Թեմ
Հրապարակված է: 12/07/2018
Դեկտեմբերի 7-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Յովհաննէս Մկրտիչ եւ Ս. Վարդան մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ կատարուեց հոգեհանգստեան արարողութիւն 1988 թ. երկրաշարժի զոհերի հոգիների հանգստութեան համար:
Արարողութեանը ներկայ էին Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը եւ տիկին Նունէ Սարգսեանը:
Մինչ արարողութիւնը խօսքով հանդէս եկաւ Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների բաժնի պատասխանատու Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը` անդրադառնալով մեր ժողովրդին աղէտալի երկրաշարժի պատճառած ծանր կորուստներին եւ առ այսօր դեռ ամբողջութեամբ չյաղթահարուած հետեւանքներին:
Հոգեհանգստեան կարգի ընթացքում Մայր Աթոռի միաբանութիւնը Վեհափառ Հայրապետի գլխաւորութեամբ աղօթեց նաեւ օրերս զոհուած օդաչուներ փոխգնդապետ Արմէն Բաբայեանի ու մայոր Մովսէս Մանուկեանի եւ զինծառայող Հայկ Քարամեանի հոգիների խաղաղութեան համար: