Նվիրաբերել

Արեւմտեան Թեմի Հովանաւորած Ծրագրերը Հայաստանում, Արցախում, Ամն-Ում Եւ Այլուր

Թեմ

Հրապարակված է: 01/18/2019


ԱՐԵՒՄՏԵԱՆ ԹԵՄԻ ՀՈՎԱՆԱՒՈՐԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԱՐՑԱԽՈՒՄ, ԱՄՆ-ՈՒՄ ԵՒ ԱՅԼՈՒՐ

Շարունակում ենք ներկայացնել Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի առաջնորդութեամբ Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի՝ 2018 թուականի ընթացքում հովանաւորած ծրագրերը Հայաստանում, Արցախում, Միացեալ Նահանգներում եւ այլուր։ Դրանք ունեն հոգեւոր, կրթական, բարեգործական, գիտական եւ այլ ուղղուածութիւններ, որոնք բոլորն էլ նպաստում են մեր եկեղեցական եւ ազգային խնդիրների լուծմանը։

ՀԱՌԻՃԱՎԱՆՔԻ «ԹՐԲԱՆՃԵԱՆ ԸՆԾԱՅԱՐԱՆ»

Հառիճավանքի դպրոցը վերաբացուեց 2012 թուականին Արեւմտեան թեմի, Թրբանճեան ամուսինների եւ անձամբ Առաջնորդ Սրբազան Հօր հոգածութեան ներքոյ։ Արեւմտեան թեմը շարունակում է իր հովանաւորութեան տակ պահել պահել դպրոց-ընծայարանը։

Հայաստանի Շիրակի մարզում գտնուող մեր յայտնի հոգեւոր ու կրթական կենտրոններից է Հառիճավանքը, որի դպրոցը յայտնի է դեռ 7-րդ դարից։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցուել է 1201 թ. Զաքարէ եւ Իւանէ Երկայնաբազուկների հրամանով, որ հպարտօրէն կանգուն է մինչ օրս։

Հառիճավանքի վանական համալիը։

Շատ աւանդութիւններ են պահպանուել մեր վանքերի, այդ թւում՝ Հառիճավանքի մասին։ Դրանցից մէկը պատմում է, թէ ինչպէս իշխանազուն մի օրիորդ սելջուկներից փախչելով պատսպարուել է Հառիճավանքին կից ժայռի վրայ կառուցած մատուռում, և երբ սելջուկները փորձել են տիրանալ օրիորդին, ժայռը երկու մասին է բաժանուել, և նման հրաշքից վախեցած սելջուկները մի կողմ են քաշուել և օրիորդը փրկուել է։

Հառիճավանքի մատուռը՝ տրոհուած ժայռի վրայ։

Միջնադարում Հառիճավանքը եղել է գրչութեան ու դպրութեան կենտրոն։ Աւելի ուշ՝ 1856 թ. հիասքանչ այս վանքում բացուել է կանոնաւոր դպրոց, որ Հառիճավանքի երկրորդ վերածնունդն էր։ Ըստ լուրերի՝ Գէորգ Դ կաթողիկոսը 1869 թ. այս դպրոցն այցելելուց յետոյ է յատկապէս որոշել Էջմիածնում բացել Գէորգեան ճեմարանը։ Մինչեւ 1917 թ. գործած Հառիճավանքի դպրոցում սովորել են բազմաթիւ նշանաւոր անձինք, այդ թւում՝ Աւետիք Իսահակեանը, անուանի հայագէտներ Երուանդ Տէր Մինասեանը, Կարապետ Կոստանեանցը եւ այլք։

2012 թուականը մի նոր վերածնունդ եղաւ Հառիճավանքի դպրոցի համար։ Արեւմտեան թեմի հովանու ներքոյ Հառիճավանքին կից ամբողջովին նորոգուեց եւ սաների կեցութեան եւ ուսման համար նախապեսուած անհրաժեշտ բոլոր պարագաներով ապահովուեց ու բացուեց «Թրբանճեան ընծայարանը»։ Տողերիս հեղինակն առիթներ ունեցել է այցելելու եւ տեսնելու ընծայարանի ուսումնական լսարանները, ննջարանները, գրադարանը եւ առհասարակ կենցաղային ապահով պայմաններն ու ընդհանուր մթնոլորտն ու վճիտ բնութիւնն ու օդը, որ միայն տրամադրում են սովորելու եւ խոկումների։

«Թրբանճեան ընծայարանի» ուսումնական մասնաշէնքը։

Ընծայարանն ունի Հայաստանի աւագ դպրոցի կարգավիճակ, գործում է Ս. Էջմիածնի Գեւորգեան հոգեւոր ճեմարանին կից, ուր այսօր գիշերօթիկ հիմունքով ուսանում են տասնեակ սաներ, որոնց մեծ մասը աւարտելուց յետոյ ուսումը շարունակում են Էջմիածնի Գէորգեան ճեմարանում, այսինքն՝ կրթութեան հետ մէկտեղ Թրբանճեան ընծայարանը նաեւ առաջին սերմերն է ցանում հոգեւոր հաստատութիւններում ուսանել ցանկացող սաների սրտում։

Մի շարք այցելութիւններ է ունեցել Առաջնորդ Սրբազան Հայրը Հառիճավանք։ Մասնաւորապէս 2015 թուականին Սրբազանն անձամբ էր այցելել ընծայարան՝ 500 օրինակ գրքեր նուիրաբերելով գրադարանին։ «Խորագոյն տպաւորութիւն ստացայ, յատկապէս պատանիների մտքի արթնութիւնից ու պայծառատեսութիւնից`  հոգևոր կեանքի նկատմամբ, ինչը խանդավառեց մեզ: Մենք սաների մէջ քաջութիւն, համարձակութիւն ու կոչում տեսանք՝ ապագան հոգևորի հետ կապելու իրենց որոշման մեջ: Միայն լաւ, կիրթ ու պատրաստուած հոգևորականների շնորհիւ կը կարողանանք պայքարել աղանդաւորական շարժման դէմ, ինչը սկիզբ առաւ հոգևորականների պակասի պատճառով, բայց, յուրախութիւն բոլորիս, Վեհափառ Հայրապետի հոգևոր կրթական հաստատութիւնների հզօրացման ծրագիրը զինուորագրեց նորանոր հոգևորականների՝ ի նպաստ Հայ Առաքելական եկեղեցու հզօրացման», գերաշնորհ Յովնան Արք. Տէրտէրեանի խօսքը փոխանցել էր Արմենպրես լրատու գործակալութիւնը։

Այսօր արդեն Գէորգեան ճեմարան են ընդունուել ընծայարանի բազմաթիւ սաներ։ Ընծայարանի տեսուչն է Տ. Ղեւոնդ Աբեղայ Սաղաթելեանը, ընծայարանը ներկայիս ունի 29 սան։

Տ. Յովնան Արք. Տէրտէրեանը «Թրբանճեան ընծայարանի» սաների հետ։

2018 թուականի ընթացքում Արեւմտեան թեմը շարունակեց իր հիմնարար աջակցութիւնը «Թրբանճեան ընծայարանին»՝ յատկացնելով սաների եւ առհասարակ կեցութեան, ուսման, սնունդի եւ այլ կարիքների համար անհրաժեշտ միջոցներ։

«Թրբանճեան ընծայարանի» սաները, լուսանկարը՝ Արմենպրեսի։

«Թրբանճեան ընծայարանի» կայքէջ՝

https://www.facebook.com/Հառիճավանքի-Թրբանճյան-ընծայարան-454417571690315/ 


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները