Թեմ
Հրապարակված է: 05/29/2018
Մայիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի ուխտաւորների` ուղեկցութեամբ Օքլենդ քաղաքի (Կալիֆորնիա) Ս. Վարդան եկեղեցու հոգեւոր հովիւ Արժանապատիւ Տ. Յովել քահանայ Օհանեանի:
Տէր Յովելը, հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութիւնը եւ ներկայացնելով համայն հայութեան հոգեւոր կենտրոն ժամանած թուով 20 ուխտաւորներին, տեղեկացրեց, որ նրանց այցի նպատակն է մանակցել Հայաստանի առաջին Հանրապետութեան 100-ամեակի եւ Սարդարապատի հերոսամարտերի տօնակատարութիւններին:
Այնուհետեւ Նորին Սրբութիւնն իր հայրապետական սէրն ու օրհնութիւնը բերեց ուխտաւորներին՝ մեծապէս արժեւորելով այսօրինակ ուխտագնացութիւնները, որոնք հոգեւոր առումով մեծ խթան են հանդիսանում քրիստոնէական արժեհամակարգով դատիարակուելու գործում յատկապէս հայրնիքից դուրս հաստատուած հայորդիների համար:
Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետն ուրախութեամբ արձանագրեց այն սերտ կապը, որ Սփիւռքում առկայ է հոգեւորականի ու համայնքի անդամների միջեւ:
Վերջում, վերստին իր հայրական բարեմաղթանքները յայտնելով ամէնքին, Նորին Սրբութիւնը կարեւոր նկատեց այն, որ հեռաւոր երկրներում ապրող հայորդիները մշտապէս ցանկութիւն եւ պատրաստակամութիւն են յայտնում պարբերաբար հայրենիք գալու եւ զօրանալով, ներշնչուելով ու ամրանալով՝ վերադառնալու իրենց ընտանիքներ:
Հանդիպմանը Հայոց Հովուապետը պատասխանեց նաեւ ուխտաւորներին յուզող տարբեր հարցերի, որոնք առնչւում էին Հայ Եկեղեցու առաքելութեանն ու հայ ժողովրդին: