Թեմ
Հրապարակված է: 10/26/2018
Թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ․ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի նախագահությամբ, շաբաթ, Հոկտեմբերի 20-ին, Քրեսենթա Հովիտի Սրբոց Առաքելոց Հայց. Եկեղեցում՝ Հոգևոր Հովիվ՝ Արժ․ Տ, Ավետիս Քահանա Աբովյանի և Ծխական Խորհրդի կազմակերպությամբ տեղի ունեցավ ճաշկերույթ-հանդիսություն նվիրված եկեղեցու հիմնադրման 30-ամյակին։ Այս առթիվ Սրբազան Հայրը տեսանյութում իր շնորհավորական խոսքն էր ուղղել ներկաներին և Հոգևոր Հովվին։
Այդ առթիվ հրավիրված էին այն հոգևորականներն ու անդամները, որոնք 30 տարիների ընթացքում իրենց լուման էին ներդրել Ծուխի բարգավաճմանն ու ծաղկմանը։ 1988 թվականին հիմնադրված Ծուխը ունեցել է հինգ Հոգևոր Հովիվներ՝ Արժ․ Կոմիտաս Ավագ Քահանա Շիրինյանը (այժմ հանգուցյալ), Արժ․ Տ․ Զավեն Ավագ Քահանա Դեմիրճյանը, Արժ․ Դավիթ Քահանա Զելվեյանը (այժմ հանգուցյալ), Արժ․ Տ․ Հովսեփ Ավագ Քահանա Հակոբյանը և ներկայիս Հոգևոր Հովիվ՝ Արժ․ Տ․ Ավետիս Քահանա Աբովյանը։
Հոգևորականներից ներկա էին՝ Տ․ Շնորհք Ավագ Քահանա Դեմիրճյանը Տիրամոր հետ միասին, քանի որ Տեր Զավենը հիվանդ էր, Տ․ Հովսեփ Ավագ Քահանա Հակոբյանը երեցկնոջ հետ, Երեցկին Շուշան Զելվեյանը իր ընտանիքի հետ։ Բացակա էին վախճանյալ Տ․ Կոմիտասի հարազատները։ Ներկա էր նաև Ծուխի առաջին Ծխական Խորհրդի Ատենապետ՝ Պրն․ Խաչիկ Ջանոյանը իր տիկնոջ հետ։
Տեր Ավետիսի հանդիսապետությամբ սկսված ճաշկերույթ-հանդիսությունը կազմակերպված էր հրաշալի կերպով։ Տեր Հայրը ապակիով պատրաստված եկեղեցու արձանով գնահատեց մի քանի ծառայողների։ Արձանները հանձնելուց առաջ կատարվեց փոքրիկ արարողություն, որի ընթացքում Տեր Հայրը ընթերցեց Հովհաննես Առաքյալի "Աստված սեր է" խրատական խոսքը։ Ապա ցույց տրվեց մի տեսանյութ, որը պատրաստված էր շատ ճաշակով և լի հուշերով։ Ներկաներից ոմանք ելույթ ունեցան պատմելով իրենց հուշերը։
30-Ամյակի կարկանդակը կտրեցին ներկա երեցկինները։ Ապա "Պահպանիչ"-ով և "Հայր մեր" Տերունական աղոթքով ավարտվեց այս գեղեցիկ ու նույնիսկ կարելի է ասել հուզիչ ճաշկերությ-հանդիսությունը։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ՏԵՐ ԱՎԵՏԻՍԻՆ ԵՎ ԻՐԵՆ ՕԳՆՈՂ ԾԽԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԵՎ ՏԻԿՆԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՈՒՀԻՆԵՐԻՆ։ Բոլորիդ վարձքը կատար։