Նվիրաբերել

Տեղի Ունեցաւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Եւ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Հովուապետերի Հանդիպումը

Թեմ

Հրապարակված է: 10/24/2018


Տեղի ունեցաւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու եւ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու հովուապետերի հանդիպումը

Հոկտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում ունեցաւ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Պապի հետ:

Նախ տեղի ունեցաւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Հռոմի Սրբազան Քահանայապետի առանձնազրոյցը, որից յետոյ հանդիպումը Վեհափառ Հայրապետի պատուիրակութեան հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարուեց երկու Եկեղեցիների միջեւ առկայ ջերմ եղբայրական յարաբերութիւններին ու համագործակցութեանը:  Արծարծուեցին Մերձաւոր Արեւելքում քրիստոնէական համայնքների խնդիրներին, Երուսաղէմում Եկեղեցիների իրաւունքներին վերաբերող հարցեր:

Ընդգծուեց մարդկութեան առջեւ ծառացած ժամանակակից մարտահրաւէրների յաղթահարման գործում, աշխարհում խաղաղութեանն ու համերաշխութեան հաստատմանն ի խնդիր Քրիստոնէական Եկեղեցիների գործակցութեան առաւել խթանման եւ ջանքերի մէկտեղման անհրաժեշտութիւնը:

Զրոյցի ընթացքում խօսուեց նաեւ Հայաստանում տեղ գտած վերջին քաղաքական զարգացումների, երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրների յաղթահարման  ուղղութեամբ ձեռնարկուող քայլերի մասին:

Նոյն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպումներ ունեցաւ նաեւ Կաթոլիկ Եկեղեցու Արեւելեան Եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լէոնարդոյ Սանդրիի եւ Քրիստոնէական միութեան քահանայապետական խորհրդի նախագահ Նորին Սրբազնութիւն կարդինալ Կուրտ Կոխի հետ: Խօսուեց երկու Եկեղեցիների միջեւ կապերի զօրացման ուղիների, Արեւելեան Ուղղափառ-Կաթոլիկ երկխօսութեան շրջանակներում տեղի ունեցող հանդիպումների եւ համատեղ իրականացուելիք ծրագրերի մասին:


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները