ռուբինա Փիրումեանին նուիրուած երեկոն՝ հեղինակին մաղթելով երկար տարիներ հայ գիտութեանն ու մշակոյթին առողջապէս ծառայելու կարողութիւն եւ նոր արդիւնքներ։